10.03.2014 21:07

Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հնարավոր չէ՝ առանց Իրանի քաղաքական կամքի

 Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հնարավոր չէ՝ առանց Իրանի քաղաքական կամքի

Առանց Իրանի մասնակցության և քաղաքական կամքի՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկուշաբթի Թեհրանում շահիդների օրվա առթիվ շահիդների ընտանիքների հետ հանդիպմանը,  փոխանցում է իրանական Mehr  լրատվական գործակալությունը:

Ռոուհանին Իրանն անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը: «Մի ժամանակ թշնամին կարծում էր, թե Իրանը թույլ երկիր է, և ինքը կարող է ոչնչացնել այն, սակայն հիմա յուրաքանչյուրի համար պարզ է դարձել, որ Իրանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է»,- ընդգծել է այդ երկրի ղեկավարը:

Անդրադառնալով վերջին ամիսներին երկրի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» բանագնացների հետ բանկցություններում գրանցված հաջողություններին՝ Ռոուհանին նշել է, որ եկող տարի (Իրանում նոր տարին սկսվում է մարտի 21-ին) այդ բնագավառում որոշակի աշխատանք  կկատարվի:

2013 թ. նոյեմբերին Թեհրանը և միջնորդների «վեցյակը» պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի միջուկային ծրագիրը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ՝ երկրի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու դիմաց: Համաձայնագրի իրականացմանը կողմերը ձեռնամուխ են եղել հունվարի 20-ին: Փոխանցում է Trend-ը: