03.04.2014 21:54

Շարմազանովը «սուտ հանեց» իրենց, կամ թող մի դիմում էլ Ս.Սարգսյանը գրի

Շարմազանովը «սուտ հանեց» իրենց, կամ թող մի դիմում էլ Ս.Սարգսյանը գրի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

Ավելին, Շարմազանովը նշել է, թե «Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.), սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»: Նույն բանը իր ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ ինքը՝ Տիգրան Սարգսյանը:

Եթե Շարմազանովը նշում է, որ մեկ ամիս առաջ է դիմումը գրվել, ապա նշանակում է խոսքը փետրվարի մասին է: Սակայն, ուշագրավն այն է, որ նույն Շարմազանովը փետրվար ամսվանից սկսած՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին՝ հայտարարում էր, թե կառավարության հրաժարականի հարց օրակարգում չկա:

21.02.2014

Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնության կապակցությամբ ՀՀԿ-ի խոսնակն ասաց, որ կուսակցության օրակարգում կառավարության հրաժարականի հարցը դրված չէ: Շարմազանով. «Մեր կուսակցության օրակարգում նման հարց դրված չէ: Նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում Կառավարության փոփոխության հարց չկա, և Կառավարությունը` երկրի նախագահի հետ միասին, իրականացնում է իր առջև դրած ծրագրերը, այն խնդիրները, որոնք առկա են»:

27.03.2014

Ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանը անվստահություն հայտնելու գործում հաջողության հավակնության մասին Էդ. Շարմազանովն ասաց. «Ես գուշակ չեմ» ու շարունակեց. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա»: Հետո էլ շեշտեց.  «Սերժ Սարգսյանի քաղաքական մենաշնորհն է նշանակել, կամ ազատել վարչապետին եւ կառավարության անդամներին, իսկ ոչ իշխանական ուժերը նման լծակներ չունեն»: 

Փաստորեն, ինչ է ստացվում: Իշխանություններն ասում են, թե դեռ մեկ ամիս առաջ է Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ ահա մեկ ամիս առաջ՝ կտրականապես հերքում էին հրաժարականի հնարավորությունը:

Այսինքն, իշխանությունները կամ այն ժամանակ էին ստում, կամ՝ հիմա: Բայց որ ստում էին՝ կասկած չկա: Հարցն այն է, սակայն, թե կոնկրետ երբ էին ստում: Ամենայն հավանականությամբ ստում են հիմա՝ ասելով, թե մեկ ամիս առաջ է հրաժարականի դիմումը գրել: Պարզապես իշխանությունները այսօր չեն ցանկանում խոստովանել, որ նրանք ըստ էության, վախեցել են չորս քաղաքական ուժերի շուրջօրյա հանրահավաքների մեկնարկից, եւ շտապել են Տիգրան Սարգսյանին «հրաժարականի» ուղարկել, իբրեւ թե՝ իրենք ամեն ինչ վաղուց էին ծրագրել: Բայց դե քանի որ իշխանությունները առանց ստի իրենց օրը չեն պատկերացնում, եւ հասարակությունը նրանց ընկալում է որպես քրոնիկ ստախոսների, հետեւաբար նրանց խոսքին հավատացող չկա:

Ինչեւէ, Տիգրան Սարգսյանը գնաց: Լավ է: Բայց շաշկին Տիգրան Սարգսյանը մենակ չի խաղացել: Ո՞ւմ հետ է խաղացել շաշկի. Սերժ Սարգսյանի: Այնպես որ, մի դիմում էլ պետք է մյուս Սարգսյանը գրի: Սերժը:

Պարգեւ Ապրեսյան