08.04.2014 14:10

#Save Armenia = #Save Kessab

#Save Armenia = #Save Kessab

Քեսաբի շրջան- հայաբնակ շրջան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լաթաքիայի մարզում։ Գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին։ Քեսաբի կենտրոնն է Քեսաբ գյուղաքաղաքը:

Մի շարք ուսումնասիրողներ Քեսաբում հայկական տարրի գոյությունը վերագրում են Տիգրան Մեծի և ավելի վաղ ժամանակահատվածի։ Որոշ գիտնականներ դիտարկում են Քեսաբը այդ ժամանակաշրջանում ձևավորված հայկական գավառակ, որը սահմանակից էր Կիլիկյան Հայաստանին: 1915 թ. գաղթից և աքսորներից անմասն չմնաց նաև Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիները աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Տեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ 1938 թ. հուլիսի 5-ին ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրեթի սանջակ։

1938 թ. սեպտեմբերի 2-ին Հաթայը պաշտոնապես հռչակվեց պետություն՝ իր պետական սահմաններով։ Այսպիսով, Քեսաբի շրջանը մտնում էր այդ պետության կազմի մեջ։ 1939 թ. հունիսի 23-ին Հաթայի պետությունը պաշտոնապես լուծարվեց, և երկիրը մտավ Թուրքիայի կազմի մեջ։

Նույն տարում, երբ արդեն բարձրացվել էր Քեսաբի շրջանի խնդիրը, Քեսաբ է այցելում Սիրիայի և Լիբանանի Պապական նվիրակ Արք. Ռեմի Լըփրեթրը։  Նա ուղղակիորեն դիմում է Հռոմի պապին և ֆրանսիական կառավարությանը խնդրանքով՝ կցել Քեսաբի շրջանը Սիրիային։ Այսպիսով, Քեսաբի շրջանի բնակելի մասն անջատվում է Հաթայից և կցվում Սիրիային:

2014թ. մարտի 21-ի առավոտյան Քեսաբը և մոտակա բնակավայրերը ենթարկվեցին հարձակման Թուրքիայի տարածքից: Հարձակվողները Ան-Նուսրայի Ճակատ և Իսլամական Ճակատ խմբավորումների անդամներ էին: Հարձակումն իրականացվել է ուշ գիշերով, Թուրքիայի տարածքից հրետանային աջակցությամբ: Քեսաբից հարևան Լաթաքիա տեղափոխվեցին շուրջ 700 հայ ընտանիքներ: Գերության մեջ հայտնվեցին շուրջ 38 հայեր` հիմնականում ծերեր, որոնցից 20-ը ապրիլի 1-ի դրությամբ ազատ էին արձակված:

***

Սոցիալական ցանցերում վերջին շրջանում ակտիվ տարածում գտած Save Kessab «շարժումը» անընդհատ տարածվում ու տարածվում է: Save Kessab-ը կոչ է անում փրկել Քեսաբը: Ուշագրավն այն է, սակայն, որ լրատվական այս հորձանուտում Քեսաբը փրկելու կոչ անողների զգալի մասը նույնիսկ չգիտե էլ, թե կոնկրետ ումից է պետք փրկել Քեսաբն ու ինչո՞ւ: Փրկելու կոչով հանդես եկողների մի զգալի մասն էլ կոչ է անում փրկել այնպիսի «արհավիրքներից», որոնք, իրականում պարզվեց՝ տեղի չեն ունեցել ու հերքվել են ԶԼՄ-ներով:

Ինչի՞ց են կոչ անում փրկել. փրկել Քեսաբը նոր Ցեղասպանությունից, դադարեցնել քեսաբահայերի սպանությունները: Այս հանգամանքի վրա բավականին շատ յուղ լցրեց ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ ևս կոչ էր արվում դադարեցնել արյունահեղությունը: ՀՀ ԱԳՆ-ն, ի դեպ, այս ընթացքում երբևէ պաշտոնապես չի հայտարարել, որ տեղի է ունեցել քեսաբահայերի կոտորած: Խոսքը միայն հարձակման ու անվտանգության նպատակներից ելնելով կազմակերպված տեղահանության մասին էր:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Տեղի է ունեցել հարձակում: Որոշ չհերքված տեղեկություններով, գրոհայինները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից: Գրոհից հետո տեղի է ունեցել հայերի տարհանում: Բնակիչների շատ փոքր մասը մնացել է ավանում, նրանցից ոմանց Թուրքիայի իշխանությունները իբրև թե մարդասիրական օգնություն տրամադրելու համար տեղափոխել են Թուրքիայի տարածք ու տեսախցիկների առջև հրապարակային բուժօգնություն են ցուցաբերել: Վտանգված է այնտեղ մնացած հայերի կյանքը: Սպանվածների մասին, սակայն, և առավելևս՝զանգվածային կոտորածի մասին՝ որևէ տեղեկություն չի հաստատվել: Ավելին, իրենք քեսաբահայերը պնդում են, որ զոհեր չեն եղել:

ՀՀ իշխանությունները կատարվածի կապակցությամբ որևէ կերպ չեն դիմել Թուրքիային: Ոչ մի նոտա, ոչ մի կոչ, ոչ մի բանակցության փորձ: Փոխարենը՝ արվել են անուղղակի ակնարկներ ու հայտարարություններ: Որոշ ժամանակ անց Սիրիա է մեկնել ԱԺ պատգամավորներից բաղկացած խումբը, ՀՀ իշխանություններից մի երկու պաշտոնյա, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, հանդես են եկել այդպես էլ հստակ ոչինչ չասող հայտարարություններով: Փոխարենը Քեսաբի թեման «եռացրել են» Ռուսաստանի և ԱՄՆ իշխանությունները՝ միաժամանակ շրջանառելով սպանությունների վարկածը, հետո հրապարկվել է ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտնի հայտարարությունը, որոնք է՛լ ավելի  տաքացրին թեման:

Դրան զուգահեռ՝ շարունակվում է Քեսաբի թեմայի ակնհայտ ուռճացումը, որը Ցեղասպանություն ապրած ժողովրդի համար ավելի շատ վտանգներ է պարունակում, քան օգուտ:

Շատ պարզ պատճառով: Նախ՝ ճշգրիտ չի ներկայացվում կատարվածի էությունը, և  ապա՝ համարժեք չէ Հայաստանի իշխանությունների արձագանքը:

Վտանգներից մեկը Քեսաբում կատարվածը արդեն իսկ Ցեղասպանություն հռչակելն էր: Հիշեցնենք, որ 1951-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան սահմանում է.

ցեղասպանություն են համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Ցեղասպանության ակտ են համարվում.

(ա) խմբի անդամների սպանությունը,

(բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը,

(գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը,

(դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,

(ե) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին։ 

Ու հիմա, եթե ոմանք Քեսաբի դեպքերը՝ ազգային ողբերգությունը ուռճացնելու նպատակով  հռչակում են Ցեղասպանություն, ապա ցանկացած բանական մարդու մոտ բնական ռեակցիա կառաջանա, որ եթե «այս հայերը» Քեսաբի դեպքերը համարում են Ցեղասպանություն, ապա այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, և որը նրանք էլի անվանում են Հայոց Ցեղասպանություն, և որը ցանկանում են՝ աշխարհը ճանաչի, գուցեև Քեսաբի այսօրվա դեպքերից շատ չեն տարբերվել:

Փաստորեն՝ այստեղ ունենք լուրջ խնդիր, որը միատարր չէ. այն բազմաշերտ է, և խնդրին օգնելու փոխարեն՝ նաև կարող է վնասել: Ու այս պարագայում, երբ լռում  կամ թերանում են Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանու գերատեսչությունն ու պաշտոնյաները, վտանգներն է՛լ ավելի են ուժգնանում: Ընդ որում, եթե խնդիրը միայն այդ մարդկանց լռությունը, անգործությունը կամ թերացումը լինե՜ր: Բայց խնդիր է նաև այն, որ նրանք ջուր են լցնում այդ պրոցեսների վրա: Ինչպես նշեցինք, վերը բերված օրինակը առաջին խնդիրն էր:

Երկրորդ խնդիրն այն է, որ այս ամբողջ պրոցեսը զարգանում է՝ ձնագնդի պես մեծանում ու մեծ թափ է ստանում ինչ-որ սեպարատ, զուտ քաղաքացիական, զուտ մարդկային-զգայական դրսևորումներով, առանց պետական-քաղաքական համակարգման, պետության կողմից, վիրավորական չհնչի՝ «անտեր» թողնված կարգավիճակում:

Բայց բանն էլ հենց այն է, որ աշխարհում կան պետականություն չունեցող ժողովուրդներ, և կան պետականություն ունեցող ժողովուրդներ: Այն վարքը, որ հայերը ցուցաբերում են Քեսաբի հարցում, հատուկ է պետականություն չունեցող ազգերին: Բայց 1991 թվականից Հայաստանը անկախ պետություն է, այսինքն՝ մենք ունենք պետականություն, և ցանկացած նման հարցի կարգավորումը, նախևառաջ, պետության ուղղակի պարտականությունն է, որը պատասխանատու է ոչ միայն իր տարածքում ապրող քաղաքացիների, այլև, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ երկրներում ապրող հայերի անվտանգության համար: Իսկ ի՞նչ են անում մերոնք այս հարցում: Սոցիալական ցանցերը, ինչպես նշեցինք՝ հեղեղված են հակասական, երբեմն չճշտված կամ վաղուց հերքված լուսանկարներով, տեսանյութերով ու տեքստերով, հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը, ինչպես նշեցինք, ներկայացված է արդեն որպես նոր Ցեղասպանություն, տեղի է ունենում ողբերգության միտումնավոր ուռճացում, մերոնք կոչ են անում աշխարհին գալ ու պատժել Թուրքիային, որոնք հայերին սպառնում են նոր Ցեղասպանությամբ, նորից «անգլիական նավերը Արարատի գագաթին կանգնեցնելու» ու «երկաթյա շերեփով» միջազգային հանրության դուռը թակելու հասարակական նախաձեռնությունների շարք է սկսվել, այս խնդրին զարմանալիորեն ուռճացված (բնականաբար, սակայն, սեփական շահերից դրդված) արձագանքներ են տալիս գերտերությունները՝ դատապարտող հայտարարությունների տեսքով, իսկ մեր ԱԳՆ-ն դարձել է գերտերությունների ԱԳՆ-ների հայտարարությունները տարածող մի կառույց, ու մենք, փաստորեն, ազգովի «աշխարհի ու միջազգային հանրության արդարությունը «մուրացող»», պետականություն չունեցող ազգի տպավորություն ենք ստեղծել:

Հայաստանը Քեսաբի հարցում (ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ էլ՝ մյուս սիրահայերի հարցում) բացարձակ անգործություն է ցուցաբերում:  Նախ, ներքին լսարանին չի հաղորդում ճշգրիտ տեղեկատվություն, ապա՝ թույլ է տալիս, որ գերտերությունները միտումնավոր, իրենց ինչ-ինչ շահերից ելնելով՝ աղավաղեն իրականությունը և մեր ողբերգությունը օգտագործեն իրենց շահերի համար, հետո՝ որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում այս հարցում: Հայաստանի այսօրվա իշխանությունները որևէ իրական լծակ չունեն այս հարցում սեփական նախաձեռնությունը ցուցաբերելու, տեսանելի արդյունք գրանցելու համար: Հայաստանի իշխանությունները միջազգային ասպարեզում վաղուց արդեն խաղացող չեն, նրանց գոյությունն ու մեր պետականությունը հակասում են միմյանց: Ցանկացած այսպիսի ողբերգության դեպքում միանգամից էլի ավելի տեսանելի է դառնում ՀՀ իշխանությունների ողջ սնանկությունն ու քաղաքական քայլեր ձեռնարկելու անունակությունը: Քեսաբը իրական՝ ոչ ուռճացված վտանգից փրկելու (և ոչ միայն Քեսաբի փրկությունը), միակ ելքը, նախևառաջ, Հայաստանն այս իշխանություններից փրկելն է: Փրկել Հայաստանը՝ կնշանակի փրկել Քեսաբը, փրկել սիրիահայերին, փրկել Ղարաբաղը, փրկել մեր պետականություն ունենալու իրավունքը, որը նվաճվել է դժվարությամբ, բայց վատնվում է մաս-մաս, առանց խղճի խայթի: #Save Armenia = #Save Kessab

Պարգև Ապրեսյան