27.10.2012 01:28

Տիգրան Սարգսյանի «ավետիսը». Ազգի 2/3-ը պոտենցիալ փող ներկրողներ են

Տիգրան Սարգսյանի «ավետիսը». Ազգի 2/3-ը պոտենցիալ փող ներկրողներ են

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում մեկնարկած «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովի բացմանը ելույթ է ունեցել, որտեղ, ըստ կառավարության մամուլլի ծառայության տարածած հաղորդագրության, մասնավորապես, նշել է.

«Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք հնարավոր են այս բնագավառում: Այդ տեսակետից, այս համաժողովն ունի կարևոր նշանակություն, քանի որ ձեր փորձը և գիտելիքները թույլ կտան վեր հանել դրամական փոխանցումների զարգացման առաջնային ուղղությունները»:

Սարգսյանն ուրիշ բաներ էլ է ասել՝ փողերի էլեկտրոնային կառավարման եւ այլնի մասին:

Ուշագրավ եւ հատկանշական է, սակայն, այն, որ վարչապետը, ասել է թե`տնտեսության գլխավոր համակարգողը, խոսելով ֆինանսական փոխանցումների մասին, ոչ առանց գոհունակության նշել է, որ հայ ժողովդրի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս, այսինքն՝ հանդիսանում է ուղիղ դրամական փոխանցումների միջոցով հանրապետություն պոտենցիալ «փող մտցնող»:

Այն, որ հայության մեծ մասն ապրում է արտերկրում, ունի իր հասկանալի պատճառները: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը տվյալ պահին Հայաստանի տարածքում իշխող օտար բռնապետությունների գործած կամայականությունների դեմ իր անհամաձայնությունը հայտնել է հիմնականում արտագաղթելու եղանակով: Բացառություն էր 19-րդ դարի վերջին քառորդից սկսած շրջանը, երբ հայերը գաղթում էին՝ փրկվելու ֆիզիկական բնաջնջումից, իսկ 1915-1923թթ. Մեծ Եղեռնի տարիներին մահվան քայլերթով ուղղակի լքում էին երկիրը թուրք զինվորականների ուղեկցությամբ:

Անկախության առաջին շրջանի արտագաղթը խորհրդային տնտեսության փլուզման, պարտադրված ազատագրական պատերազմի եւ երկկողմանի շրջափակման հետեւանք էր: Բայց անկախության հռչակումից 22, պատերազմական գործողությունների ավարտից 16 տարի անց, իշխանությունների հռչակած տնտեսական հաջողությունների ֆոնին արտագաղթը ոչ միայն կանգ չի առնում (հայրենադարձության մասին մտածելու համարձակություն անգամ չկա), այլեւ շարունակվում է նոր թափով՝ արյունաքամ անելով երկիրը:

«Հայաստանը համայն հայության տունն է», - պարբերաբար համերգում են Տիգրան Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչները: «Արի տուն»՝ ձայնակցում է թիմի «պրիմա մեներգչուհին»: Սակայն իշխող համակարգի ողջ փլիլիսոփայությունը թաքնված է երգչախմբի «դիրիժորի» այսօրվա «ավետիսի» մեջ՝ «Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն»: Իսկ խմբի «գեղարվեստական ղեկավարը», չկարողանալով թաքցնել իր նոստալժիկ զգացմունքները՝ շտապում է բոլորից շուտ, (ամբողջ 4 օր առաջ), բարեկամական ջերմ ողջույններով շնորհավորական բացիկ ուղարկել այն նույն երկրի պետական տոնի առթիվ, որի իրավանախորդների «բարեհաճությամբ» նաեւ «մեր ազգի 2/3-ն ապրում է արտերկրում»:

Այսինքն՝ իշխանությունը, ֆինանսիստ վարչապետի ակտիվ մասնակցությամբ, ոչ թե փորձում է տնտեսական ու քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի հայաստանցին օրվա հացի ու սոցիալական արդարության փնտրտուքով չմեկնի արտասահման, այլ ուղիներ է փնտրում, արդեն արտագաղթած եւ արտագաղթող մարդու՝ գովերգված բանկային համակարգի միջոցով Հայաստան մտնող փողերն իր պատկերացրած օպտիմալ ձեւով տնօրինելու համար:

Պետք է ընդունել, որ վարչապետը «168 ժամին» տված հայտնի հարցազրույցի ժամանակ այնքան էլ անկեղծ չէր, ավելի ճիշտ՝ ողջ ճշմարտությունը չէր ասում: Իրականում, վարչապետն ու իր բոսսը «կրիտիկական զանգվածի» արտագաղթը խրախուսում են ոչ միայն Հայաստանում հեղափոխությունը բացառելու նպատակով, այլեւ որովհետեւ արտագաղթող զանգվածի դրամական փոխանցումներից «փայ» են ակնկալում: Իսկ թե որքան մեծ է այդ փայը՝ դժվար չէ պատկերացնել. բացի նրանից, որ դրամական փոխանցումներից տոկոսներ են ստանում իշխանավորներին ու նրանց մերձավորներին պատկանող բանկերը, արտասահմանում ապրող իրենց հարազատներից փող ստացող հայաստանցիները ստացված միջոցները ծախսում են նույն մարդկանց պատկանող առեւտրի կետերում՝ գնելով նույն մարդկանց ներկրած ապրանքները:

Հ.Գ. Ըստ պաշտոնական տվյալների՝

2007-ին Հայաստանից մեկնել եւ այլեւս չի վերադարձել -3223  մարդ:

2008-ին` -23 հազար 59 մարդ:

2009-ին` -24 հազար 978 մարդ:

2010-ին` -54 հազար 240 մարդ:

2011-ին` -49 հազար 100 մարդ:

Այս տարվա հունվարին Հայաստանից գնացած եւ չվերադարձածների բացասական հաշվեկշիռը կազմել է 4219 մարդ,

փետրվարին` 10 հազար 175 մարդ,

մարտին` 13 հազար 704 մարդ,

ապրիլին` 29 հազար 222 մարդ,

մայիսին`20 հազար 894 մարդ,

հունիսին` 4340 մարդ,

հուլիսին` 9886 մարդ,

օգոստոսին` 7039 մարդ,

սեպտեմբերին` 6296 մարդ:

2012-ի բացասական սալդոն արդեն կազմել է 97 հազար 95 մարդ:

Այսիպիսով, 2007-ից մինչեւ 2012-ի հոկտեմբերը Հայաստանը լքել է շուրջ 251 հազար մարդ, կամ հանրապետության բնակչության գրեթե 10 տոկոսը:

 

Պանդուխտ Արարատյան