14.04.2014 13:09

iLur Բլոգ. Զգուշացե՛ք ձեր երազանքներից, դրանք երբեմն իրականանում են

iLur Բլոգ. Զգուշացե՛ք ձեր երազանքներից, դրանք երբեմն իրականանում են

Սեդա Մեսրոպյան

Անցյալ հինգշաբթի, երբ ՀՀԿ-ի ժողովն ավարտվեց առանց նոր վարչապետի թեկանածության բարձրաձայնման, և հայտարարվեց, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, լրագրողներից մեկը հարցրել էր, թե դա մի՞թե Սահմանադրության խախտում չէ, որովհետև երկրի գլխավոր օրենքը հստակ սահմանում է, որ նոր վարչապետ նշանակվում է նախորդի հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում: Ինչին ի պատասխան՝ Շարմազանովն ասել էր, թե ապրիլի 14-ին  նախորդում են ոչ աշխատանքային օրեր: Դե պարզ է, հո ոչ աշխատանքային օրերին էլ չե՞ն աշխատելու հանրապետականները, ավելի հեշտ է խախտել սահմանադրությունը, որտեղ, ի դեպ, չի նշվում, թե նոր վարչապետը նշանակվում է նախորդի հրաժարականից հետո՝ տասնօրյա ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրերի ընթացքում:

Հետո Հանրապետականը որոշեց, այնուամենայնիվ, կիրակի օրը նիստ անել: Գալուստ Գրիգորիչն «Ազատության» հետ զրույցում հատուկ նշեց, որ որոշել են այս անգամ (այս անգամ-ը ես եմ ավելացրել, ինքն էդպես չի ասել) չխախտել սահմանադրությունը և տեղավորվել նշված ժամկետում: Ու տեղավորվեցին:  Սերժ Սարգսյանն &co-ն երկու օր էլ մտածեցին ու ավելի հարմար թեկնածու չգտան, քան…

Հիմա, պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը նույնպես հակասում է Սահմանադրությանը, քանի որ  համաձայն ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածի՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում,  կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Պիտի չհամաձայնե՛մ.մեր վարչապետի աշխատանքը շատ լավ տեղավորվում է «գիտական, մանկավարժական և ստեղծագործական» բնութագրումների մեջ: Ո՞վ կասի, որ նախկին վարչապետի գործունեությունը գիտական չէր (մարդը տնտեսագիտության թեկնածու է, չէ՞), կամ՝ մանկավարժական (հիշենք թեկուզ կով կթելու վերաբերյալ նրա բարձրարժեք դասընթացները): Դե, իսկ ստեղծագործականը՝ մեկից մեկ էր՝ Հայկական աշխա՜րհ, միջազգային ֆինանսական կենտրո՜ն, զբոսաշրջային կենտրո՜ն, նոր Վասյուկի՜, հայ կնի՜կ… Ասե՛ք, որ սա ստեղծագործական մտքի թռիչք չէ…

Չեմ կասկածում, թե Հովիկ Աբրահամյանի մտքի թռիչքի բարձրությունը պակաս կլինի: Ի վերջո, եթե պետության երկրորդ բարձր պաշտոնն զբաղեցնող մարդն ամբողջ կյանքում, ինչպես պնդում են լավատեղյակները, երազում էր զբաղեցնել պետության՝ թվով երրորդ բարձր պաշտոնը, ապա խոստովանենք, որ դա մտքի ճախրանքի փայլուն ապացույց է:
Մնում է միայն Հովիկ Աբրահամյանին հիշեցնել հայտնի ասույթը. «Զգուշացեք ձեր երազանքներից, դրանք երբեմն իրականանում են»: