16.04.2014 12:25

Այսօր աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինի ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինի ծննդյան օրն է

1889թ. ապրիլի 16-ին Լոնդոնում ծնվել է աշխարհահռչակ դերասան Չարլի Չապլինը ՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։

Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում՝ Ժնևի լճի ափին, նրա հիշատակին արձան է կանգնեցվել։

Էնշտեյնը Չարլի Չապլինի մասին գրել է. «Ձեր ֆիլմը՝ «Ոսկու տենդը», հասկանում են ողջ աշխարհում, և դուք անպայման կդառնաք հանճարեղ մարդ»: Ինչին Չապլինը պատասխանում է. «Ես հիանում եմ ձեզանով նույնիսկ ավելի շատ: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց և այնպես դուք արդեն դարձել եք հանճարեղ մարդ»: 

Ստորեւ ներկայացնում ենք Չապլինի՝ իր 70-ամյա տարելիցի ժամանակ արտասանած ճառը.

• Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք:

• Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան, և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է հարգանք սեփական անձի նկատմամբ:

• Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքը արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է հասունություն:

•  Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է վստահություն սեփական անձի նկատմամբ:

• Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով դա իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է պարզություն:

• Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է սիրել ինքներդ ձեզ:

 Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է համեստություն:

• Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի համար և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա բավարարվածություն:

• Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է սրտի իմաստություն:

Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա կյանքն է: