26.10.2012 20:11

Ադրբեջանը Հայաստանից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում իր մարզիկների համար

Ադրբեջանը Հայաստանից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում իր մարզիկների համար

Նոյեմբերի 25-ին Երեւանում մեկնարկելու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի հավաքականը: Հայտացուցակում ընդգրկված են 6 բռնցքամարտիկ եւ պատվիրակության 4 անդամ: Սակայն առայժմ վաղ է ասել, որ Ադրբեջանի հավաքականը Հայաստան կժամանի, քանի որ մրցաշարի կազմակերպիչները ադրբեջանական պատվիրակության անվտանգության գրավոր երաշխիքներ դեռեւս չեն ներկայացրել, հաղորդում է azerisport.com-ը:

Օրերս անվտանգության ապահովման մասին հայտարարել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության ներկայացուցիչը, սակայն՝ ըստ ադրբեջանական կայքի, դա դեռ բավարար չէ, որպեսզի ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան գա:

Ադրբեջանական կողմի պնդմամբ, անվտանգության երաշխիք պետք է միանգամից երեք կազմակերպություն ներկայացնի՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Սպորտի նախարարությունը եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հենց նման երաշխիքներ է ժամանակին տվել Ադրբեջանը, երբ հայ ըմբշամարտիկներն ու բռնցքամարտիկները հանդես են եկել Բաքվում կայացած աշխարհի առաջնություններում: Այժմ Ադրբեջանը անվտանգության համարժեք գրավոր երաշխիքներ է պահանջում: