25.03.2014 16:26

Այդքան ջահել, բայց արդեն Բաբուխանյան

Այդքան ջահել, բայց արդեն Բաբուխանյան

Այն, որ Սերժ Սարգսյանը հատկապես իշխանության գալուց հետո առաջնորդվում է իր շրջապատում գտնվող բոլորին «փչացնելու» ռազմավարությամբ, հայտնի փաստ է: Սերժ Սարգսյանը իր ազդեցությունն այս կամ այն գործչի վրա տարածում է՝ սկսելով վերջինիս փչացնելուց: Սկզբում փչացնում է, հետո «էժանով» առնում: Բանն այն է, որ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ փչանալուց հետո շատ քչերը խիզախություն կունենան մաքրել իրենց ճակատից խարանը ծախվածի ու նորից ազնիվ խոսք ասել հանրությանը: Այս հարցում, ի դեպ, Սարգսյանի հաճախորդներին մի քանի մասի կարելի է բաժանել:

1. մինչեւ «ծախվելը» ընդդիմություն ներկայացած կամ ընդդիմադիր գործունեություն ծավալած անձինք

2. որոշակի անուն ունեցող անձինք (մշակույթի, սպորտի, այլ ոլորտներում)

3. երիտասարդներ

Վերջիններիս հարցում Սարգսյանն ընդհանրապես առանց սահմանների ցինիկություն է դրսեւորում: Սաքուլիկներն ու հայկուլիկները՝ դրա լավագույն ապացույցը:

Հայտնի փաստ է՝ երիտասարդները սովորաբար ցանկացած երկրի ամենաակտիվ եւ ամենաըմբոստ խավն են համարվում: Հայաստանում, սակայն, Սարգսյանը՝ ՀՀԿ-ի ձեռամբ, ջանում է կոմսոմոլի «լավագույն ավանդույթներով» նրանց վերածել մի ընդհանուր՝ մոխրագույն զանգվածի՝ «նույն շղթայով շղթայված, նույն նպատակով կապակցված», ինչպես հայտնի ֆիլմում է ասվում: Բոլորը պետք է ունենան դեմքի նույն արտահայտությունը, նույն վարքը, խոսեն նույն բառապաշարով, չունենան սեփական մտքեր ու տեսակետներ, նրանց գործառույթը իշխանություններին հնարավորինս քծնելն ու դրա արդյունքում քաղաքական կարիերա ու անձնական բարեկեցություն ապահովելը պետք է լինի:

Եւ ի դեպ, առաջին անգամ չէ, որ Սարգսյանը, սեփական իշխանությունը պահելու մոլուցքով տարված՝ Հայաստանին այնպիսի վնասներ է հասցնում, որ դրանք տասնամյակների կտրվածքով անդառնալի են թվում, ու իշխանափոխությունից հետո դեռ երկար ժամանակ դժվար է լինելու վերացնել այդ վնասների հետեւանքները: Երիտասարդների «մոխրագույնացումը»՝ ՀՀԿ-ի կրծքանշաններով ու ոչինչ չարտահայտող դեմքի արտահայտությամբ, Սարգսյանի իշխանության հիմնական նպատակն է: Ու որպեսզի այս ռազմավարությունն ավելի արդյունավետ լինի, Սարգսյանն իր իշխանության մեջ է ներառել նույն վարքով ժամանակին աչքի ընկած մի շարք երիտասարդների: Եւ սրանք, ահա, պետք է փարոս լինեն ՀՀԿ ճիրաններում հայտնված երիտասարդների համար, պետք է օրինակ ծառայեն, իբրեւ՝ տեսեք, ա՜յ, որ դուք էլ լինեք նրանց պես, դուք էլ կդառնաք պատգամավոր ու նախարար:

Կարեն Ավագյան, Շարմազնով, Աշոտյան, Դավիթ Սարգսյան եւ մյուսները. նրանք հենց այդ նպատակով են հայտնվել իշխանության վերնախավում: Նրանցից, մեծ հաշվով, Սարգսյանին մեծ օգուտ չկա: Միակ օգուտն, ինչպես Սարգսյանն էր ասում, այն է, որ նրանց պետք է տանեն բուհեբուհ ու որպես օրինակելի վարքի էքսպոնատ՝ ի ցույց դնեն երիտասարդներին:

Այս էքսպոնատ երիտասարդներին էլ, ի դեպ, կարելի է երկու մասի բաժանել: Ագրեսիվ քծնողների եւ քաղաքական «դոնդողների»:

Ագրեսիվ քծնող երիտասարդների շարքում, բնականաբար, կհայտնվեն Կարեն Ավագյանի ու Շարմազանովի տիպի անձինք:

Քաղաքական «դոնդող» երիտասարդների շարքում էլ՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի տիպի անձինք:

Ու եթե առաջինների դեպքում ամեն ինչ վաղուց լիուլի ասված է, ապա երկրորդ տիպին արժե առանձին անդրադարձ կատարել:

Դիցուք՝ Դավիթ Սարգսյանը: Սույն անձի՝ նախարարի պաշտոնում նշանակվելու օրվանից հայտնի էր այն, որ նա Տիգրան Սարգսյանի սանիկն է, ծնվել է 1977 թվականին, «ընկնում է» կենսաթոշակային նոր համակարգի տակ, բայց լինելով այդ համակարգի համար հանրության դեմ ամենաագրեսիվ ու ակտիվ «կռիվ տվողներից» մեկը, ջատագովների ջատագովը՝ կամավոր չէր միացել կենսաթոշակային նոր համակարգին (դե, երեւի մի բան, ամեն դեպքում, գիտեր), ունի երկու բնակարան, բանկում 1 մլն դրամ եւ 55 հազար դոլար (նաեւ կին, ով բանկում ունի 100 հազար դոլար, 3 մլն դրամ, տրված փոխառություններից ստանում է տոկոսներ, բայց ամսական ստանում է ընդամենը 200 հազար դրամից էլ քիչ աշխատավարձ), եւ ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս «խիզախ» հայտարարություններով: Բայց իր «խիզախությամբ» Դավիթ Սարգսյանը դեռ չի կարողանում հասնել առաջին տիպի երիտհանրապետականներին եւ անգամ՝ Հրայր Թովմասյանին, ով վերջին շրջանում ագրեսիվ հայտարարություններով փորձում է մաքրել Արմեն Ռուստամյանի կողմից իր ճակատին դաջված «չաթլախի» խարանը:

Սա է այս «տեսակի» երիտհանրապետականների առօրյան: 

Խնդիրն այն է, սակայն, որ եթե վաղուց սպառված քաղգործիքների համար օր ծերության վաճառվելը սեփական կյանքն «իմաստավորելու» եւ ինչ-որ մեկի համար պիտանի դառնալու հարցում վերջին շանսը ստանալու գերխնդիր էր, ապա երիտասարդների դեպքում քաղաքական կենսագրությունը ջահել-ջահել զոհելու հանգամանքն առնվազն տարօրինակ է:  Հատկապես այն դեպքում, երբ իրենք էլ մեզանից լավ են հասկանում, որ ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ առավելեւս (որովհետեւ՝ քիչ է մնացել): Ու այս պարագայում, դեռ քաղաքականություն չմտած՝ սեփական կենսագրությունն այս աստիճան արատավորելը, ու դեռ քաղաքականապես չհասունացած՝ այս աստիճան փչանալն առնվազն տարակուսելի ու ցավալի է: Փաստորեն, եթե նայենք Սերժ Սարգսյանի կողմից «փչացվածների» ցանկին, ապա կարող ենք արձանագրել, որ երիտկարիերիստներն այս պակաս խոհեմ դուրս եկան, քան նույնիսկ գեղամյաններն ու բաբուխանյանները:

Իսկապես որ, այնքան էլ ցանկալի բան չէ՝ ջահել-ջահել վերածվել Բաբուխանյանի:

Պարգեւ Ապրեսյան