18.03.2014 18:12

Քաղաքական անեծք. Բաղդասարյանների հույսին մնաս

Քաղաքական անեծք. Բաղդասարյանների հույսին մնաս

Սերժ Սարգսյանն ու նրա համար քարոզչություն անողները շատ յուրահատուկ «խասյաթ» ունեն. նրանք հանդիպում են տարբեր գործիչների հետ, ինչ-որ գործընթացների են մասնակցում, ու անկախ այն հանգամանքից, թե ինչպես են մարդիկ տեսնում այդ գործընթացները, կամ ինչ են ասում եւ անում մյուս բոլոր կողմերը հանդիպումներից հետո՝ իրենք առանց կարմրելու շարունակում են ամեն ինչ ներկայացնել ըստ իրենց ցանկացածի: Ասես՝ 21-րդ դարում ոչ համացանց կա, ոչ էլ՝ տեղի ունեցող զարգացումների մասին իրենցից բացի այլ մեկնաբանություններ տվող: Ընդ որում՝ նշված պնդումը կարելի է պրոյեկտել քաղաքական բոլոր զարգացումների վրա, բայց այս անգամ դառնանք դեպի Եվրամիություն-Մաքսային միություն պատմությունը: Առավելեւս, որ նման առիթ ունենք:

Եւ այսպես, ԵՄ-ՄՄ այս ողջ պատմության ընթացքում ամենահիշարժան հանգամանքն այն էր, որ եռանկյունու երկու կողմերը իշխանություններին հստակ ասում էին՝ «կամ-կամ» (ընդ որում՝ այս պարագայում նույնիսկ չենք էլ քննարկում արդեն այն հանգամանքը, որ «կամ-կամ»-ի տաշտակի առաջ կանգնեցինք հենց ՀՀ իշխանությունների շնորհիվ), բայց ահա «մերոնք», հայտնի կենդանու համառությամբ (ընդ որում՝ բոլոր մակարդակներում), շարունակում էին պնդել, թե՝ ժողովուրդ ջան, արդա՜ր է, արդա՜ր է, «եւ-ե՜ւ» է: Նրանք մեզ՝ «կամ-կամ», սրանք նրանց՝ «եւ-եւ» է:  

Մի խոսքով, այնքան խաղացին քաղաքական տունտունիկն այդ, որ վերջում գլխներին փորձանք բերեցին. Սերժ Սարգսյանը Հայաստանը հեծնած իբր տանում էր դեպի Եվրոպա, ու մեկ էլ մի օրում կտրուկ շրջադարձ կատարեց օդում ու սկսեց սլանալ լիովին այլ ուղղությամբ՝ դեպի Մաքսային միություն:

Ու թեեւ Հայաստանը կանգնեցրին հերթական խայտառակ ընտրանքի առաջ՝ երկու կողմից կորցնելով վստահությունը՝ թե՛ ի Ռուսիո կողմանե, թե՛ ի կողմանե Եվրոպիո, բայց դա էլ կարծես դաս չեղավ նրանց համար: Մի փոքր դադարից հետո իշխանությունները սկսեցին երգել նույն «եւ-եւ» երգը՝ ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Իբր թե ամեն ինչ նորմալ է, ոչինչ կորսված չէ, մենք է՛լ «կամուրջ» կլինենք, է՛լ համագործակցության հարթակ:

Եւ ով չէր ամաչում իշխանություններին գովերգելուց՝ լծվել էր սույն քարոզչությանը: Ու հրես: Չամաչել ասացինք՝ հայտնվեց Արթուր Բաղդասարյանը՝ հարցազրույցով: Տեսնենք՝ ինչ է ասում: Ասում է. «…Մենք Արևելյան գործընկերության մեջ միակ երկիրն ենք, որ անդամակցում ենք ՄՄ-ին, միևնույն ժամանակ քաղաքական առաջնահերթություն ենք հռչակել ԵՄ-ի հետ մեր համագործակցության խորացումը: Դա նշանակում է, որ խելամիտ քաղաքականության պարագայում մենք մի օր կարող ենք դառնալ պատուհան ՄՄ-ի և ԵՄ-ի երկրների միջև»: Բա՛:

Բայց սա դեռ ամենը չէ, շարունակությունը «վայելենք»: Հարցին, թե «վերաբերմունքի փոփոխություն չե՞ք նկատել Հայաստանի նկատմամբ», պատասխանում է. «Վերաբերմունքի փոփոխություն կարող է լինել, և դա բնական է, որովհետև Հայաստանը հռչակեց ՄՄ-ին անդամակցության քաղաքական կուրս: Եվրոպական շատ երկրներ կցանկանային, որ Հայաստանն այլ կուրս վարեր՝ որպես Արևելյան գործընկերության անդամ երկիր: Դրանք ժամանակի ընթացքում լուծվող խնդիրներ են, և լուծման կարևոր տարբերակներից մեկն էլ ՀՀ-ԵՄ նոր օրակարգի ձևավորումն էր: Հայաստանի այդ մոտեցումը շատ լավ են ընդունել մեր եվրոպացի գործընկերները, և մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը: Քաղաքականության մեջ ես շատ մեծ տեղ եմ տալիս ազնվությանը գործընկերների հետ. նրանց պետք է փաստարկված ներկայացնես քո քայլերի պատճառները»:

Վայելեցիք ու զարմացա՞ք: Ուրեմն, պարզվում է, պարոնն այս  քաղաքականության մեջ ազնվությունն է գնահատում (մեղա-մեղա՝ 2008-ը ասես չի եղել, կամ հույս ունի՝ մոռացել ենք), հետո խոստովանում է, որ մենք ամենաանհեթեթ քաղաքական իրավիճակում ենք գտնվում, բայց դա ներկայացնում է որպես առավելություն, ու մեկ էլ հույս ունի, թե մենք, միեւնույն է՝ «եւ-եւ» կանենք ու պատուհան կդառնանք՝ Եվրոպայի ու Մաքսայինի համար:

Անխոս, այս մարդու ասածները վաղուց լուրջ ընդունող չկա, ճիշտ նույնքան, որքան հենց իրեն, եւ հնարավոր է՝ նույնիսկ չարժեր էլ նրան կարդալ ու մեջբերել: Բայց կա մի բայց: Արթուրբաղադասարյանի ասածները, իշխանության (իշխանությանն՝ առանձին, քանի որ նա թեեւ մտավ իշխանության մեջ, բայց քաղաքական դաշտում նրան ու նրա կուսակցությանն արդեն ՀՀԿ-ի կույրաղիք անունն են կնքել) վարքն ու քաղաքականությունը պաշտպանելու նրա վերջին ճիգերը ցույց տալու մի պատճառ կա. ինչ անհույս վիճակում պետք է լինի մի իշխանություն, որ մնացած լինի նման անձանց պաշտպանության հույսին. ՀայկԲաբուխանյանն ու ԱրտաշեսԳեղամյանն էլ՝ վրադիր: Սերժ Սարգսյանը, իհարկե, լավ օրից չէ, որ անընդհատ դիմում է նման անձանց ծառայությանը: Պարզապես, նորմալ մարդիկ հրաժարվում են իրենց անունը կեղտոտել՝ նրան ծառայություններ մատուցելով: Ու քանի որ նորմալ մարդիկ հրաժարվում են դա անել, բնական է, որ Սերժ Սարգսյանի հույսը պետք է լինեն իրենից ավելի վարկաբեկվածները:

Հ.Գ. Ի դեպ, պատուհանի մասին: Արթուր Բաղդասարյանը որ խոսում է պատուհան դառնալուց, հենց այնպես չի խոսում: Ինքն այդ փորձը (ընդ որում՝ բազմակի) արդեն ունի. 2004-ին ինքը ԱԺ նախագահ եղած ժամանակ պատուհան դարձավ ու բացեց ԱԺ դարպասները ոստիկանների առաջ, 2008-ին պատուհան դարձավ ու բացվեց Սերժ Սարգսյանի առաջ՝ հենց մարտի մեկի նախօրեին: «Եւ-եւ»-ը քաղաքականության մեջ նրա սիրած մարտավարությունն է. ե՛ւ կույս լինել, ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ իշխանությունների հետ համագործակցել, ե՛ւ ընդդիմադիր ձեւանալ: Մի խոսքով, ծանր է թե՛ Սերժ Սարգսյանի վիճակը, թե՛ նրան պաշտպանողների:

Պարգեւ Ապրեսյան