15.04.2014 12:58

Զոյա Թադեւոսյան. Հեռացնենք թալանչիներին իշխանությունից

Զոյա Թադեւոսյան. Հեռացնենք թալանչիներին իշխանությունից

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը

-Տիկին Թադեւոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ինչո՞ւ իշխանությունները գնացին այդ քայլին:

-Այդ կապակցությամբ եղել են բազմաթիվ գնահատականներ (ես նույնպես կիսում եմ այդ գնահատականները), որոնցում հատկապես շեշտադրվում է քառյակի միասնական գործողությունների ճնշման ազդեցությունը, ինչը գործող իշխանությունների միակ ճիշտ որոշումն էր հետագա իրադարձությունների ուղեծիրը փոխելու, մասնավորապես՝ ապրիլի 28-30 ը հայտարարված շուրջօրյա հանրահավաքներից խուսափելու համար:

-Սերժ Սարգսյանը, սակայն, ԿԲ-ում պնդում էր, թե իրենք որեւէ ուժի ճնշման տակ չեն գնացել այդ քայլին: Այնինչ՝ ընդդիմությունը հակառակն է պնդում:

-Ընդդիմությունը ֆիքսում է իրականությունը, իսկ Սերժ Սարգսյանը երեսպաշտությունն է համարում քաղաքական իրավիճակի գնահատման՝ իր կողմից ընդունելի ուղին:

-Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նոր կառավարությունից ակնկալում է, որ ժողովրդի վստահությունը կվայելի, ու տնտեսական աճ կապահովվի: Սա ի՞նչ էր նշանակում, արդյո՞ք սա Տիգրան Սարգսյանի կառավարության գնահատականն էր, երբ հասկացնում է՝ նախորդը լավը չէր:

-Սերժ Սարգսյանը պարզապես մոռանում է, որ ամենամեծ անվստահություն կա իր հանդեպ, հետևաբար՝ իր կողմից կատարված ցանկացած քայլի, այդ թվում՝ նոր կառավարություն ձևավորելու հանդեպ: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունը իրենից պետք չէ անջատել, ցանկացած գնահատական, առաջին հերթին, վերաբերում է իրեն: Չմոռանանք ձկան նեխած գլխի փիլիսոփայության մասին: Իսկ ակնկալելը ցանկացած անձի իրավունքն է, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի: Բայց, ա՛յ, հայ ժողովուրդը որևէ դրական առաջընթաց ակնկալո՞ւմ է նոր ձևավորվելիք կառավարությունից՝ դա է հարցերի հարցը: Մեզ, խոշոր հաշվով, Ս. Սարգսյանի ակնկալիքները պարզապես չեն հետաքրքրում: Իսկ այն, որ նրա հովանու ներքո ամենաօպտիմալ, ամենաարդյունավետ, ամենաինտելեկտուալ (չնայած վերջինիս առումով ՀՀԿ բացարձակապես ռեսուրս չունի, այլապես բուլկիներով, նորաթուխ և ինքնարժևորող «քաղաքական գործիչներով», նորօրյա ժուլիկներով խորհրդարանն ու կառավարությունը չէր լցնի) կառավարությունն անգամ ենթակա է ձախողման` քննարկման հարց էլ չէ: Աքսիոմա է: Չգիտակցել այս ակնհայտ ճշմարտությունը՝ կնշանակի շարունակել խաբել հայ ժողովրդին և փոշիացնել այն թանկագին ժամանակը, որն անհրաժեշտ է արագընթաց բարեփոխումների համար: 

-Իսկ ինչպե՞ս հասկանանք Հովիկ Աբրահամյանին վարչապետ  նշանակելու փաստը.  սա ի՞նչ կփոխի:

-Անկեղծ ասած՝ համոզված էի, որ լինելով հանրապետության երկրորդ  պաշտոնյան` Հովիկ Աբրահամյանը չի համաձայնի ղեկավարել մի կառույց, որը հիմնովին քարուքանդ է եղել, վերածվել է ավերակի` ինԾիլիգենտ, հիմա արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մեծագույն ջանքերով: Ես զարմանում եմ այդ մարդուն ինտելեկտուալ, ինԾիլիգենտ անվանողների վրա: Այդ որակները կրողը ինչպե՞ս կարող է գողանալ, հափշտակել սրբություն սրբոց պետական ունեցվածքը, թալանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդունել տարբեր ազգակործան որոշումներ և ստել: Նա քրեական հանցագործ է և պետք է պատժվի իր գործած բոլոր հանցանքների համար: Եթե յուրաքանչյուր թալանչի-ավազակի իր ավարը ներվի, դա կդառնա «Սահմանադրական» նորմ, և այլևս հնարավոր չի լինի պայքարել ամենածար հանցանքի` գանձագողության դեմ: 

-Հիմա Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է: Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել:

-Զարգացումներ արդեն կան, իսկ դրանց շարունակականության մոդելը նախանշվել է  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում. խորհրդարանում նոր վարչապետի ծրագրի մերժում, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

-Ստեղծված քաղաքական նոր իրավիճակում, Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու հրաշալի քառյակի օրակարգը:

-Քաղաքական օրակարգի մասին արդեն ասացի, իսկ բարոյական օրակարգը պետք է լինի ժողովրդին հուսախաբ չանելը, տարբեր գայթակղություններից զերծ մնալը: Փառասիրությունն ու նյութապաշտությունը չպետք է հաղթեն մնայուն արժեքներին, իսկ մնայունը Հայրենիքն է:

-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք «քառյակը» կհասնի իշխանափոխության:

-Կասկած անգամ չունեմ, իհա՛րկե կհասնի: Չեմ ուզում քառյակին առանձնացնել քաղաքացիական նախաձեռնություններից, շարժումներից: Բոլորս միասին, նրանք, ովքեր մերժում են ոխակալությունն ու ատելությունը, նվնվալն ու բամբասելը, հոռետեսությունն ու ամեն մի արժեքավորի, առաջադիմականի հանդեպ «սև թուղթ» գրելը, նրանք ովքեր առաջնորդվում են առողջ բանականությամբ և տրամաբանությամբ:

-Կխնդրեի անդրադառնայիք նաեւ սոցիալ-տնտեսական մի քանի ցուցանիշի. նվազել են օտարերկրյա ներդրումները` 35.3 տոկոսով, ընդ որում՝ այս ցուցանիշը գերազանցել է անգամ ճգնաժամի ժամանակ եղած անկումը: Ինչպե՞ք եք մեկնաբանում սա:

-Հայաստանի տնտեսությունը, մեծ հաշվով, երբեք օտարերկրյա ներդրողների համար գայթակղիչ չի եղել: Ինչո՞ւ: Քանի որ ներդրումային մթնոլորտի գրավչության ամենակարևոր  բաղադրիչը քաղաքական կայունությունն է: Մեզանում քաղաքական կայունության իրավիճակ որևէ մեկս չենք հիշում: Առավել ևս, որ 1990-ական թթ. վերջերից մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը գլխավորապես ֆիսկալային է: Իշխանությունների գերխնդիրն է ամեն կերպ և ցանկացած միջոցներով հնարավորինս մեծացնել բյուջետային մուտքերը: Եթե օտարերկրյա ներդրումներ եղել են, ապա միայն արագ հատույցի ոլորտներում` հանքարդյունաբերություն, հեռահաղորդակցություն, բանկային համակարգ, ապահովագրություն: Հանքարդյունաբերության ոլորտի ներդրողները մեր երկիրը թալանում են անխնա ռեժիմով, ընդ որում՝ շատ եմ կասկածում, որ այդ ներդրողները օտարերկրացիներն են: Կարծում եմ, որ օֆշորացավով մեր իշխանավորները շատ վաղուց են տառապում: Այն օտարերկրացիները, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ անել, դեմ են առնում սաշիկական փայ մտնելու տնտեսական քաղաքականության պատին: Պարզ է, որ իրեն հարգող և ինքնավստահ ներդրողը դա չի հանդուրժի: Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները երբեմն ընկնում են թակարդը, ամիսներ անց կորցնում իրենց ունեցվածքը, գլխիկոր հեռանում երկրից: Օրինակները բազմաթիվ են: Սա մեր տնտեսության ելակետային վիճակի նկարագիրն է, մնացած ձախողումները բխում են այս իրավիճակից:

-Իսկ այն, որ նվազել են նաեւ արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, նվազել է արտաքին առեւտրաշրջանառությունը` ե՛ւ ներկրման, ե՛ւ արտահանման ծավալները: Սա սպասելի՞ էր, թե՞ ոչ:

-Ուրեմն, մեկ անգամ ևս ասեմ, որ աշխատուժը պետության համար երբեք կրիտիկական զանգված չէ, այն տնտեսական ռեսուրս է, տնտեսական ներուժ, իսկ մարդկային կապիտալը` անփոխարինելի հարստություն, որն ունակ է ստեղծելու բարձրարժեք ապրանքներ: Եթե օրեցօր ուժգնացող արտագաղթը մեր երկրի կառավարիչներին չի անհանգստացնում, ապա ինչի՞ հաշվին պետք է վերը նշված տնտեսական ցուցանիշները աճի տեմպեր արձանագրեին: Երկիրը լքում է գլխավոր արտադրողական ուժը, ՀՆԱ ստեղծողն ու սպառողը: Սահմանափակ տնտեսական ռեսուրսներ տնօրինող երկրի համար դա չարդարացված շռայլություն է: Այո՛, սպասելի էր:

-Արդյո՞ք այս անկումը հնարավոր էր կանխել, թե՞, այնուամենայնիվ, արտաքին գործոններն են խանգարում:

-Իհարկե հնարավոր է, հատկապես որ այդ անկումը պայմանավորված է մարդկային գործոնով: Մեր երկրի տնտեսական, և ոչ միայն, գահավիժումը  տոտալ թալանի հետևանք է, իսկ արտաքին գործոնների ազդեցությունն աննշան է: Խնդիրը լուծվում է մեկ քայլով. հեռացնենք թալանչիներին իշխանությունից:

Արման Գալոյան