31.03.2014 21:26

Լյուսիեն Ֆրոյդ. Ես արտացոլում եմ հոգու ճիչը և թորշոմած պտղի տառապանքները

Լյուսիեն Ֆրոյդ. Ես արտացոլում եմ հոգու ճիչը և թորշոմած պտղի տառապանքները

Խեղճ բնորդուհիներ… Ինչի ասես, որ չեն դիմանում: Հեշտ չէ դիմանալ նկարչի քմահաճույքներին ու պահանջներին: Նկարիչ, որը ստեղծագործական փնտրտուքների ընթացքում մեկ զառանցում է, ընկնում հալյուցինացիայի մեջ, դառնում դաժան, անիծում գեղանկարչությունը` համարելով շան աշխատանք, մեկ էլ` երջանկության անզուսպ պոռթկումի պահին հայտարարում է. «Երբ նկարում եմ, ինձ թվում է, թե ինքս ինձ ուրախության հաճելի պահեր եմ պարգևում»: «Որպես նկարիչ իմ խնդիրն է ամրագրել շրջապատող իրականությունը: Ես նկարում եմ հոգու ճիչը և թորշոմած պտղի տառապանքները», – մեկ անգամ չէ, որ ասել է դեռևս կենդանության оրոք լեգենդ դարձած Լյուսիեն Ֆրոյդը: Նրա ստեղծագործությունների մասին գրվել են տասնյակից ավելի գրքեր ու հոդվածներ, հետազոտական էսսեներ և ատենախոսություններ: Բավական ասել, որ նրա կտավների մշտական էքսպոզիցիան ցուցադրվում է լոնդոնյան Ուելսի նշանավոր թանգարանում, Տիցիանի և Ռեբրանդտի նկարների կողքին: Ֆրոյդի աշխատանքները վաճառվել են շատ բարձր գներով, մասնավորապես` 2008թ. «Բազմոցին նստած մերկ կինը» կտավը վաճառվել է ավելի քան 33 մլն դոլարով: Ինչպես նշել են ռուսական լրատվամիջոցները, որոշ փորձագետներ Ֆրոյդին համարում են «20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկը»:

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը` Լյուսիեն Ֆրոյդը, ծնվել է 1922թ Բեռլինում: Ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո, նրա ընտանիքը 1933թ. տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Նկարիչը մահացել է 2011թ., 88 տարեկան հասակում:

Լյուսիեն Ֆրոյդ

Լյուսիեն Ֆրոյդը գնել է Սեզանի «Կեսգիշերը Նեապոլում» (L'Apres-midi a Naples) նկարը Christie's աուկցիոնում` 1,35 մլն դոլարով: Կտավին պատկերված էր հասարակաց տան մի տեսարան. հանգստացող մերկ զույգը և սպասուհին` սուրճ մատուցելիս: Այս նկարն, ասես, դարձավ նկարչի ստեղծագործությունների նախատիպը: Նկարիչը նկարում էր`սկսելով կտավի անկյունի մի կետից: Նկարն, ասես, աճում էր: Լինում էին դեպքեր, երբ նկարիչը չէր տեղավորվում կտավի մեջ, և նա դեն էր նետում գրեթե ավարտված աշխատանքը և կրկնում սյուժեն: Ֆրոյդին, ինչպես նաև նրա ընկեր Ֆրենսիս Բեկոնին քննադատները համարում էին ֆիգուրատիվ նկարչության դասականներ, ժամանակակից մոդեռնիզմի վերջին ներկայացուցիչներ: Երբ ժամանակակից էքզիստենցիալիստները` Կամյուն, Սարտրը, Ջակոմետին, Ֆրենսիս Բեկոնը հեռացան, նա համառորեն մնաց այդ հոգևոր շարժման մեջ: Ֆրոյդը ստեղծեց առանձնահատուկ սինթետիկ ժանր. նա համադրեց մերկ ֆիգուրը, դիմանկարն ու նատյուրմորտը: Դիցուք, բնորդուհու դիմանկարում գործնականում չկա տարբերություն մարմնի և դեմքի միջև, քանի որ առաջին տեղը` իր բոլոր անատոմիական առանձահատկություններով, գործնականում զբաղեցնում է բնորդի կնճռոտ ու մսոտ կազմվածքը: Ինչպես ենթադրում էին հնում, այս հոգեզրկված և մտածող մատերիան դիտարկվում է նատյուրմորտ նկարողի անկիրք հայացքով, ով նույնպիսի հայացքով դիտարկում է նաև կավե սափորը կամ սպանված նապաստակի մարմինը: Ավելի շուտ` դա հոգնած պեսիմիստի հայացք է, որը ջանում է այդ մարդկային նյութի մեջ գտնել մասնիկն այն կերպարի, որի նմանությամբ ստեղծվել է նաև ինքը:

Նկարչության քննադատներն ու գիտնակաները հակված են այն կարծիքին, որ Լյուսիեն Ֆրոյդի ստեղծագործությունների վրա պապի` հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թողած կնիքն է: Շնորհիվ Զիգմունդի ուսումնասիրությունների, ժամանակակից հոգեվերլուծաբանները փորձում են բուժել մարդկային հոգիները. գտնում են բարդույթների, ֆոբիաների ու տառապանքների պատճառները և թեթևացնում հիվանդի վիճակը` վերադարձնելով նրան հասարակությանը: Այսպես և ոչ պակաս հայտնի թոռան գեղանկարչությունն ունի բուժիչ հատկություններ, նրա ստեղծագործությունները կարող են оգնել շատ մարդկանց, ովքեր իրենց մարմնի թերությունների պատճառով տառապում են բարդույթներից: Կա մի վարկած ևս. զինվելով պապի գիտելիքներով, Լյուսիենը սովորել էր հիպնոսացնել և զոմբիացնել իր աշխատանքների հետևից ընկած, դրանց համար աստղաբաշխական չափի գումար տալու պատրաստ թանգարանի աշխատակիցներին և հավաքածուների սիրահարներին: