09.04.2014 12:28

ՀՀԿ-ական պատգամավոր. Հրաժարականի իրական պատճառը դիմումն էր

ՀՀԿ-ական պատգամավոր. Հրաժարականի իրական պատճառը դիմումն էր

Վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր նաեւ ՀՀԿ-ականների համար: Միայն թե այսօր ՀՀԿ-ականներն աշխատում են լռել այդ հրաժարականի պատճառների մասին:

 iLur.am-ն այս թեմայով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ

- Պարոն Ավետիսյան, ի վերջո, ձեզ համար պարզ ու հասկանալի՞ էր արդյոք, թե որն էր վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի իրական պատճառը:

- Հրաժարականի իրական պատճառը հրաժարականի նրա դիմումն էր:

- Իսկ այդ դիմումի պատճա՞ռը որն էր:

-Իսկ այդ պատճառը իրենից պիտի հարցնեք:

- Այդ հրաժարականը ձեզ համար անակնկա՞լ էր: Դուք այդ հրաժարականի համար նախադրյալներ տեսնո՞ւմ էիք:

- Ցանկացած մարդ, ցանկացած ժամանակ կարող է իր պաշտոնից հրաժարվել՝ որոշ հանգամանքներից ելնելով: Նախադրյալներ տեսնել կամ ինչ-որ բաներ տեսնել՝ ե՛ւ կարելի է տեսնել, ե՛ւ չի կարելի տեսնել:

- Տնտեսական իրավիճակը, տնտեսության բնագավառում ձախողումները այդ նախադրյալների մե՞ջ էին, թե՞ ոչ:

- Գիտեք ինչ կա՝  բնական է, որ կան տարբեր հանգամանքներ: Բայց այդ հանգամանքներն այն հանգամանքները չէին, որ ստիպողական լիներ այդ ամենում: Մարդը հրաժարական է տվել, ու դրանով հարցը փակվում է:

- Տարօրինակ չէ՞ր, որ առավոտյան Տիգրան Սարգսյանը կառավարության նիստ էր վարում, կոնկրետ հանձնարարականներ տալիս, ու ոչ մի խոսք հրաժարականի մասին, բայց երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հանկարծ իմանում ենք, որ վարչապետը հրաժարական է տվել:

- Ոչ մի բան էլ տարօրինակ չէ: Ի՞նչ է, եթե նա հրաժարական պիտի տար, ուրեմն՝ կառավարության նիստ չպետք է վարե՞ր:

- Բայց չէ՞ որ կարող էր կառավարության նիստում հայտարարել հրաժարականի մասին, այլ ոչ թե ՀՀԿ ԳՄ նիստում:

- Չէ, կառավարությունը չի իրեն նշանակել, որ կառավարության նիստով հրաժարական տար:

- ԱԺ-ն է, ըստ էության, նրան նշանակել վարչապետ:

- Դրա համար էլ նա ԱԺ մեծամասնության ներկայացուցիչների մոտ է հնչեցրել հրաժարականը:

- Բայց ՀՀԿ ԳՄ նիստում է հնչեցրել հրաժարականը, այլ ոչ թե ԱԺ-ում:

- Ի՞նչ է՝ ՀՀԿ գործադիրի նիստը մեծամասնություն չէ՞ր:

- Մի տեսակ կոմունիստական անցյալն է հիշեցնում, երբ կուսակցությունն ու պետությունը մի մարմին էին:

- Չէ, էդ ձեզ է թվում, դուք կոմունիստական իրավիճակը չեք էլ տեսել, չեք էլ պատկերացնում: Էդպես չի:

Արման Գալոյան