31.03.2014 18:23

«Պարտադիր կուտակայինի» պարտադիր մերժումը

«Պարտադիր կուտակայինի» պարտադիր մերժումը

Այն, ինչ արդեն երկրորդ օրն է՝ տեղի է ունենում Սահմանադրական դատարանում, դժվար թե հնարավոր լինի բնութագրել  որպես սովորական հայցի քննություն: Նախ՝ սա այն կարևոր հարցերից է, որին հետևում է հասարակության զգալի մասը. Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ հասարակության 80 տոկոսը: Եւ երկրորդ, սա այն հայցերից է, որոնց պարագայում հանրությունը նորից սպասում է՝ արդյո՞ք այս անգամ էլ ՍԴ-ն իշխանահաճո վճիռ կկայացնի, թե՞ այս անգամ պետք է սպասել «արդար վճռի»:

Բայց ամենակարևոր նրբությունն այստեղ թերևս այն էր, որ եթե անգամ ելնելու լինենք այն «դառը փորձից», որ մինչև հիմա Սահմանադրական դատարանը կայացրել է հիմնականում իշխանահաճո վճիռներ, և որ, ըստ էության, իշխանությունը իր գրպանում «դրած ունի» ՍԴ-ն, նույնիսկ այդ դեպքում իշխանությունների ներկայացուցիչները երկու նիստերի ժամանակ՝ որպես պատասխանող կողմ, չկարողացան երկու նորմալ, փոխկապակցված միտք արտաբերել ու հիմնավորել պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման գաղափարը:

Պատասխանող կողմը ներկայացնող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսում էր ամեն ինչի մասին, հարակից մեկնաբանություններ էր անում ամենատարբեր առիթներով, պարբերաբար շեղվում էր թեմայից, բայց այդպես էլ հնչեցվող հիմնական հարցերի պատասխանները չէ՛ր տալիս ու չէ՛ր տալիս: Նույն վարքն էր դրսևորում նաև Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Ո՛չ մի կոնկրետ պատասխան ո՛չ մի կոնկրետ հարցի:

Ըստ էության՝ «ցրողականությունը» դարձել է այս իշխանության գործելաոճը բոլոր ոլորտներում: «Պատասխանել՝ ոչինչ չպատասխանելով». ահա այն բանաձևը, որով նրանք առաջնորդվում են: Սկզբից իշխանությունները ամեն ինչ արեցին «օտար» լրագրողների հետ շփումները հնարավորինս նվազեցնելու համար, իսկ «յուրային» լրագրողներն էլ նրանց՝ ա) երբեք չնախատեսված հարցեր չեն տալիս, և բ) ցանկացած հարցի ցանկացած պատասխան ներկայացնում են որպես սպառիչ: Ապա նրանք ցրելու քաղաքականությունը որդեգրեցին «օտար» լրագրողների պարագայում՝ եթե հանկարծ նրանք իրենց չնախատեսված վայրերում հանդիպեն, հետո նույնը արդեն՝ Ազգային ժողովում՝ «ոչ ցանկալի» պատգամավորների պարագայում:

Եւ ահա, նույն բանն արդեն երկու օր է տեղի է ունենում նաև Սահմանադրական դատարանում: Իշխանությունների ցինիզմն արդեն հասել է այն աստիճանի, որ նույնիսկ հարցի ձևական կողմը չեն ցանկանում պահպանել: Նրանք եկել են դատարան արդեն իսկ այն տրամադրվածությամբ, որ ՍԴ-ն, միևնույն է՝ մերժելու է հայցը, հետևաբար շատ խիստ «ձևեր թափելու» անհրաժեշտություն չկա:

Այս պարագայում քիչ թե շատ ինքնասիրություն ունեցող Սահմանադրական դատարանին միայն մի բան է մնում անել: Եթե անգամ կա իշխանության ամենավերևի որոշումը, որ հայցը պետք է մերժվի, միևնույն է՝ ՍԴ-ն պետք է բավարարի հայցը: Ե՛ւ այն պատճառով, որ իշխանությունները, թեկուզև ձևի համար, մի խելքը գլխին փաստարկ-հիմնավորում չեն ներկայացրել, ո՛ւ նաև՝ քանի որ, ըստ էության, իրենց այս պահվածքով իշխանությունները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել ինչպես հանրության ու հայցվորների, այնպես էլ՝ ՍԴ անդամների հանդեպ:

Պարտադիր կուտակայինի հայցը բավարարելու խնդիրն արդեն ՍԴ անդամների ինքնասիրության հարցն է նաև: Եւ ՍԴ անդամները այժմ պետք է հստակ ցույց տան ոչ միայն այն, թե իրենք օրենքի պաշտպա՞ն են, թե՞ ոչ, այլև այն, թե արդյոք նրանք ինքնասիրություն ունե՞ն, թե՞ ոչ:

Այս ամենի տրամաբանական շարունակությունը արդեն կլինի «պարտադիր կուտակային» իշխանություններին հեռացնելու հարցը: Ժամանակն է:

Պարգև Ապրեսյան