02.04.2014 19:48

ՍԴ. իշխանությունները հակասում են Սահմանադրությանը

ՍԴ. իշխանությունները հակասում են Սահմանադրությանը

Այսօր Սահմանադրական դատարանի կայացրած վճիռն ամբողջությամբ տեղավորվում էր Գագիկ Հարությունյանի ոճի մեջ: Մի կողմից նա հակասահմանադրական է ճանաչել պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ դիմածների հայցը, մյուս կողմից էլ՝ Գագիկ Հարությունյանն իրեն հատուկ ոճով լղոզել է վճիռը՝ իշխանություններին մինչեւ սեպտեմբերի վերջ ժամանակ տալով: Բայց նույնիսկ այս պարագայում` այն, ինչ այսօր ընթերցվեց ՍԴ նախագահի շուրթերով, ըստ էության` ամբողջ իշխանության վարած քաղաքականության արդարացի գնահատականն էր. Հայաստանի իշխանությունը հակասում է Սահմանադրությանը: Ընդ որում, այս պարագայում էական էլ չէ, թե ինչից դրդված ՍԴ-ն որոշեց (մինչեւ սեպտեմբեր ժամանակ տալով իշխանություններին) բավարարել հայցը՝ հանուն արդարության եւ օրենքի գերակայությա՞ն, թե իշխանությունների հրահանգով: Էականն այն է, որ ՍԴ-ն հստակ տվեց իշխանությունների վարած քաղաքականության գնահատականը` հստակ հայտարարեց, որ այն դրույթները, որոնց վերաբերյալ ոչ իշխանական ուժերը դիմել են բարձր դատարանին, հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ովքե՞ր են եղել այդ օրենքի ջատագովները: Մեկ-երկու նախարա՞ր միայն, միայն վարչապե՞տը: Ամենեւին: Այդ օրենքի «անցկացման» գործին էր լծվել ամբողջ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ ՀՀԿ կցորդ ՕԵԿ-ով հանդերձ:

Հիշենք միայն, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հոխորտում. «Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից»:  

Մնացած մանր ու միջին չինովնիկների հոխորտանքների մասին էլ չենք խոսում: Եվ ահա այսօր` նույնիսկ Սահմանադրական դատարանը տվեց այդ մարդկանց գնահատականը՝ սրանց իշխանությունն ամբղջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Սահմանադրությամբ նախ եւ առաջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն, ժողովուրդն է որոշում նախ, թե ով պետք է լինի իշխանության ղեկին, եւ ապա` ժողովուրդն է որոշում, թե ինչ գործողություններ պետք է անի իշխանության գլխին գտնվող անձը: Կամ` անձինք: Եւ եթե ժողովուրդը դժգոհ է լինում իշխանությունների որոշումներից, ապա իշխանությունները կամ պետք է ետ կանգնեն այդ որոշումներից, կամ՝ ժողովուրդը կհեռացնի նրանց: Այս իշխանությունները, սակայն, որոշել են, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, ինչպես գրված է Սահմանադրության առաջին իսկ տողերում, այլ՝ իրենց, եւ դեռ ավելին` նրանք որոշել են, որ եթե իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ` իրենց, ապա պետության անունից կարելի է կատարել ցանկացած ապօրինություն:

Սա` մեկ:

Եւ երկրորդ: Ինչ վերաբերում է արդեն կոնկրետ ՍԴ որոշմանը՝ կուտակայինի մասով. ակնհայտ է, որ ՍԴ-ի կողմից իշխանություններին մինչեւ սեպտեմբեր ժամանակ տալը պայմանավորված էր առկա խութերը ինչ-որ կերպ հարթելու հանգամանքով: Ընդ որում, պատահական չէ ժամանակ ձգելու այս քաղաքականությունը: Հիմա իշխանության գլուխը շատ խառն է: Չորս ոչ իշխանական ուժերը հայտարարել են կառավարության հրաժարականի պահանջի մասին եւ պատրաստվում են շուրջօրյա հանրահավաքներ սկսել, սոցիալական ծանր բեռի տակ կքած ժողովրդի համբերության բաժակը լցվել է արդեն: Հետեւաբար, իշխանությունը հիմա պետք է փորձի այս ընդվզման հնարավորությունից գոնե գլուխ հանել, եւ հիմա նրան ամենեւին պետք չէ, որ բողոքավոր զանգվածն էլի ավելանա, մյուս կողմից էլ իշխանություններին ժամանակ է տրվել` եթե կարողանա մինչեւ սեպտեմբեր գոյատեւել, ապա աշնանը լուծել այս խնդիրն իր ուզած եղանակով: Այո, ճտերն աշնանն են հաշվում: Բայց ինչպես երեւում է, այս իշխանությունները ոչ միայն մինչեւ աշուն, այլեւ մինչեւ ամառ չեն ձգելու. հետհաշվարկը սկսված է, աղվեսն արդեն թակարդն է ընկել, չպետք է թույլ տալ, որ «պլստա» ու փախչի:

Պարգեւ Ապրեսյան