01.11.2012 15:12

Արմեն Աշոտյանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը

Արմեն Աշոտյանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական աճի պոտենցիալի վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին կառավարությունից հայտնում է iLur.am-ի թղթակիցը: Նախարարը ներկայացրեց տվյալներ ուսումնական հաստատությունների քանակի, ուսուցիչների աշխատավարձի չափի մասին:

«Բուհերից 12-ը համարվում են խոշոր հարկատուներ, հատկապես՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով, և գտնվում են ՀՀ-ի առաջին 100 հարկ վճարողների ցանկում: Եթե 2011 թվականի 1-ին կիսամյակում հիշյալ բուհերի կողմից պարտադիր սոց. ապահովագրության գծով վճարվել է 1709,0 մլն դրամ, 2012 թվականի 1-ին կիսամյակում վճարվել է 1965,4 մլն դրամ: Աճը կազմում է 15,0%»,- նշեց Աշոտյանը:

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե «սա շատ օգտակար վարժություն էր և՛ Արմեն Աշոտյանի, և՛ ՊԵԿ-ի համար»:

«Մենք հետաքրքիր քննարկում ունեցանք նախարարական կոմիտեում, մի շարք խնդիրներ արձանագրեցինք: Մենք պետք է գտնենք այն բանաձևը, թե ինչպես պետք է համագործակցենք, որ ըստ ճյուղերի՝ բացահայտենք առկա պոտենցիալը, և ահագին մեզ համար օգտակար բաներ քաղեցինք այդ քննարկումից»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր, որպեսզի կառավարության հաջորդ նիստին հրապարակվեն նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական աճի պոտենցիալի վերաբերյալ: Առաջինն իրենց նախարարությունների հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեին կրթության և գիտության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: