14.04.2014 12:58

Թիմը ճաք է տվել.Ս.Սարգսյանի աննախադեպ խոստովանությունը. Տեսանյութ

Այն, որ իշխանական թիմը վաղուց ճաք էր տվել, եւ այդ ճաքը գնալով խորանում էր, գիտեին գրեթե բոլորը, եւ այդ մասին խոսում էին շատերը: Սակայն երեկ տեղի ունեցավ աննախադեպ մի բան: Այդ մասին հրապարակավ խոստովանեց անձամբ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ գրասենյակում ունեցած իր ելույթում, երբ խոսում էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին:

Ահավասիկ. «Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը արդեն բացահայտ խոստովանում է, որ իր թիմակիցների մոտ՝ ներթիմային միասնականության հետ կապված հարցեր են առաջացել: Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ նրանք թերահավատ են այլ քաղաքական ուժերի հետ հարաբերությունների վերաբերյալ: Սարգսյանը խոստովանում է, որ թիմի ներսում թերահավատություն կա հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների մասով: Ասել է թե՝ ՀՀԿ-ականները եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը Սարգսյանի հետ բացահայտ խոսել են այն մասին, որ թիմում միասնականություն չկա: Եթե միասնականություն չկա, նշանակում է՝ կա պառակտում: Միասնականության հականիշը պառակտումն է: Ուժեղ, իրավիճակը վերահսկող «նախագահի» թիմում պառակտում լինել չի կարող: Որովհետեւ եթե նա վերահսկում է իրավիճակը, ապա այս դեպքում էլ նա կվերահսկի իրավիճակը: Եթե կա պառակտում, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը այլեւս/կամ արդեն վաղուց չի վերահսկում իրավիճակը: Ընդ որում, հաշվի առնելով այդ բացահայտ խոստովանությունը անձամբ Սերժ Սարգսյանի շուրթերից, արդեն կարելի է կռահել, թե այդ պառակտումն ինչպիսի ահռելի չափերի է հասել: Փոքրիկ, աննշան պառակտումների պարագայում Սարգսյանը հրապարակավ նման խոստովանություն չէր անի: Ընդհանրապես, խոստովանություն չէր անի: Եթե խոստովանում է, ուրեմն «կաղ բադիկի» թիմում բանը բանից անցել է: Սա, արդեն պոստֆակտում խոստովանություն է:

Հ.Գ. Իսկ ընդհանրապես, եթե ուշադիր հետեւենք Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին, եւ եթե դրանք համադրենք, ապա կարմիր թելով անցնող մեսիջը ակնհայտ կդառնա: Դրանք արդեն հեռանալ պատրաստվող քաղաքական գործչի մեսիջներ են: Մեղմ ասած՝ հեռանալ պատրաստվող: Չի բացառվում նաեւ, որ արդեն հեռացած: Չի բացառվում, որ այս դեպքում էլ կարող ենք ունենալ Տիգրան Սարգսյանի հրաժարականի բեմադրության կրկնությունը: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարող է շուտով նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնել եւ հայտարարել, թե այդ դիմումն ինքը գրել էր շաբաթներ կամ ամիսներ առաջ, պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ որոշել էր մի փոքր ավելի ուշ հանրությանը ներկայացնել այդ դիմումը: Ամեն դեպքում, այսպես թե այնպես, պետք է այս պահից սկսած փաստենք՝ մի ուրվական է շրջում Բաղրամյան 26-ում եւ ՀՀԿ գրասենյակում. Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրվականն է:

Պարգեւ Ապրեսյան