01.04.2014 15:27

Ռուանդայի ցեղասպանության 20 տարին. Լռության րոպե Բրյուսելում

Ռուանդայի ցեղասպանության 20 տարին. Լռության րոպե Բրյուսելում

Բրյուսելում կայացող համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակը, փոխանցում է euronews-ը:

Ժամանակակից պատմության ամենասոսկալի ոճրագործություններից մեկի 20-ամյակի առթիվ հրավիրված հանդիպմանը քաղաքական գործիչներն ու գիտնականները փորձել են ուղիներ գտնել՝ դիմակայելու զանգվածային սպանություններին թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային մակարդակներում:

Բացելով համաժողովը՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսն ասել է. «Եկեք այստեղ հնչող բոլոր հայտարարությունները վերածենք կոնկրետ գործերի, որպեսզի կանխենք ցեղասպանությունները: Այնպես անենք, որ ոչ ոք այլևս երբեք չկարողանա նման բան անել: Մենք դա պետք է անենք՝ ի հիշատակ զոհերի, մենք պարտք ունենք նրանց հանդեպ»:

1994 թ. ապրիլին Ռուանդայի խուտու ցեղի ծայրահեղականներն սկսեցին թութսի ցեղախմբի ներկայացուցիչների և իրենց չափավոր հայացքներ ունեցող ցեղակիցների կոտորածը: Տարբեր հաշվարկներով՝ 100 օրվա ընթացքում սպանվեց 800 հազարից մինչև ավելի քան մեկ միլիոն մարդ: Հարյուր հազարավորները դարձան փախստական, նրանցից շատերը հարևան երկրներում մահացան խոլերայից և այլ հիվանդություններից: