10.03.2014 17:34

Շալանդ. Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է լուծել բարդ խնդիրներ

Շալանդ. Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է լուծել բարդ խնդիրներ

Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է լուծել բարդ խնդիրներ: Այսօր Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:

«Այսօր մեր թիմը չի կարողանում դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, բայց վաղը դա հնարավոր կլինի: Ես ուսումնասիրել եմ նախորդ մրցաշրջանի բոլոր խաղերը, և կարող եմ ասել, որ Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ դուրս գալուն մեզ բաժանում էր ընդամենը 3 միավոր, որոնք կորցվեցին Մալթայի հետ հանդիպմանը», - ասել է մարզիչը: Ընդունելով Հայաստանի հավաքականի պաշտպանության հետ կապված պրոբլեմները՝ Շալանդը նշել է, որ այն կարելի է վերացնել արտասահմանից նոր ուժեղ պաշտպանների հրավերելու միջոցով: Իսկ եթե փնտրտունքները հաջողություն չունենան, ապա հավաքականի մարզիչը մտադիր է աշխատել եղած կադրերի հետ: Շվեյցարացի մասնագետը համոզված է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ողջ թիմին, այլ ոչ միայն պաշտպանությանը: Այս առումով նա գտնում է, որ անգամ Տյագո Սիլվայի մակարդակի պաշտպաններ ունենալու դեպքում էլ հարձակվողները պետք է ետ նահանջեն ու կատարեն նրանց ֆունկցիաները:

 

«Ինչ վերաբերվում է մեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակին Ռուսաստանի հետ հանդիպման ընթացքում, ապա կարող եմ ասել, որ այն լավ էր: Հայաստանն այդ խաղում վազել է 116 կմ, իսկ Ռուսաստանը` 122 կմ: Անհնար է նման մակարդակի խաղում 6 կմ պակաս վազել և հաղթել: Մեր հավաքականն ի վիճակի է հաղթել, եթե գործի դրվի ողջ ներուժը և հնարավորությունները»,-նշել է մարզիչը: Վերջում Շալանդը հաղորդել է, որ մտադիր է մայիսից կնոջ հետ բնակվել Հայաստանում, որպեսզի հավաքականին դուրս բերի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

 

Նշենք, որ շվեյցարացի մասնագետի պայմանագիրը կնքված է 2 տարով: Շալանդի մարզչական կարիերան սկսվել է 1977 թվականին: Մինչև 1995 թվականը նա մարզել է «Իվերդոն», «Յանգ Բոյզ» և «Սերվետ» ակումբները: 1995-2001 թվականներին աշխատել է Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիայում: 2001 – ից մինչև 2007 թվականը գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, որի հետ հասել է մինչև Եվբրո-2002-ի կիսաեզրափակիչ: Այնուհետեւ նա ղեկավարել «Ցյուրիխ» ակումբը, որի հետ 2008 թվականին դարձել է Շվեյցարիայի առաջնության ոսկե մեդալակիր, իսկ 2009 թվականին նա ճանաչվել է Տարվա լավագույն մարզիչը: Շալանդի օգնականները կլինեն հայ ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Արթուր Մկրտչյանը: Հատկանշական է, որ շվեյցարացու թեկնածությունը հուշել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը: Շալանդի առջև ՀՖՖ նպատակ է դրել Հայաստանի հավաքականը դուրս բերել Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ: Ի դեպ, հիշեցնենք, որ մեր հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Սերբիայի, Ալբանիայի և Դանիայի հավաքականների հետ: