08.03.2014 15:59

Վահագն Խաչատրյան. Մենք նոր տնտեսական ճգնաժամի մեջ ենք գտնվում

Վահագն Խաչատրյան. Մենք նոր տնտեսական ճգնաժամի մեջ ենք գտնվում

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի տնտեսական  հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը

- Պարոն Խաչատրյան, վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ուկրաինական դեպքերն ու ռուսական ռուբլու գոտու թուլացումը բացասական ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Դուք համամի՞տ եք այդ տեսակետին:

- Մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից այնքան մեծ է, եւ վերջին տարիներին, այս կառավարության վարած քաղաքականության հետեւանքով, այնքան է մեծացել, որ այնտեղ կատարվող ցանկացած իրադարձություն իր ազդեցությունն է ունենում նաեւ մեր երկրի տնտեսության վրա: Վերցրեք, թեկուզ, մասնավոր տրանսֆերտները, որոնք նախորդ տարի կազմել են 1 մլրդ 600 մլն դրամ: Այդ հանգամանքը բավարար է բոլորիս` նման եզրակացություն անելու համար: ԿԲ դրամավարկային քաղաքականության կանխատեսումներում եւս դրա մասին խոսք կար, չնայած՝ իրենք առավել քան մեղմ էին գնահատել ազդեցությունը: Ու սա այն դեպքում, երբ ՌԴ կառավարությունն ինքն էր պաշտոնապես` դեռ դեկտեմբերին հայտարարել ռուբլու արժեզրկման մասին, ամեն օր շուկայում գնելով 500 մլն դոլար: Սա նշանակում էր զգուշացում բոլորին, որ ՌԴ-ն նման քաղաքականություն է վարում, ու հարկավոր է միջոցներ ձեռք առնել: Բայց Հայաստանն այդքան հնարավորություն չունի համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար, որովհետեւ այսօրվա կառավարման համակարգի ռեսուրսները սպառված են, եւ իրենք որեւէ ձեւով չեն կարող տնտեսական լծակներով մեղմել ճգնաժամի ազդեցությունը շուկայում:

- Իշխանությունը չի՞ ուզում, թե չի կարող համապատասխան միջոցներ ձեռք առնել:

- Հասել ենք մի իրավիճակի, երբ արդեն իրենց ուզենալն անգամ կարեւոր չէ: Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ` իրենք ոչինչ չեն կարող անել: Անգամ վարչապետը Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասում էր, որ Հայաստանում խնդիրներ կան տնտեսական մրցակցության դաշտի առումով: Բայց այդ խնդիրները ստեղծել է ա՛յս կառավարությունը, ա՛յս կառավարման համակարգը: Ու եթե նման խնդիր կա, նշանակում է՝ իրենք իրենց տեղում չեն, պետք է հրաժարական տան: Այսինքն՝ այս համակարգը սպառված է եւ ի վիճակի չէ դիմակայել վերոհիշյալ բացասական երեւույթներին ու դրանց ազդեցություններին: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի տնտեսական համակարգի դիմադրողականությունը զրո է:

- Փաստորեն, չնայած այս իրավիճակին, մենք շարունակում ենք գնալ Մաքսային միություն, լավ իմանալով նաեւ Հայաստանի վրա այնտեղ տեղի ունեցող վայրիվերումների ու դրանց բացասական ազդեցությունների մասին: Այդ դեպքում ինչպե՞ս ենք գնում:

- Հարցադրումը շատ տեղին է: Այս պայմաններում հաշվի առեք նաեւ հարաբերությունները Ուկրաինայի հետ: Մաքսային միության տնտեսական հզորությունը պայմանավորված էր  Ուկրաինայի այնտեղ լինելով նաեւ: Պատահական չէ, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերից Ռուսաստանն այդքան զիջումներ արեց Ուկրաինային: ՄՄ կայացման առումով շատ մեծ է Ուկրաինայի դերը, դրան ավելացել է նաեւ Ռուսաստանի տնտեսական անկայունությունը, երբ ռուսական տարբեր ընկերությունների բաժնետոմսերը 15-20 տոկոս արժեզրկվեցին: Եվ հիմա` այդ պայմաններով գնալ Մաքսային միություն, նշանակում է՝ սպասվում է դրամի արժեզրկում, գնաճ: Մենք ավելի լուրջ խնդիրների մեջ ենք ընկնելու: Գործող իշխանությունը չի հաշվարկել այս ամենը, պատրաստ էլ չի հաշվարկի, ավելին՝ նրան չեն հետաքրքրում նման խնդիրները, որովհետեւ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի նկատմամբ նրանց պատասխանատվության աստիճանը հավասար է զրոյի: Դա երեւում է նաեւ նրանց հայտարարություններից:

- Հայաստանին այսքանից հետո ի՞նչ է սպասվում` Ձեր կարծիքով:

- Նույնը` ինչ Ռուսաստանին, բայց՝ ավելի վատ պայմաններով: Մենք նոր տնտեսական ճգնաժամի մեջ ենք գտնվում: Այնպես որ, լավ սցենար չի սպասվում:

Արման Գալոյան