01.11.2012 16:53

Արտակ Շաբոյանին մաքսայինի տվյալները չեն հետաքրքրում

Արտակ Շաբոյանին մաքսայինի տվյալները չեն հետաքրքրում

Ամեն օր ցորենի գների մոնիթորինգ ենք իրականացնում և՛ տեղական շուկայում, և՛ միջազգային շուկայում: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության՝ նախօրեին հրապարակած տվյալները:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ հացահատիկի գինը, 2010 թվականի միջին տարեկան գների նկատմամբ՝ աճել է 30,9%-ով, իսկ վերջին մեկ ամսում՝ հոկտեմբերին, հացահատիկի գինը սեպտեմբերի համեմատ աճել է 5,7%-ով:

Արտակ Շաբոյանն այսօր համոզմունք հայտնեց, որ այդ գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին, քանի որ միջազգային շուկայում անընդհատ տեղի է ունենում ցորենի գների բարձրացում: Լրագրողների այն դիտարկմանը, թե մաքսային ծառայության տվյալներով՝ վերջին եռամսյակում ներմուծված ցորենի գինը համարյա չի բարձրացել, Շաբոյանն այսպես արձագանքեց.

«Մաքսայինի տվյալները ես չեմ ուզում քննարկենք, մենք քննարկենք միայն մեր ուսումնասիրության արդյունքները: Մենք մեր առանձին ուսումնասիրությունն ենք իրականացնում: Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում: Ոչ բարենպաստ կլիմայական պայմանների հետ կապված՝ ցորենի բերքի ծավալները քիչ են եղել այս տարի, որն էլ օբյեկտիվորեն ազդել է ցորենի գնի վրա»: