26.10.2012 23:19

Չիկի Բեգիրիստայնի հայտնվելը «Մանչեստեր Սիթի»-ում և դրա հնարավոր հետևանքները

Չիկի Բեգիրիստայնի հայտնվելը «Մանչեստեր Սիթի»-ում և դրա հնարավոր հետևանքները

Այս շաբաթվա ընթացքում«Կատալոնիա ռադիո»-ն, տեղեկատվություն տարածեց այն մասին, որ  Չիկի Բեգիրիստայնը շատ մոտ է պայմանագիր ստորագրելուն անգլիական «Մանչեստեր Սիթի»-ի հետ, որտեղ նա կզբաղեցնի նույն սպորտային տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում էր նաև Բարսայում: Խոսակցություններն այն մասին, որ Բեգիրիստայնը կարող է աշխատանքի անցնել Սիթիում, սկսվեցին դեռ օգոստոսին, երբ Ֆերան Սորիանոն. ով նախկինում` Ժոան Լապորտայի օրոք, զբաղեցնում էր Բարսայի ֆինանսական փոխտնօրենի պաշտոնը, զբաղեցրեց  «քաղաքայիններ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: «Կատալոնիա ռադիո»-ն պնդում է, որ այսքանով Բարսայի նախկին պաշտոնյաների տեղափոխությունն Անգլիա չի ավարտվի. բասկի հետ Մանչեստեր է մեկնելու նաև Ժոան Պատսին, ով հանդիսանում էր Չիկիի աջ ձեռքը կատալոնյան ակումբում: Բացի նրանից Սորիանոն բանակցություններ է վարում մի շարք իր նախկին գործընկերների և Բարսայի մի քանի երիտասարդ ֆուտբոլսիտների` Տելյոյի, Սերխի Ռոբերտոյի և Ռաֆինյայի  հետ ևս: Հարկ է նշել, որ հենց Սորիանոյին են համարում 2003-ից ի վեր կատալոնական ակումբում տեղի ունեցած ֆինանսական բարալվումների գլխավոր «մեղավորը»:

Մանչինիի ապագան

Չնայած նրան, որ Սիթին բավականին հաջող է հանդես գալիս ներքին առաջնությունում, ՉԼ-ում, որը գլխավոր ֆինանսական աղբյուրը պետք է հանդիսանա շեյխերի համար, թիմի գործերը շատ ավելի վատ են ընթանում: Չորեքշաբթի օրը համեստ Ամստերդամի «Այաքս»-ից կրած պարտությունից հետո վերսկսեցին «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանչինիի հասցեին քննադատությունները, որտեղ շատերն արդեն իսկ պահանջում են նրա հրաժարականը, որպեսզի չկրկնվի անցյալ տարվա եվրոպական ձախողումը:

 

Ինչքան էլ որ քննադատեն Մանչինիին որպես մասնագետ, իտալացուն արդարացնելու համար պետք է հիշեցնել, որ ամռանը նա եվրոպական ասպարեզում ավելի մրցունակ լինելու համար ակումբի սեփականատեր Մանսուր Բին Զայեդ Ալ Նայանից պահանջում էր շարունակել մեծ գումարներ ներդնել տրանսֆերների համար: Սակայն արաբ շեյխը համարեց, որ թիմը արդեն բավականին մրցունակ է, և անցյալ մրցաշրջանների նման ահռելի գումարներ չծախսեց տրանսֆերների վրա: Այս ամռանը Սիթի տեղափոխված խաղացողներից կարելի է առանձնացնել 17 մլն £-ով ձեռք բերված Խավի Գարսիային, և ևս մեկ հենակետային Ջեկ Ռոդուելին, ում համար ծախսեցին 12 մլն £:

 

Հաշվի առնելով, որ Մանչինիի պահանջները ամբողջովին չբավարարվեցին. և այն որ ՉԼ-ում, արդեն երկրորդ տարին է, ինչ թիմի բախտը չի բերում և նրանք ընդգրկվում են «մահվան խմբում», Շեյխ Մանսուրը, հնարավոր է, մարզչի հարցում նորից չշտապի և սպասի մինչև մրցաշրջանի ավարտը, որտեղ, կախված թիմի հաջողություններից, կկայացնի իր որոշումը:

Ամեն դեպքում «Բարսելոնա»-ի նախկին ղեկավարների հաստատվելը Սիթիում բերում է այն մտքին, որ նրանք կփորձեն Մանսուրին համուզել թիմ հրավիրել Պեպ Գվարդիոլային, ով դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Չիկի Բեգիրիստայնը հանդիսանում է հենց այն անձնավորությունը, ով կարողացավ 2008-ին համոզել Ժոան Lապորտային մերժել Մարկ Ինգլայի առաջարկը, ով գրեթե համաձայնություն էր ձեռք բերել Մոուրինյոյի հետ, և ընտրել Պեպին: Պարզ է, որ շեյխ Մանսուրը Գվարդիոլայի հետ համաձայնության դեպքում պետք է պատրաստ լինի բավարարել «փիլիսոփա»-ի բոլոր քմահաճույքները: Այս դեպքում նրանք ոչ միայն կունենան լավագույն մասնագետներից մեկին, այլև «Պրեմիեր Լիգա»-ի իրենց գլխավոր մրցակիցների ձեռքից կփախցնեն Պեպին: Գաղտնիք չէ, որ և «Չելսի»-ում Աբրամովիչը շարունակում է երազել կատալոնացուն թիմ հրավիրելու մասին, իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ում Ֆերգյուսոնը միայն իր պաշտոնը Պեպին զիջելու դեպքում է պատրաստ անցնել վաստակած հանգստի: