03.03.2014 15:45

iLur Բլոգ. Վերջին վհատվողը

iLur Բլոգ. Վերջին վհատվողը

Ռաֆայել Թեյմուրազյան

Հայտնի խոսք կա. «Չկա մոտիվ՝ չկա հանցանք» (խոսքը հոգեկան խնդիրներ ունեցողներին չի վերաբերում): Կարդում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի քննադատություններն ու հերթական անգամ նկատում, որ քննադատները մոռանում են նշել աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրվող առաջին նախագահի հերթական «հանցագործության» մոտիվը: Ենթադրենք՝ ճիշտ են բոլոր վերագրումները, բոլոր աղավաղումներն ու բոլոր պիտակավորումները: Մի՞թե այդքանից հետո հարց չի ծագում, թե ի՞նչ է այս մարդու շահածը: Նա չէ՞ր կարող հայհոյել Պուտինին, հայտարարել Եվրամիություն և ՆԱՏՕ մտնելու առաջնահերթության մասին, խոսել ռուսական զորքերն անհապաղ Հայաստանից հանելու, նախագահի նստավայրը գրոհելու և այլ «վճռական» քայլերի մասին: Հրաշալի հռետոր է (սա նույնիսկ նրան ատողները չեն վիճարկում), գերազանց տիրապետում է փաստերին: Ի՞նչն է, ուրեմն, զերծ պահում նրան «վճռականությունից»: «Բարեբախտաբար»` կյանքն այսօր արդեն մեզ հնարավորություն տվել է լինել երկու «զուգահեռ իրականություններում» և տեսնել, թե ինչպիսին էր լինելու նմանօրինակ վճռականության վախճանը:

Հենց այս օրերին Ուկրաինայում կատարվողը պիտի պարզ դարձներ ամեն բան, անգամ այն մարդկանց համար, ովքեր, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, չեն տիրապետում ոչ մի ռազմական գաղտնիքի, չունեն շփումներ Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Որևէ մեկը կասկածներ ունի՞ (անկեղծ), որ մեր մայդանի պատասխանը լինելու էր պատերազմն Արցախում: Տարբեր տրամաչափի ռուսաստանցի չինովնիկներն ու վերլուծաբանները չեն էլ թաքցնում սա: Ռուսաստանը նույնիսկ կարիք չի ունենալու զորք մտցնել Հայաստան, որովհետև Ուկրաինայի 5%-ի չափ մեր երկրում Ռուսաստանն ունի 4.000 զինվոր: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչի՞ վրա ենք հույսներս դնում: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան մեր փոխարեն չեն կռվելու, ինչպես չեն կռվելու Ուկրաինայի փոխարեն: Մենք Արևմուտքից չենք ստանալու նույնիսկ քաղաքական այն աջակցությունը, որն այսօր ունի Ուկրաինան: Այլ կերպ ասած՝ կտրուկ հակառուսականության, տեղական «Մայդանի» կամ եթե կուզեք՝ ազատության գինը մեզ համար Արցախն է (առնվազն):

Սա ամենևին չի նշանակում ռուսամետություն: Սա այլ անուն ունի. խելամտություն: Ճակատագրի հեգնանքով ժամանակին հենց Տեր-Պետրոսյանն է փորձել ազատել Հայաստանն այս կապանքից՝ փորձելով լուծել արցախյան հակամարտությունը: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, առաջին նախագահը բազում առիթներով հայտնել է իր համոզմունքը. առանց Արցախի խնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` Հայաստանը զարգանալ չի կարող: Այս մասին եղել են բազում ելույթներ, հարցազրույցներ, հոդվածներ՝ մանրամասնագույն հիմնավորումներով: Բայց այսօրվա քննադատների զգալի մասը ժամանակին լավագույն դեպքում ալարել է խորամուխ լինել դրանցում, հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Արցախը, որ Արցախի խնդիրն արդեն լուծված է, որ մենք 100 տարի էլ շրջափակված կզարգանանք, որ լավագույն լուծումը ստատուս քվոյի պահպանումն է և այլն: Այսօրվա վիճակը հենց ժամանակի «վճռականների» անպատասխանատվության և պոռոտախոսության արդյունք է: Բայց ինչպես ժամանակի, այնպես էլ այսօրվա «վճռականները» ոչ մի լուծում չեն առաջարկում: Եվ նույնիսկ անհուսալի թվացող այս դրության մեջ լուծման ուղիներ որոնողը դարձյալ նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ որպես վերջին վհատվող: Նման իրավիճակում հնարավոր չէ վիճարկել առաջարկվող լուծման լավ կամ վատ լինելը, քանի դեռ որևէ այլ տարբերակ չի դրվել սեղանի վրա: