15.03.2014 13:03

iLur Բլոգ. Կանալիզացում

iLur Բլոգ. Կանալիզացում

Գեմաֆին Գասպարյան

Տեքստ գրելուց առաջ ինձ մոտ մի քանի կոնկրետ իրավիճակային և ներքին հավասարակշռության տեսանկյունից ՝ կարևոր  խնդիր է առաջ գալիս՝ ինչո՞ւ եմ ուզում գրել տեքստը, ինչո՞ւ եմ գրում տեքստ, արդյո՞ք այլ առավել գործածական և արդյունավետ գործիք չկա, արդյո՞ք տեքստը ինքնանպատակ չէ, եթե ինքնանպատակ է, արդյո՞ք այն որևէ հարթակում գտնվելու անհրաժեշտություն ունի, եթե ունի անհրաժեշտություն ինչ-որ տեղ ինչ-որ մարդկանց հետ երկխոսելու, փոխանակվելու, արդյո՞ք ես ունեմ տեքստ ներկայացնողի դիրքից հարաբերվելու ուժ (այստեղ ուժը կամային գործողություն իրականացնողի՝ այն իրականացնելու ունակությունն է), և այդ հավակնությունը որքանո՞վ է ինձ կաշկանդում տեքստում, և որքանո՞վ է այն ազդում հենց տեքստի ոչ ինքն իրենը լինելուն, և եթե խնդիրը տեքստի՝ մաքուր իրեն ներկայացնելը չէ, այլ ինձ իր միջոցով ցուցադրելը , արդյո՞ք ավելի ազնիվ չէր լինի անձնագրիս նկարը դնել, տակը՝ անուն ազգանուն, առանց հավելյալ բառային ծանրաբանության:

Ահա այս բաների շուրջ մտածելիս ես անընդհատ ինձ բռնացնում եմ անպատասխան գործողություն իրականացնողի կարգավիճակում,ու մեկ այլ հարց է առաջանում, որքանո՞վ եմ ես պատասխանատու այն տեքստի համար, որը շրջանառում եմ: Ինքնարդարացում գտնելու ջանքերս որոշակի լուծում են առաջ բերում. եթե դիտարկեմ տեքստ կարդացողի՝ որպես տեքստն իր մեջ վերաշարադրողի դիրքից, ես պատասխանատու չեմ, այն է՝ հասուն, մտավոր առողջ անձը ինքն է իր մեջ վերաշարադրվող տեքստի տերը, բայց, միևնույն ժամանակ, առիթը տեքստն է, և կարծեմ վերաշարադրումը ռացիոնալ կապի մեջ է շարադրածի հետ, և պատասխանատվությունը իմն է՝ որպես առիթ ընձեռող:

Այս տեքստը գրելիս նույն հարցերի շուրջ էի մտածում ու փորձեցի որոշակի պատասխաններ գտնել՝ կոնկրետ այս տեքստի շարժառիթներից ելնելով, և ձևակերպել:

Մեդիափոխանակությունների ինտենսիվությունը և հոսքերի բազմազանությունը նույնիսկ հմուտ ընթերցողի մոտ, որոնց թվում՝ նաև հենց մեդիաարտադրողների և տարածողների, ստեղծում է տեքստի շատության պատրանք, նույն դիրքից եկած կրկնությունները դիտարկվում են որպես բազմանկյուն և տեքստ սպառող տարբեր շերտերին ներկայացնող բովանդակություն, խճճում՝  հաճախ միտումնավոր, նաև հենց վերոգրյալ հարցերին չանդրադառնալու պատճառով:

Այս տեքստը գրում  եմ՝ հույսով, որ ընթերցողները, որպես տեքստի համահեղինակ, և մանավանդ՝ տեքստագիրները, այս տեքստի ներքո կամ այլուր կվերամտածեն ու կկիսվեն տեքստ գրելու իրենց փորձառությամբ, կօգնեն նաև ինձ վերաիմաստավորել (հիմնականում՝ իմաստավորել)  իրենց տեքստի գոնե գործառույթային նշանակությունը: