22.03.2014 14:15

iLur Բլոգ. Նոր հին հնարավորություններ

iLur Բլոգ. Նոր հին հնարավորություններ

Հայկ Բալանյան

Ղրիմյան ճգնաժամը և ռուս-արևմտյան հակասությունների սրումը նոր իրավիճակ են ստեղծել նաև մեր տարածաշրջանում, և այդ նոր իրողության քննարկումը կարող է նաև նոր մոտեցումներ առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքականության համար:

Ռուս-արևմտյան հակասությունները բացահայտեցին պայմանական միասնական Արևմուտքի գերլարումը և խնդիրները: Իրաքի, Սիրիայի, Իրանի, Չինաստանի և այլ խնդիրների առկայության պարագայում՝ առճակատումը Ռուսաստանի հետ բացահայտեց և՛ ռեսուրսների անբավարարությունը նոր սուր ճգնաժամի համար, և՛ Ռուսաստանի կարևորությունը և հզորությունը միջազգային հարաբերություններում: ԱՄՆ քաղաքականության պատրաիարք Զ.Բժեզինսկու՝ Մոսկվայի հետ կոմպրոմիսի գնալու հորդորներն անտեսվեցին, և այժմ նույն Զ.Բժեզինսկի վստահեցնում է, որ «Ուկրաինան դեռ շատ երկար չի լինի ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ»՝ խոստովանելով, որ «եթե ուկրաինացիները դիմադրեն, ապա Արևմուտքը կկարեկցի, բայց ռազմական օգնության և մասնակցության սպասել պետք չէ»:

Այս անկեղծությունը բնավ չի նշանակում, որ Արևուտքը հրաժարվելու է ակտիվ քաղաքականությունից, այլ հարց է, որ այդ քաղաքականության մեջ մտցվելու են էական շտկումներ ինչպես ռազմավարության, այնպես էլ նպատակների մեջ, ինչը ենթադրում է նոր երկարաժամկետ գործընթաց և տևական՝ եթե ոչ առճակատում Մոսկվայի հետ, ապա պայքար ընդհատումներով և ակտիվության բռնկումներով: Կարելի է փաստել, որ կողմերն անցել են որոշակի Ռուբիկոնը, և մինչղրիմյան հարաբերություններին վերադարձ չի սպասվում: Եվ նկատի ունենալով ավելի մեծ կոնտեքստը՝ այլ ուժերի, հիմնականում՝ Չինաստանի գործոնը, կարելի է ակնկալել, որ այդ հին հակամարտության նոր փուլը երկարատև է և առաջիկա տասնամյակներում նկարագրելու է միջազգային քաղաքականությունը և Հայաստանին վերաբերող գործընթացները:

Մեր տարածաշրջանում արևմտյան դիրքերը բավականին հզոր են. գործում են Բաքու-Թբիլիսի տրանսպորտային առանցքը, նավթա- և գազատարները, Վրաստանում և Ադրբեջանում Արևտուքն ունի բավականին հզոր դիրքեր տնտեսության և քաղաքականության մեջ, երեք երկրներում էլ առկա է էական ազդեցություն վերնախավի, կրթության, պետական ապարատի, քաղաքական ուժերի շրջանում: Կարելի է ասել, որ Արևմուտքը կորցնելու բաներ տարածաշրջանում ունի, և հետևաբար՝ պաշտպանելու: Մյուս կողմից՝ Ռուսաստանը ապացուցեց իր ախոյաններին, որ ունակ է ենթադրյալ, հիպոթետիկ ճգնաժամային իրավիճակում անիմջապես Դաղստանից ուղիղ ճանապարհով նետվել դեպի Բաքու՝ վերջ տալով իր դիրքերի նկատմամբ յուրաչանչյուր ոտնձգության: Նաև անհրաժեշտ է արձանագրել, որ այլ խնդիրների և ռեգիոնների՝ նույն Իրաքի, Սիրիայի, Իրանի, Չինաստանի և Ուկրաինայի խնդիրների համեմատ՝ ղարաբաղյան և հայ-թուրքական հարցերն Արևմուտքի համար նվազ հետաքրքիրն են և վերջնահերթը:

Թվարկված հանգամանքներից ելնելով՝ Արևմուտքի համար կարող է խոսք լինել դիրքերի պահպանման և ունեցածը չվտանգելու, ավելորդ ռիսկերից խուսափելու մասին: Եվ այդ ռիսկերից խուսափելու լավագույն միջոցը, իհարկե, ակտիվ քաղաքականությունն է և նոր զսպանակների ստեղծումը, հին պայմանավորվածությունների պահպանումը և երկխոսությունը Մոսկվայի հետ:

Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրում է. «Եթե ԱՄՆ-ը չի կարող ընդունել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, ապա կան ոլորտներ, որտեղ կարելի է շարունակել համատեղ աշխատանքը - խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում»: Եվ շարունակում է. «Մենք պետք է դիտարկենք, թե ինչ կարելի է օգտագործել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտի համար»:

Ուկրաինայի դեպքերից մեր տարածաշրջանի համար կարելի է քաղել նաև այն գիտակցումը, որ Մոսկվան ունակ է ուժային գործողության այս տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն անընդունակ է այն կասեցնել, հետևաբար՝ ամերիկյան ակտիվության նպատակն իսկապես լարման նվազեցումն է՝ ամերիկյան ազգային շահերի պահպանումով:

Սակայն ԱՄՆ քաղաքականությունը ակտիվության առիթներ է պահանջում: Այդ ակտիվացումը նաև հավելյալ, բայց ժամանակավոր միջոց է՝ Ղրիմի դեպքերի կոնտեքստում Անկարաի վրա ազդելու և Ռուսաստանին ու Թուրքիային միմյանց հակադրելու, և Մոսկվայի հետ Ղրիմի առևտրում նոր փաստարկներ գտնելու: Այս իմաստով մեզ վերաբերող ամերիկյան ակտիվությունը նաև շեղող, անհագստացնող և շատ ավելի կարևոր խնդիրների համար առևտրի մանրադրամի բնույթ ունի: Այդ քաղաքականությունը սահմանափակված է մեր տարածաշրջանում արևմտյան դիրքերի ռազմավարական պաշտպանության խնդիրներով և ստորադասված է այլ՝ ավելի կարևոր խնդիրների, և կարող է ունենալ էական անհետևողականություն և այսրոպեական դեգերումներ:

Տարածաշրջանային քաղաքականությունը քննարկելիս կարևոր հանգամանք է հանդիսանում Բրիտիշ Պետրոլիում և ռուսական «Роснефть» նավթային ընկերությունների փաստացի միաձուլման գործարքը, որը կայացավ 2012 թ. հոկտեմբերին: Գործարքի արդյունքում ВР-ն ստացավ կանխիկ 12,48 մլրդ. դոլար և «Роснефть»-ի բաժնետոմսերի 18,5%,-ը իսկ «Роснефть»-ը ձեռք բերեց ВР-ի 50-տոկոսանոց բաժնեմասը ТНК-ВР-ում՝ հանձնելով ԲՊ-ին 16,65 մլրդ. դոլար, և «Роснефть»-ի բաժնետոսմերի 12,84%-ը: Փոխարենը ВР-ն ձեռք բերեց «Роснефть»-ի բաժնետոսմերի 5,66%-ը՝ վճարելով 4,87 մլրդ դոլար: Ավելին, ընկերությունները պայմանավորվեցին Արկտիկայում գտնվող հանքերի համատեղ շահագործման մասին, որտեղ ահռելի պաշարներ կան՝ մոտ 5 մլրդ. տ. նավթ և 10 տրլն. խ.մ. գազ: Այդ ռազմավարական դաշինքի ստեղծումը մրցակիցների կողմից արժանացավ կայծակնային գրոհի՝ վարձված Գրին Փիսի սադրանքով և բնապահպանական-իրավապաշտպան մոտիվներով մամուլի կոշտ քննադատության: Այս կոնտեքստում մենք գործ ունենք տարբեր Արևմուտքների հետ, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել հայկական քաղաքականությունը պլանավորելիս:

Բրիտիշ Պետրոլիումը սովորական առևտրային ընկերություն չէ, և նման ռազմավարական բնույթի գործարքը ենթադրում է ոչ միայն ֆինանսական շահերի համընկնում, այլև քաղաքական ռազմավարության կոորդինացում, և կարելի է ենթադրել միայն, թե այդ դաշինքը ինչ դերակատարում ունի 2012 թ. հոկտեմբերից հետո տեղի ունեցած իրադարձություններում: Մեր պարագայում այդ գործոնը կարևորվում է Ադրբեջանում Բրիտիշ Պետրոլիումի լուրջ ներդրումներով, Բաքու-Ջեյհան գազատարի օպերատորի կարգավիճակով, ինչպես նաև ադրբեջանական վերնախավի հետ սերտ կապերով: Այս իմաստով Բրիտիշ Պետրոլիումի ռուսական կապերը կարող են հանդիսանալ կայունացնող, զսպող գործոն՝ մի կողմից, մյուս կողմից՝ կարող են ընկալվել որպես ռուսական ազդեցության դանդաղ և ոչ թափանցիկ ընդլայնման խողովակ: Այս իրավիճակում ռուսական սպառազինությունների մատակարարումը Բաքվին կարելի է նաև դիտարկել ոչ միայն որպես աճող Իրանին զսպելու քայլ, այլև համատեղ ներդրումների պաշտպանության ցանկություն, ինչպես նաև ադրբեջանական փողերով Մոսկվային կայունացման կամ համաձայնության վարձավճար: Ենթադրում եմ, որ ամերիկյան գործողություններն այս կամ այն կերպ պիտի հաշվի նստեն այդ իրողության հետ և փորձելու են օգտագործել այդ նավթային դաշինքը և ներդրողների շահագրգռվածությունը կայունության պահպանման հարցում՝ որպես համաձայնության հիմք, միաժամանակ՝ զսպելով Ադրբեջանում և ոչ միայն Ադրբեջանում այդ դաշինքի դիրքերի ամրապնդումը:

Ընդհանուր առմամբ՝ կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կայունացված է շատ երկար ժամանակով, պատերազմի սպառնալիքը ցածր է, քան երբեք, և առանց էքստրաօրդինար, ֆորս-մաժորային իրադարձությունների՝ տեսանելի ապագայում որևէ փոփոխություն այս խնդրում չի ակնկալվում: Այլ հարց է, թե ինչպես կօգտագործի հայկական կողմը հերթական դադարի տասնամյակը կամ տասնամյակները: Կլինի դա հերթական ինքնահանգստության ժամանա՞կ՝ ոչինչ չանելու և երկիրը մսխելու համար, թե՞ զարգացման և ամրապնդման ժամանակաշրջան: Նաև կարելի է պնդել, որ հիմնական տեսանելի էքստրաօրդինար, ֆորս-մաժորային իրադարձությունը զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանի բնակչության թվի նվազումն է՝ մինչև պետականությանը սպառնացող նվազագույն շեմ, ինչին հենց սպասում է Բաքուն:

Ինչևէ, այս պահին Մինսկի խումբն իրականում բաղկացած է մեկ երկրից՝ Ռուսաստանից:
Հայաստանի շահերի տեսակետից այդ փաստը՝ ունենալ մեկ գլխավոր բաժնետեր, մանևրելու ունակությունը սահմանափակող գործոն է: Բայց նկատի ունենալով, որ այժմ տարածությունը, հակասությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեծ են, դեռ շատ երկար ոչ մի հերթական վնասակար գործնական ծրագրի կարելի է չսպասել: Այնքան երկար, ինչքան կձգձվեն, կերկարեն ռուս-արևմտյան հակասությունները: Այդ իմաստով Միսնկի խումբը ներկայումս անգործունակ է և հետևաբար՝ անվտանգ ոչ հայանպաստ գործողությունների և որոշումների առաջխաղացման հարցում: Այլ հարց է, որ Արևմուտքը, ցանկանալով պահպանել իր տեղը, իմա՝ Երևան-Բաքու քաղցր զույգի ուղղորդման ձևաչափի՝ Մինսկի խմբի կարգավիճակը և դերը, մտահոգ հայտարարություններ է անելու. հերթական «սպառնացող պատերազմ, բեկումնային բանակցություններ, վերջին շանսը» և այլ նման բաներ:

Հայաստանի շահերից է բխում սկզբունքորեն հեռու պահել ռուս-արևմտյան առճակատման կետերը հայկական խնդիրներից, և որպես դրա միջոց՝ Հայաստանը կարող է հանդիսանալ միջոնրդ՝ երկու շահագրգիռ կողմերի համար, աջակցել Մինսկի խմբի պահպանմանը, գոյությանը՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ տարածաշրջանը լինի միահեծան ռուսական, և պահպանել Ղարաբաղի համար անվտանգ Մինսկի խումբը՝ որպես կարգավորող, բանակցող մարմին տարածաշրջանային այլ հակասությունների քննարկման և հարթման համար: Առանց նման հարթակի և երկխոսության՝ հակասությունները չեն վերանա, այլ կստանան խորքային արտահայտման և հաշիվներ մաքրելու այլ ձևեր և մեթոդներ:

Նկատի ունենալով երկուստեք խոշոր ներդրումները՝ անհնար չի թվում հասկացնել կողմերին, որ ավելորդ լարումը տարածաշրջանում հեշտ է բորբոքել, բայց հետագա հանդարտեցման համար ոչ մի կողմը (միգուցե՝ բացի Իրանից) պատրաստ չի ներդնել ռեսուրսներ: Ներկայումս ԼՂՀ ճանաչումը կամ բանակցություններին մասնակցությունը Մոսկվայի շահերից չէ և խնդիրներ կառաջացնի Մոսկվայի և Բաքու-Անկարա զույգի միջև: Նույնը ճիշտ է նաև Արևմուտքի դեպքում՝ հայելու սկզբունքով՝ ոչ ոք պատրաստ չի ճանաչել ԼՂՀ-ն՝ հրաժարվելով Անկարա-Բաքու առանցքի հետ հարաբերություններից:

Հայկական ավանդական փաստարկները, որոնց համաձայն՝ Երևանը չճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ժամանակին ընդունվել են Մոսկվայի կողմից որպես լեգիտիմ: Նոր ակնարկները( կամ խոսուն լռությունը) նույն տրամաբանության մեջ, որ Երևանը չի ճանաչի Ղրիմի կարգավիճակի փոխոխությունը և կաջակցի Մինսկի խմբի գոյությանը՝ ևս պետք է բարձրաձայնել միջոնրդների սեղանից առաջարկվող տարբերակների հղկման և փոփոխության պահանջներին զուգահեռ, մասնավորապես՝ ԼՂՀ մասնակցության հարցով: Ավելին, Հայաստանի համար տրամաբանական և լեգիտիմ շահ է Մոսկվայի առջև ԼՂՀ ճանաչման հարցի բարձրացումը՝ Ղրիմի դեպքերի ճանաչման ֆոնին՝ հասկանալով և գիտակցելով միանշանակ մերժումը և լեգիտիմացնելով սեփական քայլերը այդ մերժումը ստանալուց հետո:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացին զուգահեռ՝ կարելի է կանխատեսել նաև 2015 թ. Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակի և տարածաշրջանում Մոսկվայի դեմ Արևմուտքի հակախաղի ակտիվացումը: Մահացած Արձանագրությունների վերակենդանացումը միջոց է ակտիվացնել արևմտյան քաղաքականությունը, և Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում դրա գործիքն է: Իհարկե, խոսք անգամ չկա ինչ-որ լուծումների մասին. լուծեն, որ գործընթա՞ցը ավարտվի: Շվեյցարական ֆորմատը ունի ինքնուրույն գործառույթ՝ ապահովել Արևմուտքի համար դեպի տարածաշրջան կիսաբաց դուռ, և ոչ մի հայկական խնդիր չի լուծի, իսկ ռուս-թուրքական մերձեցման համար հիմքեր կունենա: Խոսքը գործընթացի մասին է, որտեղ Հայաստանի նման՝ Թուրքիան նույնպես հայտնվել է շահեկան վիճակում և փորձելու է արևմտյան ձգտումները, շահագրգռվածությունը օգտագործելով՝ ինքնուրույն խաղ խաղալ ռուսների հետ:

Պատմական անցյալի և ոչ վաղ անցյալի փորձից ելնելով՝ կարելի կռահել, որ ռուսները կնախընտրեն հարցերը լուծել թուրքերի հետ, այլ ոչ թե Արևմուտքի: Նպատակասլաց աշխատանքի դեպքում հնարավոր է ներկայացնել սեփական փաստարկները և հասկացնել Արևմուտքին, որ շվեյցարական արձանագրությունների վերակենդանացումը չի ուժեղացնի Արևմուտքին, այլ հիմք կհանդիսանա ռուս-թուրքական հերթական մերձեցման համար: Հայաստանի վրա Արձանագրությունների հարցով ճնշման փորձերը կուժեղացնեն միայն Անկարային և ռուս-թուրքական համաձայնությունը՝ բարդացնելով բույն Արևմուտքի իրավիճակը տարածաշրջանում: Որպես հայկական կողմի վրա արևմտյան ճնշման այլ հետևանք՝ կարելի է ենթադրել նաև ռուս-իրանական մերձեցումը տարածաշրջանում, որը նույնպես իմաստազրկում է ճնշումները Երևանի վրա (ոստի և Սերժ Սարգսյանի վարչակարգի վրա):

Ռուս-թուրքական հերթական մերձեցման հնարավորության հանգամանքը կարևորվում է նաև Ադրբեջանի գործոնով, որը ռուս-արևմտյան սրացման պարագայում նույնպես հայտնվել է շահեկան վիճակում և կարող է փորձել ստանձնել նույն միջնորդական դերը: Սակայն Ադրբեջանի պարագայում անհրաժեշտ է մատնանշել, որ Բաքուն պարտադիր կապելու է Ղարաբաղյան և հայ-թուրքական հարցերը՝ նպատակ ունենալով տապալել երկուսն էլ, և ֆուտբոլային Արձանագրությունների հարցում Բաքուն հանդիսանում է ինքնուրույն խոչընդոտ Արևմուտքի համար՝ անկախ պաշտոնական Երևանի գործողություններից: Իսկ ընդհանուր առմամբ՝ միջնորդության ադրբեջանական փորձերը սահմանափակվում են Միսնկի խումբը տապալելու և այլ ֆորմատով կարգավորումն ուղղորդելու՝ Բաքվի ավանդական ցանկությամբ:

Մյուս կողմից՝ հնարավոր է նաև ներկայացնել Մոսկվային հայկական փաստարկներն առ այն, որ ավելի դյուրին է չգնալ Արձանագրությունների վերակենդանացմանը, քան այս իրավիճակում ռեսուրսներ ծախսել՝ Արևմուտքի հետ նոր սակարկության գնալով և զիջումներ անել Անկարային: Մոսկվայի համար ավելի նպատակահարմար է թողնել սահմանները բացելու անընդունակության պատասխանատվությունը Արևմուտքի վրա, քան կրել Արձանագրությունների վերակենդանացման խոչընդոտի պատասխանատվությունը: Իհարկե, սահմանների անպայման և անբանակցելի բացման դիրքորոշումը նշանակում է Երևանի կողմից Արևմուտքի հետ նոր ֆուտբոլային Արձանագրությունների հարցով բանակցություններից հրաժարում և արևմտյան հավելյալ դիվանագիտական լծակի զսպում, ինչը, կարելի է ենթադրել, որ բխում է Ռուսաստանի շահերից, և նման դիրքորոշումը նույնպես կարելի է կապիտալացնել Հայաստանի համար քաղաքական կամ տնտեսական դիվիդենտների տեսքով:

Եզրափակելով՝ կարելի է մատնանշել Հայաստանի քաղաքականության որոշ ուրվագծեր.
-աջակցել Արևմուտքի ձգտումներին Մինսկի խմբի գոյության և պահպանման հարցում՝ հասկանալով այդ կառույցի դերի փոփոխությունը,
-օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի՝ տարածաշրջանի կայունացման պահպանման ձգտումից՝ հանդիսանալ այդ ուժերի երկխոսության միջնորդ,
-աջակցել Արևմուտքի ռուս-թուրքական մերձեցման կանխման միջոցներին
-աջակցել Մոսկվայի ձգտումներին՝ Արևմուտքի դիվանագիտական ներկայությունը Մինսկի խմբի բանակցային ֆորմատով սահմանափակման հարցում, շվեյցարական ֆորմատով բանակցությունները առկախել սահմանների անբանակցելի բացման փաստարկով:

Իհարկե, Սերժ Սարգսյանն այս ամենը փայլուն ձևով գիտակցում է և նույնիսկ իրականացնում է, և հարցը մեկն է. ինչպե՞ս կօգտագործվեն այս բացվող նոր հնարավորությունները՝ սեփական իշխանության հարցերը լուծելու համա՞ր, թե՞ ընձեռված հնարավորությունները կնյութականացվեն երկրի քաղաքական և տնտեսական հնարավորությունների համար: Դա, իհարկե, Ս.Սարգսյանի ընտրության հարց է: