01.04.2014 10:34

Իրանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի բանաձևի կապակցությամբ

Իրանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի բանաձևի կապակցությամբ

Իրանն ափսոսանք է հայտնել այն բանաձևի կապակցությամբ, որն  ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով Խորհուրդն ընդդեմ այդ երկրի, և կարծում է, որ Թեհրանի հանդեպ երկակի ստանդարտների կիրառումը քաղաքական նպատակներ է հետապնդում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը: Ըստ վերջինիս՝ այդ բանաձևը լարվածություն է ստեղծում պետությունների միջև և խախտում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային մեխանիզմները, այսօր տեղեկացրել է իրանական IRNA լրատվական գործակալությունը:  Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ այդ մոտեցումը կառուցողական չէ, քանի որ նման բանաձևերը ոչնչացնում են  իր պարտավորությունները կատարելու ուղղությամբ Իրանի դրական քայլերը և նվազեցնում են մարդու իրավունքների ոլորտում երկրի կառուցողական համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհուրդը ևս մեկ տարով երկարացրել է Իրանում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակի հարցով հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդի մանդատը: Խորհրդի անդամները «զեկուցողի հետ լիակատար համագործակցության» կոչ են արել Թեհրանին՝ պահանջելով նրան «թույլ տալ այցելել Իրան և տրամադրել իր մանդատի իրականացման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը»:

Ավելի վաղ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդի 25-րդ նստաշրջանում Շահիդը ներկայացրել է իր զեկույցը, որում Իրանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են բողոքի խաղաղ ցույցերին մասնակցելու համար, իրավաբանական օգնություն ապահովել  ձերբակալվածներին, հետաքննել կալանավորներին խոշտանգելու բոլոր դեպքերը և պատժել մեղավորներին: Բացի այդ՝ փաստաթղթում նշվում է, որ 2013 թ. Իրանում 2012 թ. համեմատ՝ աճել է մահապատիժների թիվը: Փոխանցում է trend-ը: