07.04.2014 20:06

Հրաժարակա՞նն է, որ պիտի փրկի Տիգրան Սարգսյանին

Հրաժարակա՞նն է, որ պիտի փրկի Տիգրան Սարգսյանին

ՀՀԿ-ական պատգամավորներն ակնհայտորեն անակնկալի են եկել Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրից, չնայած փորձում են դեմքի լուրջ արտահայտությամբ թաքցնել դա, ձեւացնել, թե իրե՛նք չէին շաբաթներ շարունակ հայտարարում, թե վարչապետի հրաժարականի հարց չկա օրակարգում, եւ որ ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ:

Ու քանի որ այդ մարդիկ անակնկալի են եկել, հիմա ամեն մեկը փորձում է իր ձեւով «սվաղել» Տիգրան Սարգսյանի թեման: Աշոտյան Արմենն, օրինակ, ասում է, թե սա «բնականոն գործընթաց» է, թեեւ մեկ շաբաթ առաջ հեգնում էր հրաժարական պահանջողներին եւ ասում, թե հրաժարականի խնդիր չկա, Շարմազանովն ասում է, թե դա Տիգրան Սարգսյանի անձնական որոշումն էր, որը «իրենք հարգել են», եւ որ դիմումը մեկ ամիս առաջ էր գրվել,  բայց մեկ ամիս առաջ ասում էր, թե օրակարգում նման հարց չկա: Բայց ամենազարմանահրաշը ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավոր Մարգարիտ Եսայանի մեկնաբանությունն էր: Հեռուստաընկերություններից մեկի եթերում ի պատասխան լրագրողի՝ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ հարցի, տիկին Եսայանը ոչ միայն խիստ վրդովվել է, այլեւ՝ ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե «լավ բան չէ գնացածների հետեւից խոսելը»:

Փաստորեն, փաստարկների պակասը հանրապետականներին բերել հասցրել է այնտեղ, որ նրանք արդեն քննարկումները տանում են բոլորովին այլ դաշտ. իբրեւ՝ բարոյակա՞ն է արդյոք «գնացողի» հետեւից խոսելը, եւ քաղաքական փաստարկներն ու հակափաստարկները մղում են բարոյականության կամ անբարոյականության դաշտ: Բնական է՝ որտեղ վերանում են փաստարկները, սկսվում են բարոյականության մասին էժանագին հոխորտանքները: Բայց այստեղ, թերեւս, ամենազավեշտալին «գնացողի» վերաբերյալ պնդումներն են: Նույնիսկ եթե ընդունենք, որ Մարգարիտ Եսայանը տեսականորեն ճիշտ է ասում, որ գնացողների հետեւից «չեն խոսում», ապա դա Տիգրան Սարգսյանի հետ որեւէ առնչություն չունի ամեն դեպքում: Շատ պարզ պատճառով. Տիգրան Սարգսյանին ոչ թե «բան է պատահել», ու նա անժամանակ հեռացել է մեզանից, այլ վերջինս ընդամենը հրաժարական է տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում քննարկման առարկա պետք է ու կարող է դառնալ ինչպես հրաժարական տված մարդկանց, այնպես էլ՝ պաշտոնավարող անձանց գործունեությունը: Եթե Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, դա դեռ չի նշանակում, որ նա հանրության հարցերին պատասխաններ չպիտի տա, չի նշանակում, որ նա չպետք է ասի, թե ինչու վաճառեց ոսկու պաշարները, ինչ ֆինանսական մեքենայություններ է արել դրամ-դոլար փոխանակման կուրսի շեշտակի տատանումների վրա, ինչ եղավ «Նաիրիտ»-ի հետ, օֆշորային սկանդալի հետ, ինչու «կլինիկական մահ» տարավ փոքր ու միջին բիզնեսը, ինչու անիծեց տնտեսության հերն ու հարկային տեռոր սկսեց առանց այդ էլ հազիվ շնչող այն գործարարների դեմ, ովքեր իշխանական հովանու ներքո չեն գործել, ինչ եղան այծի պանիրը, հայկական աշխարհը, Գյումրիի տեխնոպարկն ու Դիլիջիանի ֆինանսական տարածաշրջանային կենտրոնը: Մի խոսքով, Տիգրան Սարգսյանն այնպես չի «կառավարել», որ դրանից հետո իրեն «մոռանան»:

Հ.Գ.Մյուս կողմից, հանրությունը չի էլ ցանկանում, որ Տիգրան Սարգսյանի հետ «բան պատահի»: Եւ ոչ միայն` Տիգրան Սարգսյանի: Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ նրանց մյուս հանցակիցները հասարակությանը կենդանի են պետք, ողջ ու առողջ, որպեսզի ապագայում՝ առողջական խնդիրների պատճառով դատարան չներկայանալու հիմքեր չունենան: Իսկ այդ օրը հաստատ գալու է:

Պարգեւ Ապրեսյան