27.10.2012 11:11

Հոկտեմբերի 27-ի առեղծվածը. Մոռացված փաստաթուղթ. «Անհապաղ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին»

Հոկտեմբերի 27-ի առեղծվածը. Մոռացված փաստաթուղթ. «Անհապաղ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին»

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 13-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ մեր ընթերցողներին ենք ներկայացնում անարդարացիորեն մոռացված, հույժ կարեւոր պատմական մի փաստաթուղթ։ Այն բողոքի ու զայրույթի մի ճիչ է՝ ուղղված Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ, որոնք, ըստ էության, բաց տեքստով մեղադրվում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության նախաքննությանը խանգարելու, խոչընդոտելու մեջ, պահանջվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Միասնություն» դաշինքի հայտարարությունն է դա, որն այդ պահին խորհրդարանական մեծամասնություն էր։ Փաստաթուղթն ստորագրված ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի եւ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի կողմից 2000թ. մարտի 3-ին։

 

«Միասնություն»  դաշինքի հայտարարությունը

(03 մարտի 2000թ.)

 

Վերջին օրերին միտումնավոր կրկին սրվում է լարվածությունը հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների քննության շուրջ: Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ տեղեկատվական ճնշում են գործադրում նախաքննությունը վարող քննչական խմբի և նրա ղեկավարի նկատմամբ, ձգտում են ապակողմնորոշել հասարակական կարծիքն ու զոհվածների հարազատներին:

Անթույլատրելի ենք համարում, որ այդ դատապարտելի գործընթացի «ազատամարտիկի» դերն ստանձնել է Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարության տակ գտնվող Ազգային հեռուստատեսությունը, չնայած մեր՝ նախկինում արված բազմաթիվ զգուշացումներին:

Վերսկսված քարոզչական արշավը հանգեցնելու է նոր ցնցումների, խորանալու է անվստահությունը պետական կառույցների և բարձրաստիճան կառույցների նկատմամբ: Հավասարապես դատապարտում ենք նման երևույթի կազմակերպումը և թույլատրումը:

«Միասնություն»  դաշինքը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, մասսայական լրատվության միջոցներին՝ չփորձել խոչընդոտել քննչական խմբի օրինական գործունեությունը:

Դաշինքը Հանրապետության նախագահից պահանջում է.

  1. Անհապաղ ապահովել բնական պայմաններ հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմինների գործունեության համար:
  2. Անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Սերժ Սարգսյանին, Ազգային Հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանին :

 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնակատար