20.03.2014 15:58

ՀՀԿ-ն չի հավատում. «Ճամփա տվեք նրանց, ովքեր հավատում են»

ՀՀԿ-ն չի հավատում. «Ճամփա տվեք նրանց, ովքեր հավատում են»

Բա չիմացաք՝ ինչ եղավ: Դու մի ասա՝ հանրապետականները չեն հավատում, որ ԱԺ չորս խմբակցությունների համագործակցությունը պտուղներ կտա (մեղա-մեղա՜), եւ քանի որ չեն հավատում, ապա ամեն մեկն իր տարբերակն ու հիմնավորումն է մեջտեղ բերում առ այն, թե ինչու այդ համագործակցությունը չի կարող արդյունք տալ:

Ընդ որում՝ եթե ուշադիր հետեւենք նրանց մեկնաբանություններին, ապա նրանցից որեւէ մեկը չի բերում մի որեւէ հստակ, տրամաբանական փաստարկ, թե ինչու են իրենք կարծում, որ հաջողությունն այդ չի լինելու: Նրանք բոլորը խոսում են բացառապես տեխնիկական ինչ-որ խոչընդոտներից եւ արտահայտում են բացառապես իրենց ցանկությունները: Բայց ցանկալին իրականության տեղ ներկայացնելով՝ չեն ներկայացնում որեւէ հստակ հակափաստարկ:

Դիցուք՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում համագործակցությունը: ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ այս հարցի վերաբերյալ, արդեն քանի օր է՝  ամենատարբեր մեկնաբանություններ են հնչեցնում: Մեկն ասում է, թե անվստահություն հայտնողների ձայները Աժ-ում չեն հերիքի՝ արդյունքի հասնելու համար, մյուսն ասում է՝ ուզելը քիչ է, մեծամասնությունն է որոշողը, երրորդն ասում է, թե չի հասկանում՝ չորս ուժերի ուղածն ինչն է, չորրորդն ասում է, թե չի հավատում, որ չորս ուժերը կարող են հավաքվել մեկ նպատակի շուրջ, մեկն էլ թե ՝ եթե անցյալում նման բան չի հաջողվել անել, ապա հիմա էլ չի ստացվի:

Այսինքն, ռուսների ասած՝  սրանք մեկնաբանություններ են «вокруг до около», ոչ մի բանի մասին, բուն խնդրի հետ որեւէ աղերս չունեցող: Որեւէ մեկը նրանցից չի հիմնավորում այնպես, որ ընթերցողն ասի՝ դե հա՛ էլի, ճիշտ են ասում էս մարդիկ, ի՞նչ կարիք կա պահանջել այս կամ այն իշխանավորի կամ ողջ իշխանության հրաժարականը:

Իսկ որպեսզի նրանց լսողների կամ ընթերցողների մոտ նման տպավորություն ստեղծվի,  նրանք պետք է բերեին փաստեր, նրանք պետք է հիմնավորեին, թե ինչու է անիմաստ կոնկրետ տվյալ դեպքում պահանջել կառավարության հրաժարականը. պետք է հիմնավորեին, տնտեսական բարձր (իրական, եւ ոչ նկարված) ցուցանիշներ ցույց տային, պետք է բերեին վստահելի, իրական սոցհարցումների արդյունքներ, որտեղ կառավարությունը/իշխանությունը բարձր վստահություն ունի քաղաքացիների շրջանում, պետք է մատնանշեին կառավարության կողմից հաղթահարված գոնե մեկ ճգնաժամ, եւ, ի վերջո՝ դժվար մի ժամանակահատվածում կառավարության կողմից ցուցաբերված ռացիոնալ վարքագիծ կամ ընդունած ճիշտ որոշում, կամ գոնե՝ հնչեցված տրամաբանական մի հայտարարություն: Բայց ունենք այն, ինչ ունենք: Որեւէ հիմնավորված տեսակետ, որեւէ փաստարկ չի բերվում: Ինչո՞ւ: Այդքանը չե՞ն հասկանում: Հազիվ թե: Պարզապես չունեն ոչ մի տրամաբանական փաստարկ, որը կարող էին «աչքներս խոթել»: Ու քանի որ այդ տրամաբանական փաստարկները բացակայում են, նրանք պետք է փորձեն մեկնաբանություններ անել՝ հստակ ոչինչ չասելով, ցանկությունների, բարեմաղթանքների ու կենացների դաշտից:

Ի վերջո, հո չէի՞ն ասելու, թե չի կարելի կառավարության հրաժարականը պահանջել, որովհետեւ այն խոստացված տնտեսական աճը չի ապահովել, որովհետեւ այն, ըստ էության, կլինիկական մահվան է հասցրել մանր ու միջին բիզնեսը, մտել է բոլոր քաղաքացիների գրպանները, զարկ է տալիս արտագաղթին, իսկ արտագաղթողների վրա էլ Տիգրան Սարգսյանը «ղժժում է», թե «ի՞նչ անեինք, թողնեինք, որ այդ կրիտիկական զանգվածը մնար այստեղ ու հեղափոխություն անե՞ր»: Սերժ Սարգսյանի ասած՝ հո ախմախ չեն՝ իրական փաստերը մատնանշեն:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների կենացներին, ապա հիշեցնենք միայն, որ  առկա դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք լիուլի բավական են ոչ միայն այս  կառավարության հրաժարականին հասնելու, այլեւ՝ այդ կառավարության անդամներից յուրաքանչյուրին՝ ցմահ ազատազրկելու համար: Սա՝ իմիջիայլոց:

Հ.Գ. Ի դեպ, քանի դեռ Յանուկովիչն իշխանության էր ու Կիեւում էր, նրա ղեկավարած Ռեգիոնների կուսակցության անդամներն էլ էին ճիշտ այսպիսի վերապահումով մոտենում հնարավոր իշխանափոխության գաղափարին, նրանք էլ չէին «հավատում», որ որոշ ժամանակ անց կարող են այլեւս իշխանության չլինել: Բայց երբ Յանուկովիչը մի գիշերվա ընթացքում փախուստի  դիմեց՝ կուսակիցներին ու իր թիմին թողնելով միայնակ, նրանք բոլորը մեկ օրում դարձան հեղափոխականներից ավելի հեղափոխական, ու պարզվեց, որ նրանք որեւէ «կապ չունեին Յանուկովիչի հետ» ու վերջինիս մեղադրեցին հանցավոր հրամաններ արձակելու, երկրի բյուջեն թալանելու համար: Կասկած չկա, որ վաղն այսօրվա «անհավատ» ՀՀԿ-ականները իրենք են հենց առաջինը դատապարտելու Սերժ ու Տիգրան Սարգսյաններին, եւ շատ ավելի վատ բառապաշարով, քան ընդդիմությունը եւ անգամ Շանթ Հարությունյանը: Եւ մենք այդ օրը հաստատ տեսնելու ենք:

Հ.Գ.1 Այս առիթով մի հայտնի անեկդոտ: Հուղարկավորության ժամանակ հարազատներից մեկը հանգուցյալի մոտ կանգնած անընդհատ գոռում է «Չե՜մ հավատում, չե՜մ հավատում», եւ ակամա հերթ է գոյացնում: Հերթից մեկը գոռում է. «Ճամփա տվեք նրանց, ովքեր հավատում են»:  

Պարգեւ Ապրեսյան