10.04.2014 18:38

ՀՀԿ-ական պատգամավոր. Վաղուց մեր քաղաքական թիմը որեւէ մեկին չի զոհաբերել

ՀՀԿ-ական պատգամավոր. Վաղուց մեր քաղաքական թիմը որեւէ մեկին չի զոհաբերել

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը

-Որպես ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար՝ անձամբ Ձեզ համար ի վերջո պարզ դարձա՞վ, թե որն էր Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնից հրաժարականի իրական պատճառը:

-Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ ընկնում ենք ձեւի, քան բովանդակության հետեւից: ՀՀԿ մամուլի խոսնակը ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձել է այդ հարցին, նշել է, որ անձնական դրդապատճառներից ելնելով՝ վարչապետը տվել է հրաժարական: Անձամբ ես վարչապետի հետ այդ հարցով չեմ զրուցել, թե այդ անձնական պատճառն ինչ է` հիվանդության խնդիր էր, աշխատանքի հետ կապված, թե այլ խնդիրներ: Ուստի ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի հրաժարականի անձնական պատճառների հիմքը:

-Իսկ ինչո՞ւ չեք հետաքրքրվել, ի վերջո, հրաժարական ներկայացնողը ոչ թե սովորական պաշտոնյա էր, այլ`Սահմանադրությամբ պետության երրորդ դեմքը:

-Շնորհակալություն, որ հիշեցրիք, որ ինքը երրորդ դեմքն էր, ուստի` ես ձեր հարցին պատասխանեցի:

- Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ առավոտյան նա շատ նորմալ կերպով կառավարության նիստ էր վարում, իսկ երեկոյան արդեն հրաժարական ներկայացրեց, ընդ որում՝ հրաժարականը ներկայացրեց ոչ թե կառավարության նիստի ժամանակ, այլ` ՀՀԿ գրասենյակում:

-Ես կարծում եմ՝ վարչապետի կեցվածքը նորմալ է, երբ մինչեւ հրաժարականը ներկայացնելը կատարում է իր վրա դրված պարտականությունները:

-Բայց ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց ոչ թե կառավարության նիստում, այլ` ՀՀԿ գրասենյակում, արդյո՞ք սա պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից մոտեցում չէ:

-Ես չեմ կիսում ձեր տեսակետը, որովհետեւ, եթե նկատել եք` նա դիմումը չի գրել ՀՀԿ գրասենյակում: Հայտարարությունը կարող է լինել երկու ժամ հետո, երեք ժամ հետո, եւ հայտարարության մեջ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դիմումը ներկայացրել է Սերժ Սարգսյանին, եւ նա էլ ընդունել է հրաժարականը: Հետեւաբար՝ հրաժարականը եղել է ոչ թե ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, այլ` դրանից առաջ:

- Բայց կարծես` այս ամենը մի տեսակ կոմունիստական ավանդույթներին է նմանվում, երբ պետությունն ու կուսակցությունն, ըստ էության, մեկ մարմին էր:

- Ես հասկանում եմ, որ ՀՀՇ-ական գործելաոճը մի քիչ տարբերվում է ՀՀԿ-ական գործելաոճից, պիտի պիտակավորեք «սովետական» եւ այլն, եւ այլն: Ես ասելիք չունեմ, կարծում եմ` ամեն ինչ արվել է առնվազն ժողովրդի առջեւ ազնիվ, հաշվետու եւ այդ քայլի ծանրությունն ու հետեւանքները կշռադատելով:

- Տեսակետ կա, որ այս հրաժարականի իրական պատճառը խորհրդարանական «քառյակի» համատեղ գործողություններն էին, եւ իշխանությունները, վախեցած ապրիլի 28-ի շուրջօրյա հանրահավաքներից, Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց:

- Ես օբյեկտիվորեն որեւէ պատճառ չեմ տեսնում, որ հանգեմ նման եզրահանգման, թե «Հրաշալի քառյակի» գործողությունների հետեւանքով վարչապետը հրաժարական տվեց:

- Բայց այդ հրաժարականը հաջորդեց «քառյակի» նախապատրաստական քայլերին, երբ հայտարարվեց համատեղ հանրահավաքի մասին:

- Իսկ նրանք այդ ե՞րբ չէին պահանջում կառավարության հրաժարականը. հիշո՞ւմ եք վերջին երկու տարում որեւէ դեպք, երբ նրանցից որեւէ մեկը կողմ քվեարկած լիներ պետական բյուջեի նախագծին կամ կառավարության ծրագրերին: Միշտ էլ դեմ են քվեարկել, ու միշտ էլ նրանք պահանջել են կառավարության հրաժարականը:

- Այս անգամ արդեն ավել կոնկրետ քայլեր էին սկսել կազմակերպել` ե՛ւ փողոցը թեժացնել, ե՛ւ խորհրդարանում այդ հարցը բարձրացնել:

- Մի քիչ եթե ձեր աչքերը լայն բացեք, կտեսնեք, որ չորս ուժերը վեց ամիս շարունակ նախապատրաստվում էին իրենց գործընթացներին, նախապատրաստվում էին ապրիլի 28-ին կառավարության հրաժարականը պահանջելուն եւ այլն, եւ այլն: Բայց մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի մեկ քայլով քաղաքական օրակարգը փոխվեց: Եւ այն պնդումները, թե ընդդիմությունն է քաղաքական օրակարգ թելադրողը, սխալ էին. քաղաքական օրակարգ թելադրողը իշխող քաղաքական թիմն է:

- Փաստորեն, իշխող քաղաքական թիմը հենց «քառյակի» դեմ գործելու համար գնաց վարչապետի հրաժարականին՝ այդպես զոհաբերելով Տիգրան Սարգսյանին:

- Վաղուց մեր քաղաքական թիմը, մեր քաղաքական թիմի ղեկավարի գլխավորությամբ, որեւէ մեկին չի զոհաբերել: Զոհաբերությունները եղել են նախորդ իշխանությունների ժամանակահատվածում:

Արման Գալոյան