13.03.2014 10:30

«Հարցազրույց Հայաստանի հետ». Վահե Գրիգորյան. Իշխանությունը միշտ պատկանելու է ժողովրդին

«Հարցազրույց Հայաստանի հետ». Վահե Գրիգորյան. Իշխանությունը միշտ պատկանելու է ժողովրդին

Ժողովրդի իշխանության, քաղաքական առաջնորդության, Ազատության հրապարակի խորհրդի, սահմանադրական և հակասահմանադրական մարմինների, ապօրինի հրամանների, ԿԸՀ հակասահմանադրականության, իշխանության յուրացման, ինչպես նաև՝ Հայկազյան բառարանի, Dominum-ի և potestas-ի, Լեռի ու չաղ Արմանի, «Ի լուր»-ի Քրիստիկի մասին իրավաբան Վահե Գրիգորյանի հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը

Հատված 1. Իշխանությունը հնարավոր չէ ներբեռնել համացանցից

Վահե՛, իշխանություններ, իշխանություն ասելով՝ նկատի ենք ունենում իշխանության մարմինները. արդյո՞ք դա իրավական տեսակետից ճիշտ բառօգտագործում է: Որո՞նք են դրա ակունքները, և ի՞նչ հետևանքներ ունի դա: Ո՞րն է ավելի ճշգրիտ եզրաբանությունը:

Ցանկացած իրավական եզրի մեկնություն պետք է սկսվի դրա արտահայտման համար օգտագործված բառի կամ բառերի ստուգաբանությունից: Թեկուզև «իշխանություն» բառի ստուգաբանությանը մենք կարող ենք հանդիպել մեր նորագույն պատմության ընթացքում ստեղծված գրեթե բոլոր բացատրական բառարաններում, այդուհանդերձ՝ դրա համապարփակ և իմաստային սպառիչ նկարագրությունը, որ տրված է Հայկազյան բառարանում (Վենետիկ, 1836), մնում է անգերազանցելի: Համաձայն դրա՝ «իշխանություն» գոյականը մեր լեզվում ունի հետևյալ իմաստները և որակները ՝

Կարողություն(գործ և պատիվ իշխանի) և ազատ համարձակություն,

Հեղինակություն և տիրություն (լատիներեն՝ Auctoritas),

Պատիվ և արժանապատվություն (լատիներեն՝ Dignitas),

Առաջնորդություն (լատիներեն՝ Regimen),

Տերություն (լատիներեն՝ Dominium),

Զորություն (լատիներեն՝ Potestas):

Սրանցից բացի՝ Մխիթարյան միաբանության անդամ ուսումնասիրողները շարադրել են նաև «իշխանություն» բառի այլ իմաստներ՝ վերցրած կոնկրետ համատեքստից, իրենց քահանայական դիրքի բերումով՝ հիմնականում աստվածաշնչյան տեքստերից, և դրանք վերաբերում են «իշխանություն» բառի նեղ՝ աստվածաբանական երանգներին և այս հարցի հետ առնչություն չունեն: Ինչպես տեսնում ես, իմ նշած իմաստներից և որևէ մեկը չի վերաբերում առարկայական դրսևորում ունեցող երևույթի. դրանք բոլորն էլ վերաբերում են վերացական երևույթի՝ որպես դրա որակներ ու բնութագրիչներ:

Հետագայում՝ բոլշևիկյան բառապաշարի ազդեցությամբ, «իշխանություն» բառը սկսեց օգտագործվել նաև վարչակարգ, պաշտոնատար անձ/անձինք, պետություն իմաստներով: Այլ խոսքով՝ «իշխանություն» բառը իր բովանդակային նշանակությունը սկսեց զիջել իր ձևական-նյութական իմաստին, որն էլ մինչ հիմա գերիշխող է այս բառի նշանակությունների մեջ:

Այսօր, նույնիսկ բազմաթիվ փոփոխություններից հետո, եթե նայես, թե հայաստանյան օրենքներում «իշխանություն» բառն ինչ իմաստներով է օգտագործվում, ապա դեռ կարող ես հանդիպել «իշխանությունը զավթել»1 կամ «իշխանությունը պահել»2 արտահայտությունների, ինչից ակնհայտ է, որ նման նորմերի, օրինագծերի հեղինակների և ընդունողների համար դեռ մտածողության բոլշևիկյան կարծրատիպերի գերիշխող ազդեցություն կա իշխանություն երևույթի ընկալման տեսանկյունից: Նրանց նույնիսկ իրենց պաշտոնի ընձեռած փորձը չի օգնել մտափոխվել առ այն, որ ժողովրդի իշխանությունը (քանի որ Հայաստանի իշխանազորության տարածքում այլ սուբյեկտ չի կարող ունենալ իշխանություն՝ բացի ժողովրդից) հնարավոր չէ բռնությամբ վերցնել (ինչպես, օրինակ, զավթելու դեպքում), չվերադարձնել (ինչպես, օրինակ, պահելու դեպքում), դնել գրպանը, տանել տուն, թաքցնել ավտոտնակում, փակցնել կրծքին, ներբեռնել համացանցից և այլն: Սա իրապես ավազակի հոգեբանություն է, ըստ որի՝ ամենայն բարիք հնարավոր է բռնությամբ խլել, վերցնել, զավթել: Դա, իհարկե, այդպես չէ: Իշխանության բովանդակային և էական հատվածը հնարավոր չէ օտարել դրա աղբյուրից՝ ժողովրդից (ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասի), միայն՝ եթե դրա յուրացման մասին չէ խոսքը: Բայց սա արդեն բոլորովին այլ հանցակազմ է, մի առանձին  ընդարձակ քննարկման թեմա:

Եւ, ինչպես նկատեցիր, հիմա իշխանություն և իշխանություններ ասելով՝ հիմնականում նկատի են ունենում իշխանություն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես և  իշխանության իրականացման համար պատասխանատու քաղաքական խումբն ամբողջությամբ՝ ներառյալ դրա վերահսկողության տակ գտնվող մարմիններն ու պաշտոնատար անձինք: Կարծում եմ, որ բոլշևիկյան աշխարհայացքի ազդեցության գործոնից զատ՝ «իշխանություն» բառը դրա հիմնական նշանակությունից դուրս, այսինքն՝  պետական գործերի կառավարման համար պատասխանատվություն ստանձնած քաղաքական խմբավորմանը անվանելու համար օգտագործվում է նաև այն պատճառով, որ քաղաքական բառապաշարում դեռ այդ խմբի համապարփակ և սպառիչ իմաստն արտահայտող բառը ներդրված չէ: Կարծում եմ՝ մենք այս հարցում լեզվաբանների, ապա և լրագրողների օգնության կարիքն ունենք: Իրավունքի ոլորտում բառաստեղծ գործունեությունը շատ հազվադեպ պատահող գործ է: Իրավունքը հիմնականում օգտվում է գոյություն ունեցող, ավելին՝ լայնորեն գործածվող բառերից, քանի որ բառերի մեկնաբանությունը իրենց ունեցած սովորական իմաստներով իրավունքի հանրահայտ կանոններից մեկն է:

Կարծում եմ՝ պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքական ղեկավարում ստանձնած քաղաքական թիմին դիմելիս «իշխանություն» բառի գործածումը շարունակելը մարդկանց գիտակցության մեջ առաջացնելու է անորոշ ընկալումներ: Ավելին, դա հղի է նաև այն վտանգով, որ նման կերպ հանրային գիտակցության մեջ կարող է արմատավորվել պետության, պետական մարմինների և կառավարող վարչախմբի՝ իշխանություն լինել-ունենալու մտածելակերպը, ինչն ուղղակի հակասահմանադրական իրողություն է: Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում միշտ պատկանելու է ժողովրդին, նույնիսկ եթե դրա դեմ դավադրաբար միաբանեն գործադիր, դատական և օրենսդիր մարմինների ողջ համակարգը, ԶԼՄ-ները, քաղաքական և հասարակական կազմակերպությունները, ու նույնիսկ ինքը՝ ժողովուրդը, միաձայն հրաժարվի իր իշխանությունից, դա հնարավոր չի լինի իրագործել: Իշխանության՝ ժողովրդին պատկանելու մասին Սահմանադրության համապատասխան նորմը (Սահմանադրության 2-րդ հոդված, 1-ին մաս) փոփոխման ենթակա չէ (Սահմանադրություն, 114 հոդված): Այն նույնիսկ ժողովրդի կողմից փոփոխման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը միշտ պատկանելու է ժողովրդին, և այս կանոնին հակառակ՝ իշխանության պատկանելությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ խմբի կամ անձի, նամանավանդ այսօրվա վարչախմբին և նրա պարագլխին վերագրելը կարող է մարդկանց համար աղավաղել Հայաստանի Հանրապետությունում իշխանության՝ միայն ժողովրդին վերաբերող կարողության բացառիկության իրողության ընկալումը:

Այսպիսով, իշխանությունը, այս երևույթի խորքային-բովանդակային իմաստով (ինչպես քիչ առաջ նշեցի այս բառի իմաստները) դրա տիրոջ կարողության, նրա կամքի արտահայտման ազատ համարձակության, նրա հեղինակության, պատվի և արժանապատվության, նրա առաջնորդության ունակության և զորության ներգործական ուժն է իր իշխանության ներքո (կամ իրավաբանական ավելի նեղ բառապաշարով՝ իր իշխանազորության ներքո) գտնվողների նկատմամբ: Իսկ իրավական ոլորտում՝ սույն բառի արդեն մասնավորեցված իմաստով, երբ խոսքն արդեն պետական իշխանության մասին է, այն հարստանում է նաև իշխանության տիրոջ կամքի՝  պետական հարկադրանքով ապահովված լինելու որակով:

Ի վերջո, հանրային կամ հասարակության կամ, ինչպես մեզ մոտ՝ ժողովրդի իշխանություն երևույթի տեսական սահմանումների և որակների մասին ոչինչ ասած չեմ լինի, եթե անտեսեմ իշխանության, ես կասեի՝ ամենահիմնարար բանաձևը. Իշխանությունը, որպես անձնիշխանություն, ազատությունն է (Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, էջ 866, Վենետիկ, 1836): Եթե մենք դեռ պետք է շարունակենք ժողովրդի իշխանություն, անհատի ազատություն, իրավունք և պարտականություն եզրերը քննարկել, սա թերևս ամենահիմնարար բանաձևն է, որ պետք է մտապահել դրա համար: Սրանից է սկսվում և սրան է հանգում հանրային կյանքի կառավարման ամբողջ ալգորիթմը:

Ինչպես տեսնում ես, այս մոդելները վերցված են Հայկազեան բառգրքից, որը զարմանալիորեն ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը 1-ին հազարամյակի սկզբի, ապա և վաղմիջնադարյան աղբյուրներին հղում կատարելով և 19-րդ դարի սկզբին տիրող հասարակագիտական պատկերացումների պայմաններում շարադրվելով, այլև դեռ շարունակում է մնալ ամենամատչելի և ժամանակային հոսանքներից զերծ բացատրությունը: Այս բացատրություններն ինքնին նաև քաղաքագիտական և իրավաբանական ուղեցույց են «իշխանություն» բառի և եզրի սահմանադրաիրավական և այլ հասարակագիտական իմաստների բացահայտման և մեկնաբանման համար: Ապա և՝ ես հղում կկատարեմ  դրանց մեր հետագա խոսակցության ընթացքում:

Պետության ու ժողովրդի հարաբերությունն ինչպիսի՞ն է։

Ըստ մեր Սահմանադրության՝ ինչպես ծառայի և տիրոջ:

Ոչ ավել, ոչ պակաս: Այս հակիրճ պատասխանին ցանկացած ավելացում ոչինչ չի ավելացնի արդեն  արտահայտված այս իմաստին, ընդամենը կծանրացնի այն:

Հատված Բ. Ժողովուրդը և Հրապարակը

Ասացիր, որ իշխանությունը միշտ պատկանելու է ժողովրդին, և իշխանության՝ ժողովրդին պատկանելու սահմանադրական նորմը անփոփոխ է: Անդրադառնանք ժողովրդին և իշխանության՝ ժողովրդին պատկանելուն: Ո՞վ է ժողովուրդը, ինչպե՞ս կարող է իշխանությունը պատկանել, և ի՞նչ է նշանակում՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ինչպիսի՞ հետևանքներ ունի այդ սահմանումը:

Պետք է նկատի ունենալ, որ մեր Սահմանադրությամբ նախատեսված են «Հայ ժողովուրդ» և «ժողովուրդ» եզրերը:

Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադիրն է, Սահմանադրության կարևորագույն դրույթների՝ նախաբանի, 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների առաջին և վերջին հեղինակն ու սահմանողը: «Հայ ժողովուրդ» բառակապակցությանը Սահմանադրության ամբողջ տեքստում հանդիպում ենք միայն դրա նախաբանում, և խորհրդանշորեն այն Սահմանադրության առաջին բառակապակցությունն է, որը եզակի անգամ է օգտագործվել՝ անկախության հռչակումից ի վեր երբեք այլևս չհիշատակվելով Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում:

Այս հիմնարար դրույթների սահմանումից հետո, ինչպես կտեսնես Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասում, իշխանությունը ամբողջովին արդեն «ժողովրդին» վերաբերող կարողություն է (այլևս՝ ոչ Հայ ժողովրդին), իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են այդ իշխանության իրականացման միջոցները:

Ժողովրդի իշխանությունն, ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի, իրականացվում է միայն հետևյալ միջոցներով.

Ազատ ընտրություններ,

Հանրաքվեներ,

Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման մարմիններ և դրանց պաշտոնատար անձինք,

Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններ և դրանց պաշտոնատար անձինք:

Մի՞թե այսքան հստակ և սպառիչ միջոցների ցանկ նախատեսված լինելով՝ հստակ  սահմանված չեն նաև «ժողովուրդ» վերացական եզրի սահմանները. ով է նա, ինչպես պետք է որոշակիացնել դա, ինչպես ենք ճշտում, թե ովքեր են այս հասկացության տակ, ում են նկատի ունենում:

Սույն եզրի սահմանադրաիրավական իմաստը պետք է վաղուց մեկնված լիներ թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ սահմանադրական դատարանի կողմից՝ այս եզրին մշտապես և պարբերաբար անդրադառնալու պատեհությունից օգտվելով: Այն առ այսօր չունի հստակ սահմանում:

Եթե փորձեմ անդրադառնալ այս հասկացության սահմանադրական իմաստին, բնականաբար, պետք է սկսեմ «ժողովուրդ» հասկացության սահմանները ուրվագծելուց հենց Սահմանադրության 2-րդ հոդվածի շրջանակներում: Եթե ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեի միջոցով, ուրեմն սա պետք է լինի մարդկանց մի խումբ, որին հասանելի է ազատ ընտրության և հանրաքվեի հնարավորությունը, այլ խոսքով՝ Հանրապետության քաղաքացիներին (մի պահ անտեսենք տեղական ինքնակառավարման մարմիններում նաև քաղաքացիություն չունեցող անձանց ընտրական իրավունքը և կենտրոնանաք միայն համապետական ընտրություններում ժողովուրդ եզրի վրա):

Մի՞թե մեր բոլոր համաքաղաքացիներն են ներառվում իշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդի կազմում: Բնականաբար՝ ոչ: Պետք է ավելի նեղացնել շրջանակը. խոսքը կարող է լինել ընտրական ցուցակներում ընդգրկված և քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցող քաղաքացիների մասին, որոնք գտնվում են Հանրապետության տարածքում (չհաշված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքները օտարերկրյա պետություններում. «ժողովուրդ» եզրի բացատրության որոնմամբ՝ մենք կարող ենք անտեսել նաև այս խումբը, քանի որ դրանով որակական փոփոխություն չի լինի). սա՝ ազատ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով իշխանություն իրականացնող ժողովրդի մասով:

Երբ խոսում ենք, օրինակ, 3-րդ միջոցի մասին՝ պետական կառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ապա վերջիններս արդեն իշխանության իրականացման միջնորդավորված միջոցներ են, և ըստ էության՝ դրանք կանխորոշված են մեր՝ ազատ ընտրության կամ հանրաքվեի միջոցով իշխանության իրականացմամբ:

Ի վերջո, ստացվում է, որ «ժողովուրդ» ասելով՝ մեր Հանրապետության առաջին Սահմանադիրը՝ Հայ ժողովուրդը, Սահմանադրության 2-րդ (անփոփոխ) հոդվածում նկատի է ունեցել  (1) ընտրական ցուցակներում ներառված և (2) քվեարկության պահի դրությամբ քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցող մեր Հանրապետության քաղաքացիների խումբը:

Այս սահմանումը մի պարզագույն տրամաբանական լուծում էր, որը, սակայն, բովանդակային որևէ պատասխան չտվեց քո առաջադրած ընդգրկուն հարցին: Մասնավորապես, մեր եզրահանգումը բերում է նրան, որ խոսքը մարդկանց բազմության մասին է: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Սահմանադիրը իշխանության աղբյուրը նույնացնելու համար չի օգտագործում, օրինակ, «քաղաքացիներ», «քաղաքացիների խումբ», «քաղաքացիների բազմություն», «հասարակություն», «հանրություն», «հանրույթ», «ցուցակագրված և ներկա գտնվող քաղաքացիներ», «բնակչություն» և այլ հասկացություններ կամ եզրույթներ: Ո՞րն է պատճառը, որ այս գերագույն՝ իշխանության անփոփոխ տիրոջ կարգավիճակը կրողին Սահմանդիրը բնութագրել է որպես «ժողովուրդ», երբ կարելի էր շատ ավելի պարզ և հստակ սահմանում ունեցող բառ օգտագործել: Եւ մի՞թե իրավունքը առանձին ի զորու է այս հարցերի պատասխանը տալու:

Բնականաբար՝ ոչ, որովհետև նախ և առաջ այս հարցը խորը փիլիսոփայական քննության առարկա է: Այդ քննարկմանն իրենց ներդրումը պետք է ունենան նաև լեզվաբանները և քաղաքագետները: Ես միայն կհամարձակվեմ իմ կարծիքը շարադրել վերը նշված հարցադրումների վերաբերյալ՝ հենվելով հայոց լեզվի ընձեռած հնարավորությունների և անձնական դիտարկումների ընթացքում ձևավորված համոզմունքիս վրա՝ ամենևին էլ չհավակնելով սա ներկայացնել որպես իրավական վերլուծություն:

Իհարկե «քաղաքացիներ», «քաղաքացիների խումբ», «քաղաքացիների բազմություն», «հասարակություն», «հանրություն», «բնակչություն», «հանրույթ», «ցուցակագրված և ներկա գտնվող քաղաքացիներ» և նման այլ սահմանումները նույնպես հստակորեն մարդկանց բազմություն են ցուցանում, ինչպես և «ժողովուրդ»-ը, սակայն միայն «ժողովուրդ» եզրն է, որ թեկուզև նմանապես ցուցանում է մարդկանց բազմություն, սակայն բնորոշում է մարդկանց միայն այն բազմությունը, որն ունի ժողովվելու միջոցով հավաքական կամք դրսևորելու, պատասխանատվություն ստանձնելու և ազատ համարձակությամբ գործելու որակները: Մեր լեզվում այս բառի բացատրությունները իրապես ի ցույց են դնում այս եզրի՝ իշխանության աղբյուրի վերաբերությամբ կիրառման պատճառները. «ժողով մարդկան», «համախմբություն ի պաշտօն» («պաշտօն» նշանակել է սպասավորություն, ծառայություն, գործ. Տես՝ էջ 837, Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի):

Մերօրյա իրականության պայմաններում մարդկանց բազմության՝ «ժողովրդի» կարգավիճակ ձեռք բերելու կամ դերը ստանձնելու ամենահրապարակային, համարձակ և ազդեցիկ դրսևրումը քաղաքական հանրահավաքն է: Հիմա պատկերացնու՞մ ես՝ ինքն իրեն «իշխանություն» հորջորջողի տագնապը, երբ ամեն անգամ զգում է իշխանության իրական՝ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված աղբյուրի և կրողի ի հայտ գալու սպառնալիքը:

Իմ համոզմամբ, իշխանության տիրոջ միայն ի հայտ գալը բավարար է նրան ծառայելու կոչված ծառաների՝ իրենց տեղը ճանաչելու համար, իսկ դա կլինի, իմ կարծիքով, միայն այն դեպքում, երբ դու՝ ընտրական ցուցակում եղած կոնկրետ անունդ, մաքսավորը,  հարկատուն, սպառողը, բնակիչը, տնային տնտեսուհին, քաղաքացին, ուսուցիչը, սփյուռքահայը, անտունը, ուստեն ու ուստիանը, չարբախցին, դաշնակը, հնչակը, լրագրողը, խուճուճ Արմենը, ժառանգը, անժառանգը, «Անտարես»-ի աշխատակիցն ու տնօրենը, հախուռնը, իմ ընկերներ Լեռն ու չաղ Արմանը, «Ի լուր»-ի Քրիստիկը, ֆեյսբուքաբնակ հայրենասեր կիբորդի ֆիդային, ինքնավստահը, Մարինեն ու իր ընթերցողը, փարիզցի Արեգն ու Աշխենը, զուսպը, երզնկյանցի Դավոն, փաստաբան Մուշեղը, վերջին վհատվողը, կարմիր բերետավորների մի ողջ գումարտակ քթազերծած Տիգրանը, ԲՀԿ-ն, ադնակլասնիկցի գյոզալը և նույնիսկ մեր ՀՀԿ տատիկն ու այսքան խոսելով քեզ ձանձրացնող՝ ես, բազում այլք մեզ համար կենսական կարևորորություն ունեցող օրակարգի շուրջ ժողովվենք և հրապարակ դուրս գանք՝ որպես «համախմբություն ի պաշտօն»՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

Ի դեպ, իհարկե՝ Ազատության հրապարակ: Եւ դա նույնպես ունի իր բացատրությունը:

Չէ՞ որ մենք արդեն խոսեցինք այն մասին , որ մեզնից յուրաքանչյուրի՝ որպես անձի և անհատի իշխանության մասնաբաժինը՝ որպես անձնիշխանություն, հենց ազատությունն է:

Այս հրապարակը, խորհրդանշորեն, մեր յուրաքանչյուրի՝ Ազատության, իսկ ժողովրդի՝ (ինքն)իշխանության հրապարակն է: Եւ այդպես էլ եղել է: Նույնիսկ ամենաանհավատներն արդեն չեն համարձակվում այն «Թատերական» կոչել:

Հատված Գ. Իշխանության յուրացումը՝ ծանրագույն հանցանք

Եթե իշխանությունը պետք է իրականացվի միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, ապա նշանակու՞մ է սա արդյոք, որ Սահմանադրությամբ չնախատեսված բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց՝ իշխանության իրականացման գործունեությունը եղել և մնում է հակասահմանադրական, թեկուզև նրանք ստեղծվել և իշխանության իրականացման լիազորություններով օժտվել են օրենքներով: Այս կապակցությամբ ի՞նչ կոնկրետ օրինակի մասին կարելի է խոսել:

Ինչպես տեսնում ես՝ ժողովրդի իշխանության իրականացման միջոցները սպառիչ ցանկով են ներկայացված, այսինքն՝ այս միջոցներից բացի որևէ այլ միջոցով իշխանության իրականացումն արգելված է Սահմանադրության 2-րդ, նկատիր՝ փոփոխության ոչ ենթակա հոդվածով: Արգելված է այնքանով, որքանով որ նախատեսված չէ որևէ այլ մարմնի կողմից ժողովրդի իշխանության իրականացման հնարավորությունը:

Նայի՛ր, պե՞տք է արդյոք իրավաբանական բարձրագույն կրթություն ունենալ՝ հասկանալու համար Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարզ միտքը՝ պարզ շարադրանքով: Ամեն ինչ ավելի հստակ է, քան կարող էր լինել:

Մինչդեռ, երբ այս պարզ իրողությունը դարձել էր Հանրապետության սահմանադրական դատարանի առարկան (մասնավորապես, ՍԴՈ-880 որոշման 8-11 էջեր)՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաբերյալ, սահմանադրական դատարանը փորձել էր սույն մարմնի կողմից իշխանության իրականացման սահմանադրականությունը հիմնավորել նրանով, որ այն ստեղծվել էր Սահմանադրությամբ նախատեսված Ազգային ժողովի կողմից և դրանով իսկ իրավասու էր  իրականացնել իշխանություն:

Այստեղ մենք գործ ունենք ոչ թե իրավունքի կամ օրենքի սխալ մեկնաբանման կամ կիրառման սխալ պրակտիկայի հետ, այլ մենք ուղղակիորեն գործ ունենք փաստի աղավաղման հետ՝ լեզվի կանոնների անտեսման միջոցով: Սակայն այս պայմաններում հնարավոր էլ չէ ավելին սպասել սահմանադրական դատարանից  այն պարզ պատճառով, որ պետական ամբողջ կառույցն է արդեն ծանրաբեռնված Սահմանադրությամբ չնախատեսված և իշխանություն իրականացնող բազմաթիվ մարմիններով և պաշտոնատար անձանցով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (պատկերացնու՞մ ես՝ ընտրությունների արդյունքները հրապարակող և ընտրական վարչարարություն իրականացնող մարմինը իշխանությունն իրականացնելիս դուրս է Սահմանդրությունից), պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, պետական գույքի կառավարման կոմիտեն, հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը և բազմաթիվ այլ՝ Սահմանադրությամբ չնախատեսված մարմիններ: Առհասարակ, յուրաքանչյուր պետական մարմնի իշխանության իրականացման սահմանադրականության մասին կարծիք կազմելու համար առաջին բանը, որ պետք է անել, վերցնել Սահմանադրությունը և նայել, թե արդյո՞ք տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրանց պաշտոնատար անձը նախատեսված է Սահմանդրությամբ, թե ոչ:

Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի սույն կանոնը հստակ նպատակի համար է նախատեսված: Սրանով Սահմանադիրը հստակեցրել է պետական մարմինների այն շրջանակը, որոնք իր անունից հանդես գալու և իր իշխանությունն իրականացնելու իրավասություն պետք է ունենան: Հարց կառաջանա, թե ինչու նման իրավասությամբ այն չի օժտել, ասենք, Հանրապետության Ազգային ժողովին կամ Նախագահին կամ կառավարությանը: Պատասխանն առավել քան պարզ է. ժողովրդի անունից իշխանություն իրականացնող մարմինների ցանկը Սահմանադրության տեքստից դուրս գալ չի կարող, քանի որ դա հղի է իշխանություն իրականացնող մարմիններ ստեղծելով՝ քաղաքական պատասխանատվության փոշիացմամբ: Դիցուք, տես՝ ինչ է տեղի ունենում ընտրական հանձնաժողովների դեպքում: Որևէ պետական մարմին, բացառությամբ ԿԸՀ-ից, չունի ընտրական գործընթացի կազմակերպման, անցկացման և այդ ընթացքում օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու այնքան իրավասություն, որքան ԿԸՀ-ն: Արդյունքում, հայտարարելով սույն մարմինն անկախ, դրա կողմից իրականացված ապօրինի գործունեության ողջ պատասխանատվությունը դուրս է գործադիր իշխանություն իրականացնող քաղաքական թիմի պատասխանատվության շրջանակից: Հարցրու այդ թիմին դրա մասին, և պատասխանը կլինի այն, որ ԿԸՀ-ն անկախ և առանձին մարմին է, որի համար պատասխանատվություն չի կարող կրել ոչ գործադիր, ոչ օրենսդիր, ոչ էլ, առավել ևս, դատական իշխանության որևէ մարմին: Ահա և քեզ ՝ Սահմանադրությունից դուրս նման մարմին ստեղծելու և դրան Սահմանադրությանը հակառակ իշխանություն իրականացնելու իրավասությամբ օժտելու նպատակը՝ քաղաքական պատասխանատվության, իսկ որոշ դեպքերում նաև`այդ մարմնի «ծառայություններից» օգտվողների իրավական պատասխանատվության փոշիացումը:

Երբ խոսում էինք «իշխանություն» բառի գործածության մասին, անհեթեթ համարեցիր նաև իշխանության զավթում հասկացությունը՝ ասելով, որ իշխանությունը անհնար է բռնությամբ վերցնել, այն է թե՝ զավթել: Իշխանություն զավթելն ինչո՞ւ է անհնար կամ անկարելի: Ինչո՞ւ և ինչպե՞ս է այդ հասկացությունը մտել իրավական լեզվի մեջ: 

Ես կասեի, որ իշխանությունը զավթելը ոչ այնքան անկարելի է, որքան՝ անհնար:

2007թ. սահմանադրական դատարան ներկայացված մի դիմումով իշխանություն զավթելու, ինչպես նաև այդպիսի կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածների հակասահմանադրության մասին մեր դիմումներում մենք մանրամասն փաստարկել էինք այսօրինակ հոդվածների անհեթեթ բովանդակության և դրանց հակասահմանադրականության մասին: Դատարանին ներկայացված այս դիմումների շրջանակում իմ ընկերներ Վարուժան Ավետիսյանի և Մուշեղ Շուշանյանի կողմից կատարվել էր ընդարձակ ուսումնասիրություն, որից էլ կօգտվեմ: Ավելի լավ հնարավոր չէ պատասխանել:

Իշխանությունը զավթելու մասին մեր քրեական օրենսդրություն ներմուծված դրույթներն (հոդվածներ 300 և 301) իրականում բոլշևիկյան իրավընկալման դրսևրումներն են: Իշխանությունն այս համատեքստում, նման օրենքների հեղինակների կողմից դեռևս սովետական ժամանակահատվածից ակնհայտորեն շփոթվում էր դրա իրականացման միջոցի հետ: 1961թ. ընդունված ՀԽՍՀ քրեական օրենսգրքի իմաստը և ներքին տրամաբանությունը այս հարցի առնչությամբ ամբողջությամբ փոխանցվել են նաև մեր՝ 2003թ. ընդունված քրեական օրենսգիրք: Իշխանության վերաբերյալ խորհրդային իրավընկալման հիմնական տարբերությունը մեր Սահմանադրությամբ նախատեսված իշխանության պատկանելությունից այն է, որ իշխանությունը, ԽՍՀՄ-ում բխելով սովետներից, փաստորեն բխում էր պետությունից, դրա մարմիններից և պաշտոնատար անձանցից, հետևաբար և կոնկրետ պաշտոնում հայտնվելն ինքին իշխանության աղբյուրի կարգավիճակ էր շնորհում, մինչդեռ մենք արդեն քննարկեցինք, որ Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը չի կարող օտարվել ժողովրդից, նույնիսկ եթե ժողովուրդն այդ կամենա:

Ըստ երևույթին, օրենսդիր մարմնի պոզիտիվ պարտականությունն էր սահմանել իշխանության յուրացման՝ որպես քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ: Հիշեցնեմ, որ իշխանության յուրացումը՝ որպես հանցագործություն, արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասում: Սա, ըստ էության, Սահմանադրության ամբողջ տեքստում նշված միակ հանցագործությունն է: Սահմանադիրը որևէ այլ հանցագործության մասին չի խոսում Սահմանադրության մեջ, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մասին Սահմանադիրը խոսում է անփոփոխ հոդվածում, պետք է հասկանալ, թե ինչ հանրային բարձր վտանգավորություն է ունեցել այս հանցակազմը:

Յուրացնել, այսիքն՝ իրենը դարձնելը հնարավոր է միայն մի երևույթ կամ առարկա, որն առնվազն ժամանակավորապես հանձնված է եղել քեզ ի օգտագործում, կիրառում, գործադրում: Ապա և, իշխանության յուրացումը հնարավոր է իրագործել բացառապես դրա իրականացման հնարավորություն ունեցող սուբյեկտների կողմից, այսինքն՝ պետական պաշտոնատար անձանց կողմից: Այս հանցագործության որևէ այլ սուբյեկտ, ըստ սահմանման, բացառվում է: Եւ այլ կերպ չէր էլ կարող լինել. այն նախատեսված է Սահմանադրության այն դրույթում, որը վերաբերում է իշխանության իրականացման միջոցներին, ինչպիսին պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք են: Այլ անձինք՝ սրանց կուսակիցները կամ նրանց նկատմամբ այլ ազդեցություն ունեցողները, կարող են հանդես գալ միայն հանցակցի դերում:

Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իշխանության յուրացման հանցագործությունը քրեական օրենսգրքի 300-րդ հոդված փոխադրելով՝ ամբողջությամբ աղավաղվել է դրա իմաստը: Ստացվել է, որ իշխանության յուրացումը կարող է տեղի ունենալ միայն դա «զավթելու» և «պահելու» միջոցով: Կրկին մենք գործ ունենք, ինչպես արդեն ասացի, իշխանության՝ որպես առարկայի, թանձրացական իրի հետ:

Այս մոտեցման անհեթեթությունը կարող ես տեսնել կոնկրետ օրինակի վրա. ինչպես կարելի է «տիրանալ» (ինչպես քրեական օրենսգրքի 300 հոդվածով է նախատեսված) սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններին. Հանրապետության Նախագահին  բռնությամբ կամ բռնության սպառնալիքով համապատասխան հրամանագիր ստորագրել տալո՞վ, կամ Ազգային ժողովի նկատմամբ նման ազդեցության կիրառմա՞մբ, և՞. ծիծաղելի է ուղղակի: Կամ ինչպե՞ս է հնարավոր նույն կերպ Նախագահի լիազորություններին «տիրանալ»: Մտնել ԿԸՀ կամ սահմանադրական դատարան և բռնությամբ կամ բռնության սպառնալիքով ստիպել, որ այդ մարմինները կամ դրանից մեկը X-ին Նախագահ ընտրվա՞ծ համարի: Հետո՞: Եւ դա առանց ընտրվելու կհամարվի Նախագա՞հ:

Ես ավելի իրատեսական և, որ ավելի կարևոր է, մեր Հանրապետությունում փորձված և կիրառվող մոդել կարող եմ առաջարկել: X-ն իր միջոցով իրականացվող իշխանությունն իրականացնում է ի շահ իր անձի և խմբավորման՝ հանգեցնելով մի իրավիճակի, որ իր վերահսկողությանը վստահված բոլոր պետական կառույցները ժողովրդի իշխանության իրականացման պատասխանատու պահին՝ ազատ ընտրությունների ընթացքում, միահամուռ կերպով աշխատում են իրեն ընտրված համարելու միակ տարբերակի վրա, իսկ X-ը ամեն կերպ օժանդակում է դրան այն դեպքում, երբ իր պաշտոնի պարտականությունն է կանխել նման դեպքերը, որոնք Հայրենիքի դավաճանությունից առավել վտանգավոր են իրենց հետևանքներով, բայց բնույթով նույն Հայրենիքի դավաճանությունն են:

Եւ, պետք չէ նաև մոռանալ, որ Սահմանդրությամբ նախատեսված սույն հանցագործության համար վաղեմություն լինել չի կարող:

Հաճախ ենք խոսում բռնապետության մասին. ի՞նչ է բռնապետությունը. ո՞րն է դրա բռնությունը:

Մեր զրույցը սկսելիս խոսեցի իշխանության որակների և բնութագրիչի մասին: Կրկնեմ դրանցից՝ մարդկանց վրա ոչ երևութական ներգործություն ունեցող մի քանիսը՝ առաջնորդությունը (լատիներեն՝ Regimen) և հեղինակությունը(լատիներեն՝ Auctoritas): Սրանք նաև իշխանության այն որակներն են, որոնք տվյալ իշխանազորության ներքո գտնվող մարդկանց կամ նրանց մեծամասնությանը առանց հարկադրանքի ղեկավարելու համար անհրաժեշտ հատկանիշներ են:

Պետական իշխանության իրականացումը ունի նաև պետական հարկադրանք կիրառելու որակը, որով ապահովվում է պետական իշխանական ներգործության համապարտադիր բնույթը բոլորի նկատմամբ՝ անկախ այդ իշխանությամբ գործադրվող կամքի նկատմամբ առկա (երբեմն նույնիսկ՝ արդարացված) անհամաձայնությունից:

Այդուհանդերձ, ինչպես մարդկանց, այնպես էլ նրանց խմբերի հետ գործ ունենալիս իշխանության ներգործությունը ապահովվում է հիմնականում և մեծամասամբ իշխանություն իրականացնող միջոցների և դրանք գործադրող անձանց առաջնորդական-ծառայական ունակությունների և նրանց հեղինակության ազդեցությամբ: Պետական հարկադրանքի միջոցը միշտ մնում է որպես անհամաձայնություն դրսևորող կամ օրինակարգ իշխանության ներգործությանը չարամտորեն հակառակվողին հնազանդեցնելու կամ մեկուսացնելու նպատակով:

Սակայն քաղաքակրթության պատմությունը մշտապես զուգորդվել է ապաշնորհ և անօրեն ծառաների կողմից պետական իշխանության իրականացման շարունակական դեպքերով, երբ չունենալով որևէ առաջնորդական և հեղինակության ռեսուրս՝ նրանք իրենց կամքը մարդկանց թելադրելիս մշտապես ապավինել են պետական հարկադրանքին, իսկ պետական հարկադրանքի կիրառման միջոցը ֆիզիկական բռնության միջոցն է, այսինքն՝ իրենց գործերի կառավարումը և ծառայությունը, այլ խոսքով՝ իրենց պետությունը տվյալ իշխանազորության տակ գտնվողների նկատմամբ իրականացվել է միայն կամ մեծամասամբ՝ բռնության գործադրմամբ: Սա էլ բռնապետության կարճ նկարագրությունը:

Հատված Դ. Սահմանադրությունը և ապօրինի հրամանը

Բռնապետությունից անցում կատարենք ժողովրդի կամքին. ի՞նչ է նշանակում ժողովրդի կամք. ինչպե՞ս կարող է ժողովուրդն ունենալ կամք, և ինչպե՞ս դա կարող է արտահայտվել:

Սահմանդրության 2-րդ հոդվածի շրջանակներում՝ իր իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն իր կամքն արտահայտում է կա՛մ ազատ ընտրության (այս կամ այն ծառային ընտրելիս), կա՛մ հանրաքվեի (որևէ խնդրի վերջնական լուծում տալու նպատակով) միջոցով:

Սակայն սա չի նշանակում, որ ժողովրդի իշխանության իրականացման դրսևորումները սահմանափակվում են միայն 5 տարին մեկ անգամ մի քանի րոպեով ընտրատեղամաս ուղղակի այցելելով և քվեարկելով:

Յուրաքանչյուրս, բնականորեն և Սահմանադրությամբ օժտված լինելով բազում ազատություններով, դրանց հավաքական՝ ժողովված իրականացմամբ (ինչպես վերն արդեն նշեցի՝ ժողովրդին բնութագրելիս) ընդհանուր հավաքական կամք ձևավորելու հնարավությունն ունենք: Այս կերպ մեզնից յուրաքանչյուրի՝ մեզ հետ ժողովվածի հետ համաձայնության և համախոհության միջոցով մենք՝ արդեն որպես ժողովուրդ, մեր հավաքական կամքն ենք դրսևորում մեզ առնչվող և նույնիսկ չառնչվող բազում հարցերի վերաբերյալ:

Տես, յուրաքանյուր ծառայական համակարգ, թեկուզև՝ միայն իր գոյության արդարացման նպատակով, մշտապես ունի հեղինակության կարիք, որից կարող է լրացնել իր չունեցած կամ նվազած հեղինակությունը կամ հղում կատարել դրան՝ իր հակառակորդների և մրցակիցների դեմ պայքարում բարդ իրագործելի խնդիրների հանդիպելիս: Եթե մեր Հանրապետությունում իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, ապա և իշխանություն իրականացնող ծառայի իրականացրած իշխանության մեջ դրա հեղինակության որակի միակ աղբյուրը հենց ժողովուրդն է: Ժողովրդի կամքի դրսևորմամբ ժողովուրդը ցուցանում է օրվա ծառայակույտի պաշտոնավարման կայունության հնարավորությունը. եթե ուզում ես շարունակել ծառայել, պետք է շարունակես առաջնորդվել իմ կամքով, որն այս է՝ այս հրապարակում ձևավորված այսինչ պահանջի բավարարումը:

Բայց հիշենք, լա՞վ, որ այդ կամքի դրսևորման համար մարդկանց բազմությունը, նախ և առաջ, պետք է վերաճի Ժողովրդի: Դա յուրաքանչյուրիս՝ արտահայտվելու և հավաքների ազատության իրականացման միջոցով ժողովվելու և հավաքական կամքի դրսևորմամբ պահանջ ձևակերպելու ուղին է: Այն իր բարձրակետին հասնում է քվեարկության պահին, երբ հավաքական կամքի դրսևորումն ունենում է նաև փաստաթղթային արձանագրություն, սակայն այս վերջինը ածանցյալ է և հետևանք՝ մինչ այդ պահը ձևավորվող ժողովրդի կամքի դրսևորման:

Ի՞նչ է օրինակարգությունը՝ լեգիտիմությունը. ինչո՞վ է տարբերվում լեգալությունից՝ օրինականությունից:

Ծառայական համակարգի օրինակարգությունը այդ համակարգի օղակների ձևավորման սահմանադրական և այլ օրենքներով նախատեսված նորմերի ընթացակարգային պահանջներին համապատասխանությունն է, այսինքն՝ թե որքանով են պահպանվել այս կամ այն ընթացակարգային պահանջները, օրինակ, Հանրապետության Նախագահի ընտրություններում: Արդյո՞ք թեկնածուներն ունեցել են հավասար մեկնարկային հնարավություններ ընտրողներին հանդիպելու, պետական  իշխանության մարմինների աջակցությունից օգտվելու հարցերում, չի՞ ունեցել այդյոք որևէ թեկնածու այնպիսի կարգավիճակ, որը բացառում էր նրա մասնակցությունը ընտրություններին թեկնածուի կարգավիճակում, արդյո՞ք պետությունն ապահովել է արտահայտվելու ազատության հավասար հնարավորությունների դաշտ թեկնածուների համար, անցե՞լ է արդյոք քվեարկությունն այնպիսի պայմաններում, որը հնարավորություն կտար ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար և այլն: Այլ խոսքով, արդյո՞ք օրինական ճանապարհով է անձը կամ մարմինը կարգված իր դիրքում:

Մյուս հարցին պատասխանեմ, որ, իմ կարծիքով, իշխանության իրականացման ցանկացած միջոցի համար օրինակարգությունը իշխանության իրականացման օրինականության նախապայման է: Անկախ նրանից, թե որքանով է համապատասխանում տվյալ անձի կողմից իշխանության իրականացումը կոնկրետ այդ ծառային վերապահված իրավասությունների շրջանակին (այլ խոսքով՝ որքանով է օրինական այդ գործունեությունը), որի մասին արդեն խոսվում է Սահմանադրության 5-րդ հոդվածում, այդ ծառայի պաշտոնավարման օրինակարգության բացը խոտանում է նրա ողջ գործունեությունը, նրա կողմից իշխանության իրականացման գործողություններից հետագայում՝ ժողովրդի կամքով հրաժարվելու իրական իրավական վտանգի մշտական ուղեկցմամբ:

Ավելի կարճ, օրինակարգությունը իշխանություն իրականացնող յուրաքանչյուր ծառայի կամ ծառայական համակարգի իշխանության իրականացման կարգավիճակին հասնելու ծիսակարգն է, որի անավարտ լինելը կամ թերի լինելիս իշխանության իրականացումը հանգեցնում է իշխանության յուրացման սահմանադրական հանցագործությանը:

Արդյո՞ք հրաման կատարելը կարող է իրավական տեսակետից արդարացում լինել իրավապահ մարմինների կողմից կատարված ակնհայտորեն անօրինական գործողության համար: Կա՞ արդյոք այստեղ իրավական հակասություն, թե՞ իրավական տեսակետից պատասխանը միանշանակ է:

Իհարկե, պատասխանը հստակ է: Ակնհայտորեն՝ ապօրինի հրամանի կատարումը ապօրինություն է և օրենքի խախտման վտանգավորության աստիճանից կախված՝ կարող է հանգեցնել աշխատանքային կամ կարգապահական կամ վարչական կամ քրեական պատասխանատվության, պատճառված քաղաքացիաիրավական վնասի առկայության պայմաններում՝ նաև քաղաքացիաիրավական պատասխանատվության:

Ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի և աշխատակցի համար առաջնային և գերակա հրամանը միշտ Սահմանադրությունն է, այնուհետև՝ մեր Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերը, հետո օրենքները և ենթաօրենսդրական ակտերը: Եւ եթե Սահմանադրության ոչ ամբողջությամբ խորացված գիտելիքների, ապա Սահմանադրության նորմերի բովանդակությանը իրավապահ մարմնի ծառայողը պարտավոր է տիրապետել, իսկ քննիչներն ու այլ դատավարական կարգավիճակ ունեցող իրավապահներն առավել ևս պարտավոր են խորացված գիտելիքներ ունենալ Սահմանադրական իրավունքի ոլորտից: Ավելին, նրանք նույնիսկ զարգացնում են այդ գիտելիքները՝ հարկատուների հաշվին վերապատրաստման դասընթացների մասնակցելով և պարբերաբար ատեստավորվելով:

Իսկ ինչ վերաբերում է օրենքների և ենթաօրենսդրական ակտերի իմացությանը, ապա նրանք իրենց գործունեությանն առնչվող բոլոր ակտերին պարտավոր են ծանոթանալ և պարբերաբար դասընթացների և վերապատրաստման այլ հնարավորությունների միջոցով թարմացնել իրենց գիտելիքները:


[1] Տես՝ քրեական օրենսգիրք, 300 եւ 301 հոդվածներ