10.04.2014 18:54

«Մեռա՛, էլ մի խփեք», կամ ստուգողական «կրակոցի» պահը

«Մեռա՛, էլ մի խփեք», կամ ստուգողական «կրակոցի» պահը

Կանխատեսումները, որ Սերժ Սարգսյանն ու իր ռեժիմը հայտնվել են չափազանց թույլ կարգավիճակում, եւ ցանկացած անգամ փոքր ճնշումը կարող է բերել իշխանափոխության՝  կարծես արդեն իսկ իրականություն են դառնում: Ինչպես արդեն տեսանք, Տիգրան Սարգսյանի հրաժարականն այս գործընթացի երեւակման սկիզբն էր միայն: «Ամենահամեղ» պատառները դեռ առջեւում էին փաստորեն:

Ու Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ինքն այլեւս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, (ինչի իրավունքն, ի դեպ, Սահմանադրությամբ այլեւս չունի) եւ չի պատրաստվում նաեւ դառնալ վարչապետ, գործընթացի կուլմինացիան է: Անխոս, այդ հայտարարությունն իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում, եւ բովանդակային մասով դրան առայժմ չենք անդրադառնա:

Բայց Սերժ Սարգսյանը փաստորեն հրապարակավ ընդունեց իր պարտությունը՝ միաժամանակ, սակայն, փոքր ինչ ժամանակ խնդրելով: Նրա ամբողջ տեքստը երկու բառով այսպես կարելի է փոխադրել. «մի խփեք էլ, մեռա, հանձնվում եմ, խաղից դուրս եմ գալու, միայն թե ինձ մի փոքր ժամանակ տվեք՝ մինչեւ լիազորություններիս ավարտը»:

Բայց խնդիրն այստեղ միանշանակ չէ, եւ այս պարագայում քաղաքական ուժերը ճիշտ ու ամենակարեւորը՝ արագ կողմոնորոշման ու արձագանքման խնդիր ունեն, այլապես՝ կարելի է կորցնել լավագույն պահն ու լավագույն հնարավորությունը:

 

Ամենակարեւորը՝ Սերժ Սարգսյանի արձագանքն այս իրավիճակային է: Նա հիմա թույլ է, չափազանց թույլ դիմադրություն ցույց տալու համար, եւ հետեւաբար հենց այդ պատճառով գնում է կապիտուլյացիայի: Բայց սա կապիտուլյացիա է պահով թելադրված եւ ամենակարեւորը՝ սա «ապառիկ» կապիտուլյացիա է: Ժամանակի վրա խաղալու թեկուզ վերջին, բայց այդուհանդերձ՝ փորձ: Այս պահին նա ընդունում է իր ապագա պարտությունը եւ համաձայնվում է երեք տարի հետո գնալ լիակատար կապիտուլյացիայի, բայց դա դեռ չի նշանակում, որ խաղն ավարտվել է: Եթե Սարգսյանին տրվում է այդ հնարավորությունը, ապա դա հղի է երկու վտանգով:

Նախ՝ Սերժ Սարգսյանի կառավարման յուրաքանչյուր օրը միայն ու միայն վնասում է Հայաստանի պետականությանը, թուլացնում է Հայաստանը, հետեւաբար, նրան տրված հավելյալ երեք տարին՝ նշանակում է եւս երեք տարի թույլ տալ Սարգսյանին ապականել պետականությունը:

Եւ ապա, եթե այսօր Սերժ Սարգսյանը թույլ է, նույնիսկ՝ ամենաթույլը, որեւէ երաշխիք չկա, որ ժամանակ ձգելու դեպքում վաղը տեղի չեն ունենա այնպիսի զարգացումներ, որոնք կփոխեն ուժային ներկայիս բալանսը: Կոպիտ ասած՝ եթե այսօր ուժային  բալանսը հօգուտ հասարակության եւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարող քաղաքական ուժերի է, ապա ժամանակ կորցնելու դեպքում այդ բալանսը կարող է խախտվել եւ փոխվել հօգուտ Սերժ Սարգսյանի: Եւ միամտություն կլինի կարծել, թե ինքը՝ Սերժ Սարգսյանը հենց այդ հույսով չի մտնում այս խաղի մեջ: Նա ամեն դեպքում դեռ «պլստալու» հույս ունի. ընդ որում, ոչ թե հիմա՝ անձնական նվտանգության երաշխիքների դիմաց պաշտոնը թողնելու տեսքով, այլ վտանգը նվազեցնելու եւ առավելություն ստանալու հույսով: Այնպես որ, ժամանակ ձգելը կնշանակի նպաստել Սարգսյանի խաղին: Ընդ որում, այդ պարագայում ամենեւին էական էլ  չէ՝ դա կլինի  գիտակցաբա՞ր, թե՞ միամտաբար:

Հետեւաբար, այժմ ամենահարմար պահն է սկսված պարտիան մինչեւ վերջ հասցնելու, մատը ոչ թե «ապառիկով», այլ տեղում՝ «կանխիկ» արձանագրելու համար: Ընդունված կապիտուլյացիան պետք է տեղում ստորագրել տալ:

Կատարվածն, ի դեպ, նաեւ հոգեբանական նրբերանգ է պարունակում իր մեջ: Որքան իշխանությունները ջանան գեբելսյան մեթոդներով աշխատել հանրության գիտակցության վրա, իբրեւ թե՝ միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու, քանի որ իշխանությունները ուժեղ են, նրանք չեն կարողանալու հատկապես այժմ ստանալ բաղձալի արդյունքը: Որովհետեւ արդեն հրապարակային եւ ամենաբարձր մակարդակով իշխանությունները սպիտակ թաշկինակ են թափահարել պաշարված բերդի տանիքից, եւ հայտարարել են իրենց անվերապահ կապիտուլյացիայի մասին: Այժմ, իշխանական բերդը պաշարած քաղաքական ուժերը ընդամենը մեկ խնդիր ունեն լուծելու. ուժեղացնել  համատեղ ճնշումը, եւ իշխանությունից անմիջապես հեռացնել Սերժ Սարգսյանին՝ ստանալով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հնարավորություն:

Իշխանափոխության համար ամենանպաստավոր պահը եկել է: Այն չի կարելի բաց թողնել:

 

Պարգեւ Ապրեսյան