14.04.2014 22:10

Իրանն ուզում է գազ մատակարարել Եվրոպային՝ չմրցակցելով Ռուսաստանի հետ

Իրանն ուզում է գազ մատակարարել Եվրոպային՝ չմրցակցելով Ռուսաստանի հետ

Իրանը մտադիր է մեծացնել իր դերակատարությունը  գազի համաշխարհային շուկայում, սակայն չի ուզում մրցակցության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այս մասին գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմատզադեն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:  

«Իրանն այսօր բնական գազի ամենամեծ պաշարներն ունի աշխարհում: Մենք աշխատում ենք գազամուղի շինարարության լայնածավալ մի ծրագրի վրա, որի շնորհիվ «կապույտ վառելիքը» ԻԻՀ հարավից կտեղափոխվի հյուսիս-արևմուտք՝ Թուրքիայի սահմաններ: Այնտեղից արդեն մենք կարող ենք էներգակիրը հասցնել Եվրոպայի երկրներ»,- ասել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Թեհրանն արդեն պայմանագրեր էր կնքել շվեյցարական և իսպանական ձեռնարկությունների, ինչպես նաև  անգլո-հոլանդական Shell նավթագազային ընկերության հետ, սակայն դրանք իրականացնել չհաջողվեց միջազգային պատժամիջոցների պատճառով:

«Մենք չենք ուզում մրցակցել Ռուսաստանի հետ,- նշել է Նեմատզադեն:- Սակայն մենք գիտենք, որ եվրոպացիների պահանջարկը գազի հարցում ավելի ու ավելի է աճում, և ուզում ենք ստանալ շուկայի մեր բաժինը: ԻԻՀ-ն կարող է դառնալ Եվրոպայի հուսալի և երկարաժամկետ գործընկերը: Մենք էներգակիրներ և համագործակցության ծրագրեր ունենք»:

Իրանը գազի արդյունահանման հարցում աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Ապացուցված պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում է 33,6 տրիլիոն քառակուսի մետր, ինչն այդ երկիրը դուրս է բերում աշխարհում առաջին հորիզոնական: Փոխանցում է Trend-ը: