17.03.2014 15:33

Ուստա Հրանտի բլոգ. Հիմա՞ր է արդյոք ընթերցողը. խոհեր ԶԼՄ դաշտի մասին

Ուստա Հրանտի բլոգ. Հիմա՞ր է արդյոք ընթերցողը. խոհեր ԶԼՄ դաշտի մասին

Մամուլում արդեն 7 տարի հրապարակվելու, ինչպես նաեւ վերջին մի քանի ամսվա ընթացքում iLur.am կայքի հետ համագործակցելու փորձս ինձ թույլ է տալիս պնդել, որ մեր ԶԼՄ դաշտում տարածված եւ գրեթե անառարկելի համարվող այն տեսակետը, թե ընթերցողին հետաքրքիր են միայն կարճ, թեթեւ եւ, վերջին հաշվով՝ եթե ոչ հիմար, ապա «հիմարացված» նյութերը, կամ առավել եւս այն կարծիքը, թե ընթերցող գրավելու լավագույն տարբերակը, պայմանական ասած՝ Քիմ Քարդաշյանի ծիծիկներն են, առնվազն չափազանցված է եւ ճշտումների կարիք ունի, եթե չասեմ՝ որեւէ կերպ չհիմնավորված կարծրատիպ է: Այդ կարծրատիպը կարող եմ հերքել նաեւ զուտ վիճակագրությամբ, ուր թվերը խոսում են իրենք իրենց անունից, բայց ավելի ճիշտ կլինի, նախ, թեմայի շուրջ մտորումներիցս մի քանիսը ներկայացնել:

Իմիջն ընդդեմ քլիքի

Իհարկե, պարզ է, որ «Քիմ Քարդաշյանը քորել է իր հեշտոցը» (լուսանկարներ) կամ էլ «Սեւանա լճում հայտնաբերվել է մարդակեր ձուկ՝ կատվի աչքերով» տիպի վերնագրերով լուրեր կամ բաններներ տեղադրելը դիտումների եւ «կտտոցների» (քլիքերի) քանակն արագ ապահովելու հաստատուն եւ անջանք միջոց է: Այս տիպի վերնագրերին կկտտացնեն նույնիսկ նրանք, ովքեր մշտապես դժգոհ են դրանցից. որպեսզի դժգոհ լինես, պետք է կարդաս, չէ՞: Բայց պարզ է նաեւ, որ դա չի կարող լինել բոլորի համար միակ ընդունելի եւ միակ հնարավոր տարբերակը՝ լրատվական դաշտում ընթերցող շահելու հարցում: Թվում է, սակայն, որ մեզանում սա համարվում է միակ իրապես արդյունավետ տարբերակը, եւ դրան դիմում են ոչ միայն զուտ ժամանցային կամ փող աշխատելու նպատակով ստեղծված կայքեր, այլեւ այնպիսիք, որոնց հիմնական բովանդակությունը, ասենք, քաղաքական է, վերլուծական, հրապարակախոսական եւ այլն: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն դիմում այս մեթոդին, միեւնույն է, հոգու խորքում մտածում են, որ ընթերցող շահելու հիմնական կերպը մնում է դա, պարզապես իրենց համար դա անթույլատրելի է այլեւայլ պատճառներով:

Բայց այստեղ կա խնդրի մյուս կողմը: Բացի ԶԼՄ-ի դիտումներից, կտտոցներից եւ այլ քանակական տվյալներից, կարեւոր է նաեւ ԶԼՄ իմիջը, որն արդեն ոչ թե քանակական, այլ որակական հատկանիշ է: Պարզ է, որ «ծիծիկների» ու «մարդակեր ձկների» հաշվին իր հաջողությունն ապահովող կայքի իմիջը լինելու է բավականին ցածր նույնիսկ նրանց մշտական ընթերցողների մեծ մասի մոտ՝ հենց նրանց մոտ, որոնք հաճույքով կարդում են ծիծիկների մասին լուրերը: Ու եթե տվյալ կայքի համար ծիծիկները ոչ թե ինքնանպատակ են, այլ միջոց, ապա իմիջի հարցն անտեսելի չի կարող լինել:

Եթե քանակական տվյալների ազդեցությունն արագ է եւ զգալի՝ կարճաժամկետ հեռանկարում, ապա իմիջի բարելավումը կամ վատթարացումը ավելի երկարատեւ հեռանկարի խնդիր է: Երկուսը՝ քանակականն ու որակականը, կարճաժամկետն ու երկարատեւը ցանկալի է հավասարակշռության մեջ պահել: Մեր նկարագրած՝ ծիծիկա-քլիքային մարտավարության դեպքում, կարճաժամկետ քանակական շահումը կարող է բերել երկարաժամկետ որակական կորստի: Նման կորստի դեպքում դրա բացասական ազդեցության վերացումը նույնպես երկրաժամկետ ջանքեր է պահանջում:

Բայց հարցը մենակ «ծիծիկները» չեն: Կան ԶԼՄ-ներ, որոնք ծիծիկների մարտավարությանը թեեւ չեն դիմում, սակայն, միեւնույն է, ելնում են «ծույլ եւ հիմար» ընթերցողի հղացքից, որին պետք է մատուցել միայն պարզեցված, կարճ եւ ոչ շատ խելոք մտքեր: Այս խնդիրը հասկանալու համար պետք է անդրադառնալ մեկ այլ երկընտրանքի, որը պայմանականորեն կկոչենք՝

Շարքային ընթերցողի գորշ առասպելն ու լսարան կառուցելու հրամայականը

Մեր ԶԼՄ-ների աշխատակիցները շարունակում են իրենց պատկերացումներում աշխատել «ընթերցողի», «շարքային ընթերցողի», «միջին ընթերցողի» հետ: Բայց շարքային ընթերցողը ոչ միայն գոյություն չունի եւ չի կարող ունենալ, այլեւ նրա մասին պատկերացումները, բացի վնասից՝ որեւէ բան չեն կարող բերել որեւէ լրատվամիջոցի առաջխաղացման մարտավարության տեսակետից: Կա մի քանի պատճառ, որով նա գոյություն չունի:

1. Նախ՝ հայաստանյան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը երբեւիցե չի անցկացրել որեւէ գիտական հետազոտություն՝ իր ընթերցողի մասին, եւ բոլոր խոսակցությունները, դատողությունները, եզրակացությունները «շարքայինի» մասին վերցված են բացարձակապես օդից, անձնական խիստ սուբյեկտիվ պատկերացումներից եւ հասարակության մեջ տարածված տափակ, երբեւէ վերլուծման չենթարկված կաղապարներից: Ամեն մեկը կարող է առաջ քաշել իր կարծիքը՝  հղելով առասպելական շարքային ընթերցողին, որին ոչ ոք երբեք չի տեսել ու չի լսել, ինչպես նաեւ չի տեսնելու ու չի լսելու, քանի որ եթե որեւէ մեկը նույնիսկ ուզենա ավելի համարժեք գիտական պատկերացում կազմել նրա մասին, ապա մեր ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը ոչ փող ունի նման հետազոտություն ֆինանսավորելու, ոչ ցանկություն, ոչ էլ անհրաժեշտ գիտակցություն կամ մշակույթ, որը թույլ տա թեկուզ փողի առկայության դեպքում կազմակերպել նման բան կամ օգտվել դրա արդյունքներից: Բայց դա էլ ամենակարեւորը չէ:

2. Շարքային ընթերցողն այսօրվա տեղեկատվական բազմազանության, ապակենտրոնացման պայմաններում՝ իմաստազրկված հասկացողություն է: Միգուցե 20-րդ դարի պայմաններում այն ուներ ինչ-որ սահմանափակ նշանակություն, բայց ոչ այսօր: Խնդիրը պետք է լինի ոչ թե ընթերցող, այլ ընթերցողի այս կամ այն կոնկրետ տիպը փնտրելն ու գտնելը: «Բոլորի» համար հետաքրքիր լինելու մասին կարող են իրենց թույլ տալ մտածել միայն մի քանի՝ համաշխարհային բրենդեր ներկայացնող ԶԼՄ-ները: Բայց նույնիսկ Հայաստանի մասշտաբով՝ հնարավոր չէ լինել բոլորի համար: Մեծ հաշվով, նույնիսկ, եթե այդպիսի նպատակ դրվի մեր երկրում, ապա դա կարող են քիչ թե շատ իրատեսական համարել միայն խոշոր հեռուստաընկերությունները, բայց ոչ երբեք տպագիր կամ համացանցային ԶԼՄ-ները: Դրանց շահառուների քանակն ի սկզբանե սահմանափակ է եւ որոշակի թվից այն կողմ չի կարող անցնել զուտ տեխնիկապես:

Լսարան փնտրել, գտնել եւ ձեւավորել

Հետեւաբար՝ պետք է մտածել ոչ թե առասպելական միջինացված ընթերցողի մասին, այլ փորձել մոդելավորել սեփական լսարանը՝ ընթերցողի այն հատուկ տիպը, որը պատկերացնում եք ձեր ԶԼՄ-ի համար, որի շահերը պատրաստ եք սպասարկել, եւ որի սիրտը շահելու համար պատրաստ եք ջանքեր գործադրել:

Լսարանը պետք է փնտրել, գտնել, ձեւավորել եւ պահել:

Փնտրելը իրականացվում է փորձելով, գտնելը՝ վիճակագրությանն ու անդրադարձներին ուշադիր հետեւելով՝ սրանք համեմատաբար կրավորական գործողություններ են: Իսկ ահա լսարան ձեւավորե՛լն ավելի ստեղծագործական գործընթաց է: Այն ենթադրում է ոչ միայն կրավորական, այլեւ ներգործուն մարտավարություն, ինչպես նաեւ մի քանի հարցերի պատասխաններ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Ուստա Հրանտ, վերջին վերլուծագանգ