15.04.2014 18:16

Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյան է, Սերժից ավելի Սերժ Սարգսյան

Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյան է, Սերժից ավելի Սերժ Սարգսյան

Երազում եմ ոստիկանապետ դառնալ,

որ ինձ նշանակեմ ԳԱՅԻ պետ

Սովետական անեկդոտ

ԱԺ նախագահից` վարչապետ, իսկ ավելի կոնկրետ` երկրի երկրորդ դեմքից երրորդ դեմք դառնալու անհասկանալի, բայցեւ` աննկարագրելի ուրախությունը շարունակում է իր դրսեւորումներն ունենալ: Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, ոչ թե տխրել է, որ փաստացի իջեցվել է իր պաշտոնը, այլ դեռ մի բան էլ` ոգեւորվել է: Անխոս, դա Հովիկ Աբրահամյանի գործն է՝ ուրախանա՞լ պաշտոնի իջեցումից, թե՞ տխրել: Ամեն դեպքում, նրա հետ տեղի ունեցածը հին սովետական հայտնի անեկդոտն է հիշեցնում. «Դառնամ ոստիկանապետ, որ ինքս ինձ ԳԱՅԻ պետ նշանակեմ»: Հիմա Հովիկ Աբրահամյանի հետ փաստացի նույն բանն է տեղի ունեցել, բայց նա արդեն ոչ միայն ուրախանում ու շնորհավորանքներ է ընդունում, այլեւ արդեն իսկ լծվել է Սերժ Սարգսյանին այդ նշանակման համար «Սերժից ավելի Սերժ» ոճով ծառայություն մատուցելով շնորհակալություն հայտնելուն: Ոգեւորության առաջին դրսեւորում-շնորհակալությունը չուշացավ: Հովիկ Աբրահամյանը արձագանքեց վարչապետի պաշտոնում իր նշանակվելու հետ կապված Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը: «Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են: Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալտնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետևելը»:

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը այս քայլով ցույց է տալիս, որ ինքը Սերժ Սարգսյանից ավելի «կաթոլիկ» է այս հանցավոր իշխանությունը, քրեաօլիգարխիկ այս համակարգը պահել-պահպանելու հարցում: Առաջին իսկ քայլով Հովիկ Աբրահամյանը դառնում է Սերժ Սարգսյանից է՛լ ավելի Սերժ Սարգսյան:

Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարությանը, ապա այնտեղ ամեն ինչ հստակ ասված է. ով տառերը ճանաչում է` կկարդա, ով քիչ թե շատ տրամաբանություն ունի՝ կհասկանա: Մյուսների եւ Հովիկ Աբրահամյանի համար էլ մի գաղտնիք բացահայտենք:

Գաղտնիքն այն է, որ ինչպես Տիգրան Սարգսյանի պարագայում, այնպես էլ՝ այս հայտարարության պարագայում քաղաքական խնդիրը ոչ թե Տիգրան Սարգսյանի կամ Աբրահամյանի անձն է, Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը ոչ թե այն պատճառով էր, որ որպես անձ Տիգրան Սարգսյանը վատ մարդ է, եւ նույն պահանջն` ուղղված Սերժ Սարգսյանին ոչ թե այն պատճառով է, որ Սերժ Սարգսյանն է վատ մարդ, այլ որովհետեւ Տիգրան Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վարում են այնպիսի քաղաքականություն, որով ոչ միայն վնասում են, այլեւ արդեն վտանգում են Հայաստանի պետականությունը: Ու եթե այժմ Հովիկ Աբրահամյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ իր կարծիքով` «վատ» Տիգրան Սարգսյանին փոխարինեց իրենով, ապա պետք է հասկանա, որ ինքն էլ այժմ նույն Տիգրան Սարգսյանի կարգավիճակում է: Եթե Հովիկ Աբրահամյանի համար քաղաքականությունը հենց անձերի հետ կապված հարաբերություններով ու պատկերացումներով է դրսեւորվում, ապա նրա համար հասկանալի լեզվով արձանագրենք՝ Հովիկ Աբրահամյանն էլ է Տիգրան Սարգսյան: Կամ՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյան է: Ասել է թե՝ իշխանական հանցավոր համակարգի մի մասնիկ, մի «պտուտակ» (винтик), որն իր գործողություններով ընդամենը փորձում է ամրապնդել այդ հանցավոր ռեժիմի գոյությունը:

Պարգեւ Ապրեսյան