10.04.2014 18:10

Ադրբեջանի ԱԳՆ. ԱՄՆ համանախագահը պետք է ավելի լուրջ ուսումնասիրի ՄԽ փաստաթղթերը

Ադրբեջանի ԱԳՆ. ԱՄՆ համանախագահը պետք է ավելի լուրջ ուսումնասիրի ՄԽ փաստաթղթերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը պետք է ավելի լավ ծանոթանա, ուսումնասիրի ՄԽ-ի փաստաթղթերը, և միայն դրանից հետո խորանա բանավեճերի մեջ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Այազ Ազիմովը՝ արտահայտելով իր վերաբերմունքը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Twitter-ում կատարած այն գրառմանը, թե «ղարաբաղյան հակամարտությունը հակամարտություն է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև»:

 Ազիմովի խոսքով՝ նման հայտարարություններում նկատելի է քաղաքական կանխակալություն: Փոխնախարարը նշել է, որ Ուորլիքն այդ հայտարարությունն արել է, որպեսզի հանգստացնի Հայաստանին, քանի որ վերջինս ջանում է Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես «պետական միավոր»: Ազիմովն ընդգծել է, որ «անջատողական վարչակարգը» իզուր է կարծում, որ եթե իրեն ճանաչում են հակամարտության կողմ, ապա հաջորդ՝ հակամարտության կարգավորման փուլում նրանց հրավիրելու են պայմանագիր ստորագրելու:

Ըստ փոխարտգործնախարարի՝ պարզ է, որ հակամարտության կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են, իսկ ինչ-որ 30-հազարանոց փոքրաքանակ էթնիկ խմբի առկայությունը մի տարածքում նրան իրավունք և հիմքեր չի տալիս հավակնելու այդ տարածքին:

Ազիմովն ընդգծել է, որ Ուորլիքը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է լավ իմանա Մինսկի խմբի մանդատը, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին որպես շահագրգիռ կողմ, և դա վերաբերում է ինչպես հայերին, այնպես էլ ադրբեջանցիներին: Փոխանցում է trend-ը: