29.03.2014 10:27

Նոր և հին հայկական գրքեր. Թադևոս Ավդալբեկյան. «Բանասիրական և հրապարակախոսական երկեր, նամակներ»

Նոր և հին հայկական գրքեր. Թադևոս Ավդալբեկյան. «Բանասիրական և հրապարակախոսական երկեր, նամակներ»

Ուստա Հրանտ

Մարքսի «Կապիտալի» հայերեն թարգմանչի՝ տնտեսագետ, գրականագետ, հրապարակախոս, 1937-ի հալածանքների զոհ Թադևոս Ավդալբեկյանի անունն այնքան էլ լայն ճանաչում չունի. մշակութային ժառանգականության կապի խզման հայտնի խնդիրն է: Նրա գործերը գուցե և հանճարեղ չեն, բայց հաստատ ունեն իրենց հետաքրքրությունն ու արժեքը նաև այսօրվա ընթերցողի համար՝ մի քանի տեսակետից:

Ավդալբեկյանի «Բանասիրական և հրապարակախոսական երկեր, նամակներ» 1000 էջից ավելի ծավալ ունեցող հատորը, որը լույս է տեսել Երևանում 2011-ին, կարիք ունի համեմատաբար մանրամասն գրախոսության և ներկայացման, որի ժամանակը, ցավոք, այս պահին չունենք: Դրա համար սահմանափակվենք միայն ամենակարճ ակնարկով:

Հատորի առավել արժեքավոր մասերն են հեղինակի գրականագիտական ստեղծագործությունները և հրապարակախոսությունը:

Գրականագիտական գործերը նվիրված են Աբովյանի, Մուրացանի, Նալբանդյանի, Հովհաննես Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությանը: Ավդալբեկյանի մեթոդը խիստ տարբերվում է ցայսօր մեր գրականագիտության մեջ տարածված անհատական-քնարական մեթոդից, որով հեղինակը քննվում է իր անհատական հանճարեղության տեսակետից, իսկ գրականագետն էլ ինքն իրեն դնում է ավելի շատ պոետի և ճարտասանի, քան վերլուծողի և գիտնականի տեղ՝ միջնադարյան վարք սրբոցի յուրահատուկ վերապրուկ նոր դարաշրջանում: Ավդալբեկյանի հիմնական շեշտն այն է, որ յուրաքանչյուր գրող իր ժամանակի և իր սոցիալական պայմանների ծնունդն է և արտահայտիչը: Անհատական հատկությունները նրա վերուծություններում երկրորդ պլան են մղվում: Այդու Ավդալբեկյանի գրականագիտական վերլուծությունները սոցիոլոգիական են՝ համահունչ իր ապրած դարաշրջանի գիտական տեսություններին: Այսօրվա ընթերցողի տեսակետից՝ դրանք, իհարկե, կարող են բավականին միամիտ, պարզունակ, միաշերտ թվալ: Ինչ վերաբերում է հայ ընթերցողին, ապա Ավդալբեկյանի՝ թեկուզ և մեկ դար հնություն ունեցող կամ այսօրվա տեսակետից պարզունակ սթափությունը, գիտական մոտեցումը գրական երկի նկատմամբ, կարծում ենք, օգտակար և նույնիսկ թարմ կարող է լինել և այսօր:

Ավդալբեկյանի հրապարակախոսությունն ընդգրկում է 1906-21 թթ. տարբեր, առավելապես՝ հասարակական-քաղաքական թեմաներով գրված նրա հոդվածները ժամանակի հայկական առաջատար պարբերականներում: Մեծ մասը 1918-21 թթ.  նյութեր են, ինչը, կարծում եմ, առավել հետաքրքիր է դարձնում դրանք՝ ընթերցողի տեսակետից: Այս հոդվածների մեծ մասն, իհարկե, խիստ կողմնակալ է, ինչը բնական է, քանի որ այդ հոդվածները գրվել են սուր քաղաքական վեճերի շրջարկում: Հիմնական թիրախը տարիների ընթացքում մնում է այն ժամանակվա առաջատար հայկական քաղաքական ուժը՝ Դաշնակցությունը, որի նկատմամբ, կարծում եմ, Ավդալբեկյանը միշտ չէ, որ արդարացի է: Բայց, բնականաբար, մեզ այսօր այդ հրապարակախոսության մեջ հետաքրքիր է ոչ թե դրանց՝ պահի կոնկրետ ուղղվածությունը, այլ դրանց արժեքը՝ որպես պատմական փաստաթղթեր, որոշ դեպքերում էլ՝ այսօրվա հետ զուգահեռներ ունեցող դեպքերի արձագանք: