09.04.2014 13:18

Հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։

Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։

– Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։

Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին եւ սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որեւէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։

– Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր եւ արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։

Անշուշտ այդպես էր, որովհետեւ իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենեւին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, եւ անգամ ավելին։

– Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։

Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը եւ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարեւորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։

– Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ անցկացնել Ուկրաինայում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ։

Զուգահեռներն, իմ կարծիքով, բոլորովին անտեղի են։ Ուկրաինական իրադարձությունները կապված են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժական» երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջեւ Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր եւ դեռեւս շարունակվելու է ապագայում։ Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։ Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենեւին առնչություն չունենալով Եւրոասոցացումից դեպի Եւրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ։

– Այսպես կոչված արեւմտամետները հենց Հայ Ազգային Կոնգրեսին եւ մասամբ նաեւ Բարգավաճ Հայաստանին են մեղադրում Սերժ Սարգսյանի կողմից այդպիսի շրջադարձ կատարելու հարցում, իրողությունն այնպես ներկայացնելով, թե իբր վերջինս անկեղծորեն ձգտում էր ընթանալ Եւրոինտեգրման ճանապարհով, բայց այդ ուժերը դավադրաբար նրան մղեցին Ռուսաստանի գիրկը։

Հիրավի սպանիչ, բայց, պետք է խոստովանել, միաժամանակ հանճարեղ մեղադրանք` նկատի առած մանավանդ այն հանգամանքը, որ նույն այդ մարդիկ երկու տարի շարունակ գիշեր-ցերեկ հայտարարում էին, թե Կոնգրեսը մեռած է, նա այլեւս գոյություն չունի, իսկ Բարգավաճ Հայաստանն ընդհանրապես քաղաքական գործոն չէ։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե այդ ինչպես պատահեց, որ մեռած Կոնգրեսը եւ որպես քաղաքական գործոն գոյություն չունեցող Բարգավաճը կարողացան Սերժ Սարգսյանին ստիպել անդամակցելու Մաքսային միությանը, իսկ կենդանի արեւմտամետների հզոր բանակը ի զորու չեղավ ազդելու վերջինիս վրա եւ նրան տանելու Եւրոասոցացման ճանապարհով։

– Անձամբ Ձեզ ոմանք մեղադրում են նաեւ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարության համար, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը։

– Ոմանք էլ, համաձայնելով հանդերձ, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը իսկապես անշրջելի է, միեւնույն է, Հայ Ազգային Կոնգրեսին կշտամբում են, թե ինչու նա չկարողացավ այնպես անել, որ այդ գործընթացն անշրջելի չդառնա։

Համաձայնեք, որ սա արդեն նմանվում է «Բա խի գլխարկ չես դրել» բնույթի անհեթեթության, քանի որ այդպիսի կշտամբանք թերեւս կարելի էր հասցեագրել ում ասես, բայց ոչ երբեք Հայ Ազգային Կոնգրեսին, որը վեց տարի շարունակ գնդակոծվելու, հալածանքների ենթարկվելու, զնդանների դատապարտվելու գնով արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա օրինակարգ իշխանություններով օժտված, հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, կենսագոյության ու զարգացման այլընտրանքներ ունեցող արժանապատիվ պետություն, ինչը նրան թույլ կտար երբեւիցե չկանգնելու արտաքին ուժերի միջեւ հարկադրական ընտրություն կատարելու փաստի առջեւ։

– Շատ լավ, իսկ այժմ վերադառնանք վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, սկսելով այն հարցից, թե Ձեր կարծիքով, այսուհետեւ ինչպիսի ռազմավարություն է ընտրելու Սերժ Սարգսյանը։

Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը։

– Իսկ որո՞նք կարող են լինել այդ նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկվելիք մարտավարական քայլերն ու հնարքները։

Վարչապետի պաշտոնում քիչ թե շատ ընդունելի թեկնածություն առաջարկելու եւ դրանով հանրային դժգոհության ալիքը մեղմելու, ընդդիմությանը պաշտոններով գայթակղելու ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով ժամանակ շահել եւ սեփական դիրքերն ամրապնդելուց հետո հեշտուհանգիստ անցնել վերոհիշյալ ծրագրի իրականացմանը։ Ավելորդ եմ համարում մանրամասնել, քանի որ այս հարցին հանգամանորեն անդրադարձել է Հրանտ Տեր-Աբրահամյանի հեղինակած եւ ձեր կայքում տեղադրված խմբագրականը (iLur.am. 7.04.2014)։

– Սերժ Սարգսյանին կհաջողվի՞, արդյոք, կիրառել այդ մարտավարությունը եւ հասնել իր նպատակին։

Պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն եւ համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։ Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռեւս մինչեւ վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին եւ նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը։

– Եթե գաղտնիք չէ, ապա կարո՞ղ եք ասել, թե այդ պարագայում ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկի ընդդիմադիր քառյակը։

Անշուշտ տեղյակ եք, որ քառյակում այդ հարցերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել։ Հետեւաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետեւյալին.

ա. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետեւ, թեեւ Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետեւում ընթացող ինտրիգների դաշտում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա։

բ. Հետեւաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։

գ. Երկրում արմատական փոփոխությունների իրականացման եւ օրինական իշխանությունների ձեւավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլեւս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։ Այս առիթով էլ կուզեի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Աշոտ Սարգսյանի հեղինակությամբ ձեր կայքում հրապարակված խմբագրական հոդվածի վրա (iLur.am. 08.04.2014)։

– ՀՀԿ-ական մեծամասնության առկայության պարագայում ի՞նչ երաշխիք կա, որ ընդդիմությանը կհաջողվի երկու անգամ վիժեցնել նոր կառավարության ծրագրի ընդունումը։

Իսկ ո՞րն է տարբերությունը։ Ի՞նչ երաշխիք կար, որ փոքրամասնություն կազմող խորհրդարանական խմբակցությունների քառյակին ապրիլի 28-ին սկսվելիք շուրջօրյա հանրահավաքների միջոցով կհաջողվեր պարտադրել վարչապետի հրաժարականը։ Եթե քառյակը վստահ էր, որ այդ ճանապարհով կարող է հասնել նախորդ վարչապետի հրաժարականին, ապա ինչո՞ւ նրան չպիտի հաջողվի նույն ճանապարհով մերժել նոր վարչապետի ծրագիրը։ Արդյո՞ք, որեւէ բան է փոխվել։ Եթե ինչ-որ բան էլ իսկապես փոխվել է, ապա ոչ թե վարչախմբի, այլ ընդհակառակը՝ ընդդիմության օգտին, քանի որ, ինչպես վերը նշվեց, Սերժ Սարգսյանը նույնիսկ ժամանակից շուտ, շուրջօրյա հանրահավաքների սարսափից, լիակատար կամ մասնակի կապիտուլյացիայի է ենթարկվել։

- Իսկ վտանգ չկա՞, որ վախենալով կորցնել իշխանությունը, Սերժ Սարգսյանը կարող է, ինչպես 2008թ. մարտի 1-ին, ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Եթե վերանանք խելագարության կանխավարկածից (իսկ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ, բայց ամենեւին խելագար չէ), ապա ուժի կիրառումն այս անգամ բացառված է։ 2008-ին վարչախումբն անհամեմատ ավելի հզոր ու միաձույլ էր, քան այսօր։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նույնպես շատ ավելի բարվոք էր, քան ներկայումս։ Հետեւաբար, ժողովրդի դժգոհությունն էլ իշխանություններից դեռեւս չէր վերածվել համատարած ատելության։ Իմ թեկնածության շուրջ ձեւավորված շարժումը միայնակ էր իշխանական բուրգի հանդիման, մինչդեռ այժմ ընդդիմադիր պայքարում ներգրավված են խորհրդարանական չորս ազդեցիկ ուժեր, որոնք ի զորու են մոբիլիզացնել շատ ավելի մեծ զանգվածներ, քան մենք։ Բացի այդ, վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը վայելում էր արտաքին աշխարհի լիակատար աջակցությունը, իսկ հիմա հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի մտահոգում։ Եւ վերջապես ամենակարեւորը՝ 2008-ին Սարգսյանն իր աչքի առջեւ դեռեւս չուներ Կադաֆիի, Մուբարաքի եւ Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները եւ խոնարհաբար հեռանալ ասպարեզից։

– Շնորհակալություն, պարոն Նախագահ, եւ վերջին հարցը. կարո՞ղ եմ, արդյոք, այս հարցազրույցը վերնագրել «Ապրիլյան թեզիսներ»։

Ցանկացած վերնագիր ընտրելն, իհարկե, Ձեր իրավունքն է, բայց կոնկրետ այդ վերնագիրն, իմ կարծիքով, այնքան էլ հարմար չէ, որովհետեւ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում շատերն իսպառ կորցրել են հումորի զգացումը։

 

Քրիստինե Խանումյան