13.09.2012 00:16

Եվրոպայի ձախերը պահանջում են բանտ վերադարձնել Սաֆարովին

Եվրոպայի ձախերը պահանջում են բանտ վերադարձնել Սաֆարովին

 Եվրոպական խորհրդարանի՝ «Եվրոպական միացյալ ձախերի կոնֆեդերատիվ միություն»/«Հյուսիսային կանաչ ձախերի» խմբակցությունը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման կապակցությամբ բանաձեւի նախագծի տեքստ է հրապարակել, որը պետք է քննարկման դրվի Եվրախորհրդարանի վաղվա նիստում: Նշենք, որ նախագիծը թվով երրորդն է թեմայի վերաբերյալ ԵԽ ներկայացված նախագծերի շարքում: Այն առանձնանում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները դատապարտող սուր ձեւակերպումներով:

Բանաձեւի ամբողջական տեքստի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

 

Եվրոպական խորհրդարանը,

- հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերյալ նախորդ, մասնավորապես՝ 2009-ի դեկտեմբերի 15-ի եւ 2011-ի մայիսի 12-ի՝ Ադրբեջանում կարծիքների ազատության վերաբերյալ ընդունված բանաձեւերը,

- հաշվի առնելով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ եվրոպական ընլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից 2012-ի սեպտեմբերի 3-ին Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ արված հայտարարությունները,

- հաշվի առնելով  Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի՝ 2012-ի սեպտեմբերի 4-ի հայտարարությունը,

-հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահող Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությունը,

-հաշվի առնելով սեփական կանոնադրության 122-րդ կանոնը,

 Այն պարագայում, երբ

Ա. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցության ընթացքում հայ սպային առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով 2006-ին հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 8 տարվա ազատազրկումից հետո Դատապարտյալների արտահանձնման մասին Կոնվենցիայի հիման վրա հանձնվեց Ադրբեջանին;

Բ. 2006-ին հունգարական դատարանը բացառեց նրա ազատ արձակումը մինչեւ ազատազրկման 30 տարին լրանալը՝ նկատի ունենալով հանցագործության ծանր բնույթը;

Գ. Ադրբեջան ժամանելու հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին եւ ներկայացրեց նրան որպես  ազգային հերոս, եւ բարձրացրեց նրա զինվորական կոչումը՝ լեյտենանտից մինչեւ մայոր, նրան փոխհատուցեց ազատազրկման 8 տարիների աշխատավարձը եւ բնակարան շնորհեց, 

Դ. Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները խախտել են <Սաֆարովին> բանտում պահելու մասին տված խոստումը, եւ  բողոքել է ազատ արձակման որոշոման դեմ՝ իբրեւ միջազգային իրավունքին հակասող,

Ե. Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական խորհրդարանը, ԵԽԽՎ-ը եւ ԵՄ կառավարություններն ու ԱՄՆ նախագահը լուրջ մտահոգություն են արտահայտել կատարվածի առնչությամբ,   

1. դատապարտում է Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ ներումը, ինչն իրենից միջազգային իրավունքի եւ միջազգային համաձայնագրերի խախտում է ներկայացնում:

2. պահանջում է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները հարգեն ԵՄ անդամ Հունգարիայի կայացրած՝ ցմահ ազատազրկման դատավճիռը, ինչպես նաեւ՝ հարգեն միջազգային իրավունքը եւ կրկին ազատազրկեն հանցագործ Ռամիլ Սաֆարովին; 

3. խնդրում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ զերծ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կմեծացնեն լարվածությունը, հատկապես՝  Լեռնային  Ղարաբաղի հակամարտության առումով;

4. հանձնարարում է իր Նախագահողին սույն բանաձեւը ներկայացնել Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատարին/Եվրահանձնաժողովի փոխնախագահին,անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին, Ադրբեջանի նախագահին եւ խորհրդարանին, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին: