26.03.2014 18:29

Աշոտյան ունես, գլուխդ քորի

Աշոտյան ունես, գլուխդ քորի

Գյադե՛ք, էս կողմն անցեք, չէ՛, 

Գյադե՛ք, է՛ս կողմն անցեք:

Քաջ Նազար

Հայրենի խորհրդարանում ամեն նստաշրջանի ժամանակ ներկայացումներ են բեմադրվում: Պարզապես ամեն անգամ գլխավոր դերակատար ՀՀԿ-ականներն են փոխվում: Մի անգամ մեկի բենեֆիսն է լինում, մյուս անգամ՝ էն մյուսինը: Ու մինչ հայ հանրությունը ջանում էր մարսել Գալուստ Սահակյանի կողմից Հովհաննես Թումանյանին ցիտելու փորձերը, պարզվեց, որ այսօր էլ Արմեն Աշոտյանի բենիֆիսն է:

ԿԳ Նախարար նշանակված երիտհանրապետական Աշոտյանը ոչ մի կերպ չի ցանկանում խոսել իր ղեկավարած համակարգի թերություններից, փոխարենը՝ ամեն հարցի քննարկման ժամանակ, ոնց էլ լինի՝ մի անդրադարձ է կատարում քաղաքականությանը: Դե մարդուն հենց դրա համար էին ժամանակին դարձրել պատգամավոր. խոսել իմացողներ այդ կուսակցությունում՝ գիտենք, որ քիչ են, էլ չենք խոսում՝ գրագետ խոսել իմացողների մասին: Ու քանի որ նա, ի տարբերություն իր մի շարք գործընկերների՝ կարողանում էր բարդ ստորադասական նախադասություններ կազմել, նրան դարձրին պատգամավոր ու ասացին՝ խոսի՛ր: Բայց ինչպես ինքը՝ Աշոտյանն է սիրում ասել, իր պահվածքով նա «հիշեցնում է 90-ականների Ռուսաստանը, երբ մի քանի հատ «Լասկովի մայ» էր երկրում պտտվում գաստրոլներով»: Մեկ խոսում է ԿԳ նախարար Աշոտյանը, մեկ՝ նախկին պատգամավոր Աշոտյանը, մեկ՝ ՀՀԿ-ական Աշոտյանը: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները չեն էլ փորձում մի գրամ անգամ խղճալ երիտասարդ «քաղաքական գործչին» եւ մինչեւ իրենց հեռանալը՝ փորձում են փչացնել նրան այնքան, որ իշխանափոխությունից հետո նա քաղաքական դաշտում երեւալու համարձակություն անգամ չունենա: Կամ էլ՝ իշխանությունները ուղղակի «ղժժում են» իրենց երիտասարդ գործընկերների վրա՝ ուղարկելով նրանց «գյուլլի բերան»: Ուղարկում են ամբախ-զամբախ խոսելու, ու համապատասխան արձագանքի արժանանալուց հետո երեւի նայում են տեսագրությունները ու ասում՝ «տեսա՜ք՝ ոնց ձեզ փչացրինք»:

Ծանր է, ինչ խոսք, իշխանական համակարգում Աշոտյան աշխատելը: Ի դեպ, նույնքան ծանր է նաեւ Շարմազանով աշխատելը, Կարեն Ավագյան աշխատելը, Դավիթ Սարգսյան աշխատելը, ու նույնիսկ Հրայր Թովմասյան աշխատելը: Ծանր է, որովհետեւ էդ մի երկու-կոպեկը, որ իշխանությունները իրենց մեծ թալանից սրանց են տալիս, հետո քթներից են բերում: Ամեն րոպե ստիպում են սրանց հրապարակային փչանալ: Ճիշտ այնպես, ինչպես կրկեսում կենդանի վարժեցնողները, որ փոկին մի երկու հատիկ ձուկ են տալիս ուտելու, հետո թե՝ փո՛կ, թռի՛ր, փո՛կ, վարժությո՛ւն արա:

Հիմա էս իշխանություններն են: Քաղաքական դատը կրկեսի են վերածել: Մեյդան են հանել իրենց փոկերին եւ ասում են՝ փո՛կ, ցատկիր, փո՛կ, գալարվիր, ապրե՛ս, փոկ, առ քեզ ձուկ, փո՛կ:

Պարգեւ Ապրեսյան