14.04.2014 12:17

Գագիկ Ջհանգիրյան. Նոր Սահմանադրության ընդունումը կարելի է վստահել միայն ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող իշխանությանը

Գագիկ Ջհանգիրյան. Նոր Սահմանադրության ընդունումը կարելի է վստահել միայն ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող իշխանությանը

Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ զրուցեցինք Սահմանադրական բարեփոխումների, կառավարման խորհրդարանական  համակարգին  անցում կատարելու և երկրում ձևավորված ներքաղաքական իրավիճակի մասին:

Արդյո՞ք նպատակահարմար համարում եք  ներկայումս   Սահմանադրական  փոփոխությունների  իրականացումը:

Սահմանադրությունը, ինչպես և ցանկացած օրենք, դոգմա չէ, հետևաբար՝ այն ևս ենթակա է  լրամշակման ու փոփոխության: Սահմանադրությունը, սակայն, երկրի մայր,  հիմնական օրենքն է, որից բխում և որին պետք է համապատասխանեն մնացած բոլոր իրավական ակտերը: Այստեղից էլ  կարևորվում է  Սահմանադրության կայունության ապահովումը հարաբերական երկար ժամանակահատվածի համար: Ուստի, Սահմանադրություններն ընդունվում կամ նրանցում  փոփոխություններ ու լրացումներ կատարվում են,  որպես կանոն, կա՛մ հանրաքվեների միջոցով,  կա՛մ էլ, եթե ընդունում են պառլամենտները, ապա` ձայների որակյալ մեծամասնությամբ: Միտումնավոր  նախատեսված այս  բարդություններն ու արգելքները ոչ միայն ապահովում են  իրավական փաստաթղթի  բարձրագույն ուժն ու հատուկ նշանակությունը,    այլև  նպատակ ունեն կանխել նեղ, քաղաքական շահերով ու նպատակահարմարություններով պայմանավորված՝  Սահմանադրությունների հաճախակի վերանայումների գայթակղությունը:

Ցավոք, Հայաստանում այս տեսակետից վատ  ավանդույթ  է ձևավորվում: Յուրաքանչյուր նախագահ իր պաշտոնավարման  երկրորդ ժամկետում նոր խմբագրությամբ  Սահմանադրություն է  ընդունում: Եթե վերջին այս  նախաձեռնությունը չխափանվի, ապա  անկախության տարիների  համար  կունենանք երեք Սահմանադրություն:

Սահմանադրության  բարեփոխումների հայեցակարգում նշված  պատճառաբանությունները  արդյո՞ք բավարար հիմք են  կառավարման խորհրդարանական  համակարգին  անցում կատարելու համար:

Նախ՝ պետք է ասել, որ «հայեցակարգում» խորհրդարանական մոդելը ներկայացված է որպես  գործողի՝ կիսանախագահականի այլընտրանք, և ո՛չ որպես հիմնական  մոդել: Երկրորդ, կառավարման որևէ համակարգ (պառլամենտական, նախագահական, խառը և այլն) լավ ու վատ չի լինում: Հակառակ  դեպքում` բոլոր երկրները վաղուց հրաժարված կլինեին վատ մոդելներից և կընտրեին  լավը կամ լավերը: Հարցը, ուստի, իմ կարծիքով, հետևյալն է. խորհրդարանական կառավարման համակարգը որքանո՞վ է համապատասխանում  մեր  պայմաններին, և այն շահեկա՞ն է արդյոք Հայաստանի համար: Իմ կարծիքով,  խորհրդարանական կառավարման  համակարգը առավել ընդունելի է կայացած քաղաքական համակարգ ու ժողովրդավարական ավանդույթներ  ունեցող հասարակությունների համար, ինչը մեզ մոտ իսպառ բացակայում է, և երկրորդ, չպետք է մոռանալ, որ մեր հարևանի հետ փաստացի պատերազմի մեջ ենք, ուստի, այդ պատճառով ևս Հայաստանին  անհրաժեշտ է ուժեղ  նախագահական իշխանություն:

Որքանով տեղյակ եմ, մինչև վերջերս Հանրապետական կուսակցությունը ևս այս տեսակետին էր:

Այդ դեպքում՝  ո՞րն է Սերժ Սարգսյանի շահագրգռվածությունը, եթե նա շեշտել է նախագահի և վարչապետի պաշտոններին  չհավակնելու մասին:

Նախ չպետք է մոռանալ, որ խորհրդարանական կառավարման  համակարգին կողմ են  արտահայտվել և այդ ծրագրով են մասնակցել նախորդ պառլամենտական ընտրություններին թե՛ ՀՅԴ-ն և թե՛ ԲՀԿ-ն: Այստեղից կարելի էր եզրակացնել, որ քաղաքական այս ուժերի համար դժվար  պետք է լիներ դեմ արտահայտվել պառլամենտական համակարգ նախատեսող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և նոր սահմանադրություն ունենալու գաղափարին, ուստի վերջիններս պետք է որ Հանրապետականի  հետ  ներգրավվեին նախագծի  նախապատրաստմանն  ու հանրաքվեի անցկացման  աշխատանքներին: Արդյունքում`  նոր քաղաքական կոալիցիան կարելի էր արդեն ձևավորված  համարել: Հընթացս կլուծվեր նաև  «հրաշալի քառյակի» խնդիրը՝ մեկ կրակոցով երկու նապաստակ :

Երկրորդ, խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ առաջնային մանդատ ունենում է միայն  պառլամենտը, մեր դեպքում՝ Ազգային Ժողովը, որն էլ ընտրում է թե՛ նախագահին, թե՛ ձևավորում է կառավարությունը: Ուստի՝ ԱԺ նախագահի պաշտոնը, ըստ էության, դառնում է երկրի թիվ մեկ պաշտոնը, եթե պառլամենտում որևէ  քաղաքական ուժ  միանձնյա մեծամասնություն է ունենում:

Հայեցակարգի առաջքաշման համար կարելի՞ է  ասել, որ գերակշիռ դեր է խաղացել  երկրում ձևավորված ներքաղաքական իրավիճակը:

Ողջ հայեցակարգի համար դժվարանում եմ  պնդել  Ձեր ենթադրությունը, որովհետև ես մանրամասն ծանոթացել եմ այդ  փաստաթղթին, այն անդրադարձել է մոտ մեկ տասնյակ  սահմանադրական ինստիտուտների ու խնդիրների, և կառավարման մոդելի հարցը դրանցից միայն մեկն է, բայց քաղաքական տարողունակության ու կարևորության տեսանկյունից ներկա իրավիճակի համար, ինչպես արդեն նշեցի, գուցե ամենակարևորը:

Ո՞րը պետք է լինի քաղաքական ուժերի և հասարակության դիրքորոշումը: Ի՞նչ պետք է անել:

Կարծեմ՝  շատ  քաղաքական ուժեր իրենց դիրքորոշումը հայտնել են: Դուք տեղյակ եք նաև Հայ ազգային կոնգրեսի տեսակետին: Որպես իրավաբան, իմ կարծիքով՝ ցանկացած  Սահմանադրություն, նույնիսկ ամենակատարյալը, միշտ բարելավման կարիք ու տեղ ունի: Խնդիրը բարեփոխումների ճշգրիտ ժամանակի ընտրությունն է:

Այսօր երկրի առաջ  ծառացած  մարտահրավերները՝ աննախադեպ արտագաղթ, աղքատության բարձր մակարդակ, մենաշնորհային տնտեսություն, արդարադատության ու արդարության իսպառ  բացակայություն, համատարած կոռուպցիա, անպատժելիության մթնոլորտ, կարևորում են ոչ թե նոր սահմանադրության  ընդունումը, այլ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող իշխանության ձևավորումը: Նոր Սահմանադրության ընդունումը կարելի է վստահել միայն նման իշխանությանը: Իսկ թե մենք ինչ պետք է անենք, Ձեր կայքին տված հարցազրույցում հրաշալի ձևակերպել է Հայաստանի հիմնադիր  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Զրուցեց Մարիամ Մուրադյանը