25.03.2014 14:09

Գերմանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներկայացումը վրդովեցրել է թուրքական համայնքին

Գերմանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներկայացումը վրդովեցրել է թուրքական համայնքին

Կոնստանցա դրամատիկական թատրոնում հաջողությամբ տեղի է ունեցել Էդգար Հիլզենրատի (Edgar Hilsenrath)

«Հեքիաթ մահից առաջ» վեպի հիման վրա ներկայացման պրեմիերան, որում խոսվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, պրեմիերայի նախօրեին թատրոնից պահանջել են չեղյալ հայտարարել մարտի 21-ին նախատեսված ներկայացումը: Բացի այդ, Կարլսրուեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել այդ տարիների իրադարձությունների տարբեր մեկնաբանությունների մասին:

Ինչպես մարտի 23-ին հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով Կոնստանցայի ոստիկանությունը, առաջին ցուցադրության օրը  թատրոնի դիմաց ցույց է անցկացվել, որին մասնակցել էր շուրջ 100 մարդ: Ցուցարարների դժգոհությունն է հարուցել ներկայացման պաստառը, որում պատկերված է հատակին պառկած մարդ՝ ծածկված սպիտակ կտորով, իսկ վերևում ծածանվում է թուրքական դրոշը: Պաստառի վրա մեջբերված է Ռեջեփ Էրդողանի խոսքը. «Մեր պատմության մեջ Ցեղասպանություն չի եղել»:

Բադեն- Վյուրտեմբերգի հայկական համայնքն իր հերթին դժգոհությունն է հայտնել բողոքի ակցիայի առնչությամբ: «Այն, որ Թուրքիան մինչև հիմա ժխտում է Ցեղասպանության փաստը, վկայում է վերջինիս տգիտության մասին: Եթե այն նույնիսկ Գերմանիայում է պահանջում խեղաթյուրել պատմությունը, դա արդեն անխոհեմություն է: Մենք այստեղ՝ Կոնստանցայում, ականատես ենք պատմական ճմարտության ու արվեստի ազատության դեմ անհեթեթ պայքարի»:

Պրեմիերան կայացել է, սակայն վիճահարույց պաստառները թատրոնն, այնուամենայնիվ, հանել է, ինչպես պարզաբանել է թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը՝ «թուրքական համայնքի հանդեպ հարգանքից ելնելով»: Թատրոնի տնօրենը միաժամանակ ընդգծել է, որ Գերմանիայում «արվեստն անսահմանափակ ազատություն ունի»: