27.10.2012 02:25

Իշխանությունները 50 բաժակ «սեմուշկի» փող կտան

Իշխանությունները 50 բաժակ «սեմուշկի» փող կտան

 

Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագիծը: 2500 դրամով: Երկու հատ հազարանոցով ու մի 500 դրամանոցով: 25 անգամ գալուստսահակյանների երթուղայիններով երթեւեկելու գումարի չափով: Մի 25 հատ պոնչիկի գումարի չափով: 20 հատ հացի գումարի չափով: 50 բաժակ արեւածաղկի, իսկ կիսագրագետ իշխանությունների համար առավել հասկանալի լեզվով ասած` 50 բաժակ «սեմուշկի» գումարի չափով:  Իշխանությունների, եւ հատկապես հանրապետականների սիրած քյաբաբի ընդամենը մեկ բաժնի գումարի չափով, 250 տուփ լուցկու արժեքի չափով, 600 գրամ խոզի մսի գումարի չափով, 15 հատ մանկական տակդիրի գումարի չափով, 1 կգ ծիրանի գումարի չափով, 50 հատ հավկիթի գումարի չափով:

Բա եթե սա ծաղր չէ, ապա ի՞նչ է: Եթե որեւէ քաղաքացի այդ օրինագիծը հեղինակած, խորհրդարան բերած, այդ օրինագծին կողմ քվեարկած ցանկացած մեկին 2500 դրամ տա, վերջինս առնվազն կնեղանա` իրեն ծաղրելու համար: Ուրեմն, նույն այդ մարդիկ ինչպե՞ս են որոշել, որ կարող են նման ձեւով ծաղրել ուրիշներին: Եթե որեւէ հանրապետականի ասես` ձեռքիդ գումարը ամեն օր 2500 դրամ լինի, նա դա կհամարի անեծք: Ուրեմն, ինչպե՞ս են հանրապետականները որոշել, որ այն, ինչ իրենց համար անեծք է, Հայաստանի քաղաքացիների համար իբր «լավ բան է»: Իշխանությունները, որոնք թալանում եւ ապրում են ի հաշիվ այն բյուջեի, որը ձեւավորվում է այն հարկերով, որը մուծում են քաղաքացիները, որոշել են այդ նույն քաղաքացիներին թալանելուն զուգահեռ նաեւ ձեռ առնել: Պետական բյուջեի թալանումը, վատնումն ու հարստահարումը քրեորեն պատժելի արարք է, հանցագործություն: Բայց դրանից հետո ժողովրդին իբր լավություն անելու քողի տակ 2500 դրամով նվազագույն աշխատավարձի չափը ավելացնելը` արդեն կատարյալ ծաղր է: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասում է, թե բա գիտեք ի՞նչ կա, եթե հնարավորություն ունենայինք, 50 հազար կբարձրացնեինք: Բայց այժմ, ասում է նա, այդ հնարավորությունը չունենք: Սա հենց ցինիզմն է, որ կա: Բյուջեում այդքան գումար չկա՞: Եթե չկա, բարի եղեք շինարարության վրա վատնվող եւ անհետացող, պետական հիմնարկների վրա վատնվող, գործողումների եւ այլ շռայլությունների վրա անհարկի վատնվող գումարները խնայեք, եւ գումար անպայման կգտնեք: Գումա՞ր եք ուզում: Ուրեմն, Զորի Բալայանին կառավարության պահուստային ֆոնդից ամեն անգամ տասնյակ հազարավոր դոլարներով մի ֆինանսավորեք եւ մի ուղարկեք ծովերը ման գալու: Գումա՞ր եք ուզում: Հարցրեք` Սաշիկ Սարգսյանին, Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին, Ռոբերտ Քոչարյանին, Տիգրան Սարգսյանին, Գագիկ Խաչատրյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Հայաստանի գրեթե բոլոր գեներալներին ու հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին, նրանք ձեզ` պարոն Վաչե Գաբրիելյան, կհուշեն, թե ինչպես եւ որտեղից կարելի է գտնել գումար: Մեծ գումարներ: Միլոններ: Այն էլ`դոլար:

 

Պարգեւ Ապրեսյան