01.11.2012 17:02

ԱՄՆ-ի ընտրողների ցուցակում նույնպես «մեռած հոգիների» խնդիր կա

ԱՄՆ-ի ընտրողների ցուցակում նույնպես «մեռած հոգիների» խնդիր կա

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրամասն մոնիթորինգի է ենթարկել ԱՄՆ ընտրական համակարգը և Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախօրեին 164 էջից բաղկացած ծավալուն հետազոտություն ներկայացրել իր կայքում:

Հետազոտության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ներկա պահին Ամերիկայի ընտրողների ցուցակում մոտ երկու միլիոն «մեռած հոգի» կա (մահացած մարդիկ հաշվառվում են որպես կենդանի՝ կեղծումների հնարավորություն ստեղծելով հետաքրքրված խմբերի համար): Բացի այդ, 2012 թվականին յուրաքանչյուր 5-րդ չափահաս ամերիկացի համապատասխան հաշվառում չի անցել, ուստի 24 մլն քվեարկողների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը ամերիկյան ընտրական համակարգի մի շարք այլ թերությունների թվում նշել է նաև «ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող անկախ կենտրոնացված մարմնի բացակայությունը», գրում է mignews.ru լրատվական կայքը: ԱՄՆ-ն իր հերթին բազմիցս քննադատել է ռուսական ընտրական համակարգը՝ նշելով, որ ՌԴ-ն դեմ է գնում ժողովրդավարական սկզբունքներին:

Հիշեցնենք, որ նախկինում Չուրովն էլ չի ընդունել ԱՄՆ-ի կողմից ՌԴ ընտրական համակարգի  առնչությամբ բազմիցս հնչած քննադատությունը՝ վկայակոչելով այն փաստը, թե այդ երկրում (այսինքն՝ ԱՄՆ-ում) ժողովրդավարական ընտրություններ գոյություն չունեն: