01.11.2012 17:48

Տիգրան Սարգսյանի ասած վիրահատական միակ մեթոդը գլուխը հեռացնելն է

Տիգրան Սարգսյանի ասած վիրահատական միակ մեթոդը գլուխը հեռացնելն է

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, որտեղ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: «Հանրապետության նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին- հեղ.) հետ ես զրույց եմ ունեցել՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ։ Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը (նորից նկատի ունի Ս. Սարգսյանին- հեղ.) վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի», - ասել է Սարգսյանը:

Ապա Սարգսյանն ասել է, թե որպեսզի այդ բնագավառում հաջողություն լինի, սկսելու են համագործակցել քաղաքացիական հասարակության հետ, եւ նաեւ եւս մեկ ուշագրավ հանգամանք. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում»։ Ապա Սարգսյանը խնդրել է նաեւ հենց վաղը ապահովել ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլ նաեւ` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունը այդ խորհրդակցությանը:

Փաստորեն, իշխանությունների կողմից մեկ ամիս առաջ սկսված թատրոնն ընդլայնվում է: Հեռուստաթատրոնի ֆորմատը, փաստորեն, ցանկանում են փոխարինել սովորական թատրոնով, ցանկանում են ընդլայնել դերասանական կազմը, հետն էլ` որպես հանդիսատես հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Ընդ որում՝ սա նշանակում է, որ իշխանություններն էլ են հասկացել, որ նախորդ հեռուստաներկայացումները` բացառապես իշխանական տրուպայի մասնակցությամբ, հաջողություն չեն ունեցել: Հեռուստադիտողները հասկացել են, որ ընդամենը հեռուստաներկայացումների շարք են նայում, ուշադիր զննել են առանձին դերասանների խաղը եւ Ստանիսլավսկու ոճով` մի բաժակ թեյի կամ սուրճի  արանքից նետել են. «Չենք հավատում»: Դե բնական է, իշխանական դերասանական կազմը նոր չէ, շատ ներկայացումներ է խաղացել, այնքան շատ, որ մի քանի րոպեն անգամ բավարար է մարդկանց, որպեսզի տարբերեն կեղծ խաղը բնական խաղից: Տարիներ շարունակ երկրորդական պլանի դերեր խաղացած, հետո առաջին պլանի դերերում ոչ մի բանով աչքի չընկած դերասանը երբ ազդարարում է այն մասին, որ հաջորդ ներկայացման մեջ «Օթելլոյի» դերն է խաղալու, շատ բան տեսած հանդիսականի մոտ միայն քմծիծաղ է առաջանում: Ու որպեսզի դերասանական ողջ կազմի խաղը փոքր-ինչ լեգիտիմացվի, խումբ են հրավիրում նաեւ շրջիկ դերասանների, ինչը մենք տեսանք մի քանի անգամ, երբ Սերժ Սարգսյանը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Բաբուխանյան եւ այլն, կլոր սեղան էր կազմակերպում: Սակայն, խնդիրն այն է, որ հանդիսատեսը այդ  շրջիկ դերասանների խաղն այնքան է տեսել, որ դրանք  հանդիսականի կողմից վաղուց ընկալվում են միայն որպես բարձր տրամադրության ապահովման աղբյուր եւ «մե խինդ, մե ճիճիաղի» առարկա: Դրա համար էլ այսօր իշխանությունների մոտ ցանկություն է առաջացել նաեւ հրավիրել կենդանի հանդիսատեսի` ի դեմս միջազգային կառույցների ներկայացուցիչների, այն հույսով, որ ներկայացման ավարտին եթե առաջինը այդ մարդիկ ծափ տան, ապա Հայաստանի քաղաքացիները կսկսեն ավելի լուրջ վերաբերվել այդ ներկայացումներին, իբր թե` եթե բարձր ճաշակ ունեցող քննադատները հավանել են այս ներկայացումները, ուրեմն, երեւի մենք արվեստից կամ թատրոնից բան չենք հասկանում, հետեւաբար՝ եկեք մենք էլ սկսենք հավանել այս ներկայացումներն ու հավատալ այս դերասանների խաղին:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը հրավիրելու հայտարարությանը, ապա նախ պետք է հասկանալ` ո՞ւմ նկատի ունի Տիգրան Սարգսյանը՝ ընդդիմություն ասելով: Եթե խոսքը իրենց պատկերացրած՝ կառուցողական իմաստով «շինիչ ընդդիմության» մասին է, ապա ակնհայտ է, որ դա կլինի ընդամենը բեմադրված ներկայացման երկրորդ արարը: Իսկ եթե Սարգսյանը նկատի ունի իրական ընդդիմությանը, ապա նշանակում է, որ վերջինս հույս ունի այդ մարդկանց քննարկումների հրավիրելով` լեգիտիմացնել այդ քննարկումները: Բայց դե առաջարկի հեղինակն էլ հո մեզանից լավ է հասկանում, որ ընդդիմությունը երբեք չի ներքաշվի իրենց ներկայացումների եւ այդ ներկայացումները լեգիտիմացնելու գործընթացի մեջ:

Հ.Գ. Ինչ վերաբերում է այն մտքին, թե Սերժ Սարգսյանը իրենից վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, ապա համաձայն ենք, լավ միտք է ասում Սարգսյանը: Ավելին, համաձայն ենք նաեւ Սերժ Սարգսյանի նախորդ մտքին, թե՝ «գլխից է պետք բռնել, մեծերին»: Ավելին, այս հարցում ամենաիրատեսական ճանապարհը հենց գլուխն էլ վիրահատական մեթոդներով հեռացնելն է: Կոռուպցիան, այս իշխանությունների ձեռամբ, այնպիսի մետաստազներ է տվել Հայաստանում, որ այն արմատախիլ անելու միակ տարբերակը «գլուխը» վիրահատական մեթոդներով հեռացնելն է: Իսկ, ինչպես գիտենք, հեռացնելու արժանի մի «գլուխ» կա, եւ այդ «գլուխը» դեռ նստում է Բաղրամյան 26-ում:

 

Պարգեւ Ապրեսյան 

Լուսանկարը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից