01.11.2012 13:57

Գերմանիան բողոքի ցույցով է դիմավորել Թուրքիայի վարչապետին

Գերմանիան բողոքի ցույցով է դիմավորել Թուրքիայի վարչապետին

Գերմանիայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, որի շրջանակներում թուրքական կառավարության առաջնորդը քննարկել է գերմանաբնակ թուրքերին երկքաղաքացիության տրամադրման հարցը, դիմավորել են բողոքի ցույցերով:

Չորեքշաբթի օրը Բեռլինի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարներ մեղադրել են Թուրքիայի վարչապետին երկիրը հակաժողովրդավարական ճանապարհով տանելու և մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ակցիայի մասնակիցները Էրդողանին ֆաշիստ են անվանել և քննադատել Սիրիայի հետ հարաբերությունների սրման համար, գրում է lenta.ru-ն:

Էրդողանի այցի նպատակը Գերմանիայում Թուրքիայի նորակառույց, աշխարհում ամենամեծ դեսպանատան բացման արարողությունն է եղել: Բացի այդ, France-Presse գործակալության փոխանցմամբ, վարչապետն անդրադարձել է Թուրքիայի եվրոինտեգրման հարցին: «Եթե մինչև 2023 թվականը ԵՄ-ն չընդունի Թուրքիայի անդամությունը, Անկարան այլևս կդադարի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: