04.03.2014 18:33

Անդրեյ Տարկովսկի. «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն»

Անդրեյ Տարկովսկի. «Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն»

Դեռևս կենդանության օրոք դասական ճանաչված բեմադրիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Տարկովսկին  ոչ միայն  ռուսական, այլև համաշխարհային կինոյի ամենաինքնատիպ և նորարար ռեժիսորներից մեկն է:  2014 թ. ապրիլի 4-ին նա կդառնար 82 տարեկան, սակայն նրա համար ընդամենը 54 տարվա կյանք էր սահմանված: «Իվանի մանկությունը», «Հայելի», «Անդրեյ Ռուբլյով», «Ստալկեր» և «Սոլյարիս» ֆիլմերի ստեղծողը վախճանվեց 1986 թ. դեկտեմբերի 29-ին: Ռեժիսորն ամեն մի նոր ֆիլմով ընդամենը բացահայտում կամ ուսումնասիրում է իր մեկընդմիշտ ընտրած թեման` մարդու հոգևոր և հոգեբանական աշխարհը: Նրա ստեղծագործություններում սեփական ժամանակն է, ապրած զգացումները` արտահայտված խորհրդանիշներով: Այն հոսող ջրի մեջ է, ծառերի փայտե երակների, քամու մեջ, որը տարուբերում է խոտերը` բարձր և տագնապահույզ: Աշխարհահռչակ ռեժիսորի խոհերը իր անցյալի, մանկության, կինոյի մասին, կարծում ենք, նորովի կբացահայտեն 20-րդ դարի մեծ նորարարին:

 

Մանկության, տան մասին

Մանկությունս շատ լավ եմ հիշում: Ինձ համար դրանք կյանքիս ամենակարևոր տարիներն էին: Երբ ես արդեն հասուն տարիքում էի, մանկության տարիների հիշողություններս ամենատպավորիչն էին… Ես ապրում էի մայրիկիս,տատիկիս ու քրոջս հետ: Մեր ընտանիքն առանց տղամարդու էր, և այս հանգամանքը էական ազդեցություն ունեցավ իմ բնավորության վրա: Ես հորս պակասն էի զգում: Երբ նա հեռացավ տնից, ընդամենը 3 տարեկան էի: Կյանքը բոլոր իմաստներով անսովոր դժվար էր: Սակայն, ամեն դեպքում, ես կյանքից շատ բան եմ ստացել:  Այն ամենն` ինչ ունեմ կյանքում. նրա համար, որ ռեժիսոր եմ դարձել, պարտական եմ մորս:

 

Հորս մասին

Իմ կյանքում հայրս հսկայական դեր է ունեցել, քանի որ նա պոետ էր… Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել և՛ նրա պոեզիան, և՛ ռուսական գրականության, և ընդհանրապես արվեստի հանդեպ ունեցած հայացքները: Իմ հայրը, անկասկած, այսօր ամենամեծ ռուս պոետն է, հսկայական հոգևոր լիցքով: Պոետ, որի համար կարևորը կյանքի ներքին հոգևոր կոնցեպցիան է: Նա երբեք չէր գրում, որ հայտնի դառնա: Ինձ հաճախ են հարցնում` չե՞մ ափսոսում, որ երաժիշտ, դիրիժոր  (ես կուզենայի դիրիժոր դառնալ) կամ նկարիչ չեմ դարձել: Այո, հիմա ափսոսում եմ: Ինձ թվում է` երաժշտությամբ զբաղվելն ինձ համար ավելի հեշտ կլիներ: Բայց մանկության տարիներին ես չէի ուզում ոչ երաժիշտ, ոչ էլ նկարիչ դառնալ: …Ես  քիչ էի մտածում: Ես ավելի շատ զգում էի և ամեն ինչ այդպես էլ ընկալում էի: Մանկությունը միշտ էլ գեղեցիկ է` որքան էլ որ մենք լավ կամ վատ ենք զգացել, այն ընդմիշտ մնում է մեր կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը:

 

Կինոյի մասին

Ես երբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոն: Շատերը, որ սովորում էին կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, արդեն գիտեին, թե ինչ է կինոն: Ինձ համար դա հանելուկ էր: Ավելին, կինեմատոգրաֆիայի ինստիտուտն ավարտելուց հետո արդեն բոլորովին չգիտեի, թե ինչ է կինոն. ես այն չէի զգում:Իմ կոչումն այդ գործում չէի տեսնում: Ես զգում էի, որ ինձ ինչ-որ մասնագիտություն են սովորեցրել, հասկանում էի, որ կա ինչ-որ հնարք այս մասնագիտությունում: Բայց, որ կինոյի միջոցով   հնարավոր է մոտենալ գրականությանը, պոեզիային, երաժշտությանը` չէի կարողանում զգալ: Ես սկսեցի նկարահանել «Իվանի մանկությունը» ֆիլմը, բայց իրականում չէի հասկանում` ինչ է ռեժիսուրան: Դա պոեզիայի հետ շփման փնտրտուք էր: Այս ֆիլմի նկարահանումից հետո զգացի, որ կինոյի շնորհիվ հնարավոր է շփվել հոգևոր ինչ-որ սուբստանցիայի հետ…   Ինձ ավելի հոգեհարազատ է միկրո, քան մակրո աշխարհը: Օրինակ, ես սիրում եմ սահմանափակված տարածությունը: Ինձ շատ է դուր գալիս տարածության հանդեպ ճապոնացիների վերաբերմունքը, փոքր տարածության մեջ անսահմանությունն արտացոլելու նրանց կարողությունը… Ջուրը ինձ համար` արտացոլում է: Գուցե այն ինչ-որ հնագույն հիշողություն է: Ջուրը, գետը, աղբյուրն ինձ շատ բան են պատմում…Կինոն «ամենադժբախտն» է արվեստներից…Կինոյից օգտվում են այնպես, ինչպես ծամոնից, ծխախոտից, այն իրերից, որոնք գնում են: Այդ իսկ պատճառով ընդունված է ասել` որպեսզի ֆիլմը լավը լինի, այն պետք է վաճառվի: Եթե մտածում ենք, որ կինոն արվեստ է, ապա այսպիսի մոտեցումն աբսուրդ է: Ես այն ռեժիսորներց չեմ, որոնք կարող են հպարտանալ իրենց կոմերցիոն հաջողություններով…  Այսօր մենք չենք կարող վստահ լինել, որ միլիոնավոր հանդիսատեսներ կդիտեն միայն լավ ֆիլմ:  Շատ դժվար է հանդիսատեսի կաշվի մեջ մտնել ու ֆիլմը նրա աչքերով նայել: Ինձ թվում է, որ պետք էլ  չէ: Միակ ճանապարհը դեպի հանդիսատեսը` ինքն իրեն հավատարիմ մնալն է:

 

Իմ , սիրո , կանանց, հայրենիքի, մարդկային փորձի մասին

Ես ոչ այնքան մտածում եմ իրականության մասին, որքան փորձում եմ այն զգալ. ես վերաբերում եմ նրան որպես բնության մի մասնիկի, որպես երեխայի… Ինձ թվում է, թե ես բավականաչափ չեմ սիրում ինձ և այդ իսկ պատճառով բավականաչափ չեմ սիրում նաև շրջապատի մարդկանց: Ես ունեմ մի շատ լուրջ թերություն`անհամբերությունը: Միշտ ուզում եմ դրանից ազատվել, բայց վախենում եմ, որ չեմ կարողանա… Ինձ չի բավարարում տարիքի հետ եկող համբերության զգացումը: Դրանից շատ եմ տառապում և մտածում, որ հենց դա է խանգարոմ ինձ` մարդկանց համակրանքով վերաբերվել: Ես հոգնել եմ մարդկանցից… Ես ուրախ մարդ չեմ, ինձ ծիծաղելը դուր չի գալիս… Ես ինձ դուր չեմ գալիս… Ինձ դժվար է պատկերացնել կանանց ներքին աշխարհը, բայց ինձ թվում է, որ այն պետք է կապված լինի տղամարդկանց  աշխարհի հետ: Միայնակ կինը նորմալ չէ: Եթե կնոջ աշխարհը հեռու է տղամարդու աշխարհից, ուրեմն նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն: Ես անչափ սիրում եմ իմ գյուղը, որը համարում եմ իմ հայրենիքը: Ես այն ավելի շատ եմ սիրում, քան Մոսկվան: Գիտեմ, որ կուզենայի ապրել բնությանը մոտ, բնության մեջ…

 

Ամենակարևորի մասին

Յուրաքանչյուր նկարիչ իր ժանրում առաջին հերթին փորձում է արտացոլել մարդու ներքնաշխարհը: Ինձ համար անսպասելիորեն ես հայտնաբերեցի, որ ամբողջ կյանքում զբաղվել եմ նույն գործով. փորձել եմ պատմել մարդու ներքին կոնֆլիկտի մասին: Այդ կոնֆլիկտը կա հոգևորի և նյութականի, հոգևոր պահանջմունքների և այս նյութական աշխարհում գոյության պահպանման անհրաժեշտության միջև: Այս կոնֆլիկտն ամենակարևորն է, քանի որ դրանից է ամեն ինչ ծնվում` բոլոր կարգի խնդիրները, որոնք մենք  ունենում ենք կյանքի բոլոր գործընթացներում:  …Աշխարհի դեմքն արդեն փոխվել է: Ոչ ոք սրա հետ չի վիճում: Բայց ահա հարցը. «Եթե մարդը ամբողջ ժամանակ փորձել է փոխել աշխարհի դեմքը, ինչու է այդ աշխարհը հազարամյակներ հետո հայտնվել նման դրամատիկական իրադրության մեջ»: Պատճառն այն է, որ մինչ աշխարհի դեմքը փոխելը` մարդը պետք է փոխի իր  սեփական էությունը: …Ստացվում է` մենք ուզում ենք փոխել բոլորին, բայց չենք փոխվում ինքներս:

 

Վերջին խոսք

Ես չէի կարողանա ապրել, եթե իմանայի իմ կյանքի մասին ամեն ինչ: Հավանաբար, կյանքը կորցնում է իր իմաստը, եթե իմանում ես` ինչպես այն կավարտվի: Ես, իհարկե, նկատի ունեմ սեփական ճակատագիրը: Այս իրողության մեջ կա ինչ-որ անհավանական,  մարդկային կարողություններից վեր մեծահոգությունն ինչ-որ մեկի, ում առաջ մարդն իրեն մանուկ, անպաշտպան և միաժամանակ պաշտպանված է զգում:  Այս ամենը նրա համար է, որ մեր գիտելիքները լինեն ոչ լիարժեք, որպեսզի չխեղենք անսահմանությունը, որպեսզի հոյւս ունենանք:

Չիմացությունը վեհաշուք է, գիտելիքը` գռեհիկ: