Իրանցի փորձագետ. Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրների պատճառը պետք է փնտրել Իսրայելում և ԱՄՆ-ում
Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրների և անվստահության առաջացման առաջնահերթ պատճառները պետք է փնտրել Իսրայելում և ԱՄՆ-ում, այդպիսի կարծիք է հայտնել Թեհրանի «Իմամ Սադըք» համալսարանի գիտաշխատող Մահամմադ Հասան Հանին`ելույթ ունենալով Երևանում ընթացող «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածության առաջացումը տեղավորվում է Իրանը ոչ բարեկամ պետություններով շրջապատելու իսրայելական հայեցակարգի մեջ: Նույն կերպ կարելի է գնահատել նաև այդ ուղղությամբ ամերիկյան վարչակազմի ձեռնարկած ջանքերը»,- ընդգծել է իրանցի փորձագետը: Հասան Հանին նշել է, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում գոյություն ունեցող լարվածության երկրորդ պատճառը երկուստեք տեսակետերի թյուրըմբռնումն է:
Մարտի 20-21-ը Երևանում ընթացող «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետները քննարկում են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, գործընկերության և համագործակցության հեռանկարները, Հարավային Կովկասի պետությունների զարգացման միտումները: