19.03.2014 15:50

Ճաք տված իշխանության սինդրոմ, կամ ինչպես փախցնել գողոնը

Ճաք տված իշխանության սինդրոմ, կամ ինչպես փախցնել գողոնը

Տիգրան Սարգսյանն այսօր հերթական «սենսացիոն» հայտարարությունն է արել: Կառավարության նիստում հայտարարել է, թե երկխոսության է հրավիրում «Դեմ եմ» շարժման անդամներին: «Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականաբար՝ այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները:Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է, և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը: 
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար, և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում ՝հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը»,- հայտարարել է նա:

Թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում այս ուղերձով Սարգսյանն այս ուղերձով՝ կարելի է կռահել, վատագույն դեպքում՝ երկու անգամից: Ակնհայտ է, որ նա կամ ա/՝ երկխոսության անվան տակ ցանկանում է մի պրոցեսի մեջ ներքաշել շարժման անդամներին, որի ընթացքում նրանց պետք է փորձի համոզել, որ հրաժարվեն պայքարից ու այլեւս դեմ չլինեն, համոզի, թե օրենք որքան լավն ու պուպուշ է, կամ բ/՝ փոխզիջումներ անվան տակ կառավարությունը, մի կողմից՝ հրաժարվի իր համար ոչ կարեւոր ինչ-ինչ դրույթներից՝ փոխարենը զիջումներ պահանջելով նաեւ նախաձեռնությունից: Ասել է թե՝ կառավարությունն, ինչպես միշտ, իր շահն է հետապնդում, եւ դա նորություն չէ: Խնդիրն այն է, սակայն, որ այս հարցի շուրջ իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչներ՝  ամենատարբեր մակարդակներով, այնքան են խոսել, այնպիսի հայտարարություններ են արել՝ մեկը մյուսից խայտառակ, որ այդ ամենի ֆոնին երկխոսության կոչեր անելը նույնիսկ խնդալու կարող է թվալ:

Օրինակ՝ նույն Տիգրան Սարգսյանը հայտարարում էր. «Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության Նախագահի (հավանաբար՝ նկատի ունի Սերժ Սարգսյանին -խմբ.)գլխավորությամբ, ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա  Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձևավորող ռեֆորմ է,եւ վերջապես՝ պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ  է:… Իշխանություննայս պարագայում, օգտագործելով պարտադրանքի գործիքը՝ կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է»:

Նույն Տիգրան Սարգսյանն ասում էր. «Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային բարեփոխումը, որը ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի, որովհետև մենք ձեզ հետ միասին անցնում ենք ավելի արդար համակարգի»:

Նույն Տիգրան Սարգսյանի շեֆ Սերժ Սարգսյանն ասում էր, թե չի պատրաստվում վերանայել հունվարի 1-ից կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդնելու որոշումը՝ հակառակ հասարակական, մասնագիտական, քաղաքական լայն շրջանակների բողոքներին։

Նույն Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հայտարարում էր. «Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը: Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից»:

 Նույն Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է: …Պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»:

Նույն իշխանական թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտարարում էր. «Բայց եթե այդ բարեփոխումներին չլինի շատ լուրջ կամք, ապա դրանք կարող են իսկապես պրավալի ենթարկվել: Էդպես չի լինում, որ բարեփոխումից դժգոհողներ չլինեն, դա բացառվում է»: 

Նույն թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն ասում էր. ««Դեմ եմ» շարժման մասնակիցները չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին: Նրանք հայտարարում են, որ հանդիսանում են երկրի տերերը, բայց մոռանում են պատասխանատվության մասին, որը հաջորդ սերունդի համար կրում են երկրի իսկական տերերը: Երկրում նոր կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով առաջացած բողոքի ալիքը պայմանավորված է քաղաքացիների կարճատեսությունով և ոչ պետական մտածելակերպով»:

Սրանք ընդամենը մի քանի մեջբերումներ էին, այնինչ՝ կարելի է գտնել նման հայտարարությունների մի ամբողջ ծաղկաբույլ՝ մի քանի տասնյակներով: Սա է այս իշխանության դեմքը: Սա է այս իշխանության գործելու կերպը. Թալանել՝ անկախ ամեն ինչից, անել այն, ինչ իրենք են ցանկանում, անգամ եթե, Ս.Սարգսյանի ասած՝ «80 տոկոսը դեմ է դրան»: Իշխանություններին փող է պետք: Իսկ ճաք տված իշխանությանը՝ առավելեւս: Ու երբ այդ փողը չկա, նրանք ավելի շատ են ձեռքները տանում մեր գրպանները: Ու երբ տեսնում են, որ մենք ընդդիմանում ենք, ձեւականորեն կանչում են կեղծ երկխոսությունների՝ մինչեւ որ մեկ այլ տարբերակ մոգոնեն այդ փողն այլ ձեւով մեզանից տանելու համար, կամ էլ՝ հույսով, թե երկխոսության կանչելով՝ ընդդիմացողների կամքը կթուլացնեն: Խորտակվող իշխանության մեթոդն այս է՝ թալանել՝ դեռ որքան հնարավոր է, նաեւ ձեւականորեն երկխոսության կանչել:

Հ.Գ. Ի դեպ, Տիգրան Սարգսյանի՝ կառավարության նիստում հնչեցրած ելույթից հետո լրագրողների հետ զրույց է ունեցել աշխատանքի եւ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը: Նա հստակ հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում որեւէ էական զիջումների գնալ: Իշխանությունները, փաստորեն, հետ են մնացել զարգացումներից: Հասարակությունը չի սպասում նրանց զիջումներին: Հասարակությունն արդեն իր խոսքն ասել է, իր որոշումը կայացրել է եւ պարտադրելու է այն իշխանություններին: Իշխանություններին պարտադրվելու են թե՛ զիջումները, թե՛ փախուստը: Դե հո մազոխիստ չեն, որ փախչելու փոխարեն մինչեւ վերջ կառչած մնան աթոռներից: Բոլոր գողերն են այդպես վարվում. գողանալուց հետո փորձում են գողոնի հետ փախչել: Այլ բան, որ շատերին դա չի հաջողվում: Յանուկովիչն էլ փորձեց: Տեսանք՝ ինչ եղավ: Յանուկովիչից «դուխով» չլինեն: Ոչ էլ՝ «բախտները բերող»:

Պարգեւ Ապրեսյան