19.03.2014 13:16

Հանրային գույքի մասսայական վաճառքն ու բնառեսուրսների գերշահագործումը՝ փող ճարելու միակ իրական միջոց

Հանրային գույքի մասսայական վաճառքն ու բնառեսուրսների գերշահագործումը՝ փող ճարելու միակ իրական միջոց

iLur.am-ի զրուցակիցն է իրավաբան Արթուր Գրիգորյանը

-Արթուր, Որոտանի հիդրոկասկադի անօրինական վաճառքի վերաբերյալ հրապարակված հոդվածում նշել էիր, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների խնդիրն է ստեղծել իրավական հիմքեր, որպեսզի այս համակարգը փոխելուց հետո օտարված պետական գույքը վերադարձնենք: Ավելի կոնկրետ, ինչպե՞ս ես դա պատկերացնում:

-Հարցն այն է, որ ԱԺ-ն, օրենսդիր գործունեությունից զատ՝ ունի նաև բազմաթիվ այլ լիազորություններ: Օրինակ, պետական անշարժ գույքի օտարման ծրագիրը հաստատել կամ չհաստատել: Երբ գործարքն ակնհայտորեն անօրինական է, պատգամավորները հնարավորություն ունեն գրագետ հարցումներով կառավարությունից կորզել այնպիսի պատասխաններ և փաստաթղթեր, որոնք կարող են հիմք ծառայել կայացած գործարքներն անվավեր կամ առոչինչ ճանաչելու համար, ինչպես դա եղավ Հայռուսգազարդի բաժնեմասի կամ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի պարագայում: Դա է պատճառը, որ նույնիսկ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենալով՝ իշխանությունը գերադասում է խուսափել պետական գույքի մասնավորեցման օրենսդրական մեխանիզմից և տարբեր իրավական աճպարարություններով շրջանցում է Ազգային ժողովի խոչընդոտը: Ավելին, հիմա էլ կառավարությունն Ազգային ժողով է բերել պետական գույքի կառավարման մասին օրենքի մի նոր նախագիծ, որով, ըստ էության, լիովին անվերահսկելի են դարձնում մեզ բոլորիս պատկանող հանրային սեփականության վաճառքը:

-Լավ, մի՞թե այսօր չկա որևէ մեխանիզմ, որը թույլ կտա վիճարկելու կառավարության որոշումները կամ գործողությունները:

-Ոչ, գործնականում այսօր այդպիսի իրավական մեխանիզմ չկա: Գործող օրենսդրությունն ու դատական պրակտիկան այնպես են մշակվել, որ հանրային տարածքների և պետական ու համայնքային գույքի վաճառքի գործընթացում առկա են երկու սուբյեկտներ՝ վարչական մարմին և մասնավոր ձեռքբերող: Թերևս, բացի դատախազությունից, որն իրավասու է դատարանում պետական գույքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել, չկա որևէ այլ սուբյեկտ, որն իրավունք ունի վիճարկելու, օրինակ՝ Որոտանի վաճառքի օրինականության հարցը, կամ, ասենք՝ Մաշտոցի հանրային պուրակը ֆայլա բազառի վերածելու՝ Երևանի քաղաքապետարանի ծրագիրը: Դրա համար էլ հարցերը լուծվում են փողոցում, և ոչ թե դատարանում:

Այստեղ պետք է հասկանանք նաև, թե ի՞նչ ասել է՝ վիճարկել կառավարության որոշումները: Իհարկե, հնարավոր է բողոքներ գրել Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, դիմել իրավապահ մարմիններին և այլն, բայց Թեղուտի գործընթացը ցույց տվեց, որ այդ բոլոր միջոցները ժամանակի անիմաստ վատնում են: Եթե խոսում ենք իրավական մեխանիզմի մասին, ապա միակ արդյունավետ միջոցը դատական պաշտպանությունն է: Իսկ օրենսդրությունը, բացի թվարկված սուբյեկտներից, որևէ մեկին հնարավորություն չի տալիս դիմելու դատական պաշտպանության: Այլ կերպ ասած՝ դատարանը քեզ չի լսում՝ թեկուզ դու հազար անգամ ճիշտ լինես, իսկ վարչական մարմինների գործողությունները՝ բացահայտորեն անօրինական: Դու չես կարող դիմել դատարան, ու վերջ:

-Կարծում  եք՝ դատարանն իրավունքի պաշտպանության արդյունավե՞տ միջոց է:

-Մենք բոլորս շատ լավ գիտենք պետական օղակներում կոռուպցիայի մակարդակն ու պետպատվերով որոշումներ կայացնելու պրակտիկան, բայց դատարանը վարչական մարմիններից տարբերվում է նրանով, որ այստեղ կա դատավարության կողմերի մրցակցություն, որտեղ իրավաբանները ներկայացնում են ապացույցներ: Եթե Որոտանի վաճառքի գործը քննարկվի դատարանում, առաջանալու են հարցեր վաճառքի գնի, Հայաստանի ամբարվող ջրային պաշարների մոտավորապես կեսն ամերիկացիներին հանձնելու օրինականության և այլ բազմաթիվ նրբությունների վերաբերյալ, որոնց պատասխանները հետագայում դատավճիռ են դառնալու թե՛ այդ գործարքի մասնակիցների և թե՛ այն դատավորի համար, ով կկոծկի գործը:

-Կարո՞ղ եք հակիրճ  նկարագրել, թե ո՞րն է խնդիրը, և ի՞նչ մեխանիզմ եք դուք տեսնում, որը թույլ կտա վերահսկելի դարձնել հանրային ունեցվածքի այս վայրենի թալանը:

-Բոլորս տեսնում ենք, որ վերջին մի քանի տարիներին հանրային սեփականության վաճառքն ու հանրային տարածքների մասնավորեցումը կարծես դարձել են անլուծելի թվացող գերխնդիր: Հայաստանը հասել է մի այնպիսի հանգրվանի, երբ հանրային գույքի մասսայական վաճառքն ու բնառեսուրսների գերշահագործումը մնում են փող ճարելու միակ իրական միջոց, քանի որ տնտեսություն՝  որպես այդպիսին, Հայաստանն այսօր չունի: Այդ նպատակով վաճառվեց Որոտանի հիդրոկասկադը, դրա համար է արհեստականորեն սնանկացվում Նաիրիտը, նույն տրամաբանությամբ են արևմտյան օֆշորներում գրանցված պետական պաշտոնյաների ընկերությունները դատարկում մեր ընդերքի ոսկին, պղինձն ու մոլիբդենը:

Որպես խնդրի լուծման տարբերակ՝ ես տեսնում եմ հանրության անդամներին և հասարակական միավորումներին որոշումներն ու գործողությունները դատական կարգով վիճարկելու հնարավորության ընձեռումը, որն ընդունված պրակտիկա է ինչպես Եվրոպական Միության երկրներում, այնպես էլ Ռուսաստանում: Հասարակական միավորումների դատարան դիմելու իրավունքն արդեն մի քանի տարի է՝ գտնվում է տարբեր միջազգային և ներպետական կառույցների օրակարգում: Ասեմ ավելին, մենք արդեն մշակել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով հնարավորություն կընձեռվի էկոլոգիայի, առողջապահության, մշակութային ժառանգության պահպանման և մի քանի այլ ոլորտներում հասարակական միավորումներին և հանրության անդամներին օժտելու վարչական մարմինների որոշումները, գործողություններն ու անգործությունը դատական կարգով վիճարկելու իրավունքով: Սա իրապես արդյունավետ գործիք կլինի Որոտանի վաճառքի պես գործարքները իրավաբանորեն ջարդելու համար: Կարծում եմ՝ արդեն առաջիկա քառօրյայի ընթացքում փաթեթը կներկայացնենք ԱԺ պատգամավորներին եւ կխնդրենք, որ ընթացք տան նրան: