27.03.2014 15:40

ՀՀԿ-ական պատգամավոր. Կառավարություն բացելով՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվի

ՀՀԿ-ական պատգամավոր. Կառավարություն բացելով՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվի
Լուսանկարը՝ Aravot.am-ից

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանը

-Հայաստանում ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատ է, Սերժ Սարգսյանի հանձնարարած 7 տոկոս աճը կառավարությունը չկատարեց: Մի շարք այլ ոլորտներում էլ բացասական ցուցանիշներ են արձանագրվում: Որպես ՀՀԿ-ական՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

-Ցուցանիշների գնահատականներն ըստ միջազգային նորմաների է կատարվում, որովհետեւ այդ իրավիճակը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ աշխարհում է ստեղծվել: Ճգնաժամը գոյություն ունի եւ առաջիկայում էլ սպասվում է, որովհետեւ հիմա ուկրաինական խնդիր է ստեղծել, որը անմիջապես կազդի մեր վրա եւս: Հայաստանի տնտեսությունը շատ նուրբ է, անմիջապես ազդեցություն ունենում է մեր վրա, որովհետեւ մենք կախված ենք այլ երկրներից, իրենց տնտեսությունից, ու թեթեւ տատանումները ազդում են մեր վրա: Սրանք են պատճառները, որ ծրագրավորած շատ խնդիրներ չեն կարող հասցնել իրենց նպատակին:

-Ուղղակի տպավորություն է, որ կառավարությունը որտեղ ձախողվում է, անմիջապես փնտրում եւ գտնում է մեղավորներ՝ մատնանշելով արտաքին գործոնները:

-Չէի ասի, թե իրենք իրենց վրա չեն վերցնում, որովհետեւ՝ երբ ելույթները լսեք, հատկապես՝ վարչապետին, ինքը ազատ ներկայացնում է, որ խնդիրներ կան, որոնք դժվարություններ են առաջացնում կառավարության առաջ: Այնպես չէ, որ ամեն ինչ կապեն արտաքին ազդակների հետ: Դա կապված է մեր Հայաստանի աշխարհագրական դիրքից: Ու անկախ նրանից՝ այս կառավարությունը կլինի, թե այլ կառավարություն, եկեք խոստովանենք, մենք մեր Հայաստանն այնպես չի, որ, ասենք, առանձին, անկախ կարողանանք ամեն ինչ ստեղծել այստեղ, մեկուսանանք աշխարհագրական դիրքից: Մենք միշտ լինելու ենք կախվածության մեջ: Վրաստան-Ռուսաստան հակամարտությունից ավելի շատ տուժվել է Հայաստանը, քան Վրաստանը: Տնտեսագիտական հաշվարկներն են դա ասում: Այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հակամարտությունները՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, լուծվեն, կամ վրաց-ռուսական հակամարտությունը երբ վերանա, Հայաստանի տնտեսական խնդիրները կլավանան: Այնպես որ, չեմ կարծում, թե կառավարությունն իր սխալները չի ընդունում. եթե աշխատանք կա, դա անթերի չի լինում:

-Ձեր կարծիքով՝ որո՞նք են կառավարության թերությունները, ի՞նչն են նրանք սխալ անում:

-Չեմ կարծում, որ սխալ է: Այստեղ ոչ թե սխալն է, այլ՝ կառավարության ծրագիրն իրականացնելու համար իրենք հանդիպում են այնպիսի խոչընդոտների, որ դժվարություններ կան, ու դրանք պետք է փորձել հաղթահարել:

-Եթե ՀՀԿ-ական չլինեիք, էլի կպաշտպանեիք կառավարությանը:

-Ես ոչ թե պաշտպանում եմ կառավարությանը, ես կառավարության անդամ չեմ, բայց իրականությունն եմ ասում: Հեռվից ամեն ինչ հեշտ է թվում, բայց երբ սկսում ես գործը կատարել, տեսնում ես խոչընդոտները, խնդիրները: Խոչընդոտները միշտ չէ, որ կարող ես հաշվի առնել: Կարող է այնպես ստացվել, որ գործընթացի ժամանակ առաջանան խոչընդոտներ, որոնք պետք է միասնական հաղթահարել:

-Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել էր 7 տոկոս տնտեսական աճ ապահովել 2013թ., այլապես՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հիմա ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պահում այդ կառավարությանը, ինչո՞ւ չի ստիպում հրաժարական տալ, կամ ինչո՞ւ նրանց անվստահության հարցը չի դնում:

-Այնպես չի, որ այս կառավարությունը վատն է, եկեք նորը բացենք: Կառավարություն բացելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվի: Կառավարությունն այն չէ, որ կարողանա բոլոր խոչընդոտները հաղթահարել: Բայց  սա այն կառավարությունն է, որ կարող է ՀՀ-ում իրականացնել աշխատանքները, ծանրաբեռնված աշխատանքով կարողանում են հասնել նրան, ինչ այսօր կա: Այնպես չէ, որ այսօր կա մի նոր կառավարություն, որին բերենք, դնենք, ու նա հաղթահարի բոլոր խնդիրները:

-Իսկ միգուցե կա՞:

-Ես չեմ տեսնում:

-Բայց այս կառավարության հետ ինչ ասես՝ եղավ. օֆշորային սկանդալ, տնտեսական անկում, աղքատության աճ եւ այլն:

-Քննադատելը հեշտ ա, քան ինչ-որ գործ կատարելը: Փաստորեն՝մարդիկ կան, որ քննադատում են, բայց չեն ուզում գործին մոտենան:

Արման Գալոյան